ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հերքում է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնանկության մասին լուրը: «Արմենպրես»-ի ճշտող հարցին՝ համապատասխանում է արդյոք իրականությանը, որ վարչապետը միջնորդել է պաշտոնից ազատել Տոնոյանին, Կարապետյանը պատասխանեց. «Հերքում եմ լուրը»:
Լրատվամիջոցները հրապարակել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը, նա անհեթեթություն է համարել մամուլի հրապարակումները ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին պաշտոնից ազատելու մասին: Փաշինյանն այդ մասին խոսել է «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. Ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովից հետո՝ պատասխանելով լրագրողի հարցին:
Մինչ այդ, լրատվամիջոցներն անանուն տեղեկություն էին շրջանառել, որ հոկտեմբերի 9-ին ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրելու Դավիթ Տոնոյանին նախարարի պաշտոնից ազատելու մասին: Ըստ այդ հրապարակման, իբր, Նիկոլ Փաշինյանն արդեն միջնորդագիրը ներկայացրել է նախագահին:
Նախագահական նստավայրից «Արմենպրես»-ին տեղեկացրել էին, որ որևէ միջնորդագիր չեն ստացել:
Տոնոյանը ևս լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էր տեղեկությունը՝ նշելով, որ աշխատանքի մեջ է ու լուրը չի համապատասխանում իրականությանը: