«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել «Կոշ» կալանավայրի պետ Լյովա Բաղդասարյանի կալանավորման գործընթացից: Պարզվում է՝ բանտապետին սեպտեմբերի 18-ին կալանավայր ուղարկելու գործընթացի դերակատարը եղել է նախկին կալանավորներից մեկը, որը դուրս գալով բանտից` համագործակցել է ԱԱԾ-ի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԱԾ-ում տեսանյութ կա, որտեղ երեւում է, թե ինչպես է սեպտեմբերի 18-ին մեկը մոտենում Լյովա Բաղդասարյանի` ավտոլվացման կետում գտնվող մեքենային, այն գնելու նպատակով ուսումնասիրում, նստում ու դուրս գալիս: Եւ, ահա, այս մուտք ու ելքից շատ չանցած ԱԱԾ աշխատակիցները շրջափակում են ավտոմեքենան: Լ. Բաղդասարյանի պաշտպան Հրանտ Անանյանը «Ժողովուրդ» օրաթերթին պատմեց, որ նախկին դատապարտյալներից մեկը մեքենան նստելուց հետո այնտեղ գումար է թողել եւ առերեսման ժամանակ էլ պնդել, թե ենթադրում եմ՝ ինքը կարող էր իմանալ, որ ես փող էի դնում մեքենայի մեջ: Պաշտպանն էլ ենթադրում է, որ դատապարտյալները նեղսրտած են եղել «Կոշի» բանտապետից ու սարքել այս պատմությունը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։