Երեկ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում արտահերթ նիստ էր հրավիրված, որը շատ թեժ էր ու բախումներով լի: Բանն այն է, որ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը որոշել էր արտահերթ նիստ հրավիրել. օրակարգում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդման եւ նրանց շուրջ ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտի հրահրման հարցն էր:
Նախ Կարապետյանը հայտարարեց, որ նման հարցը պետք էր վաղուց քննարկել ու նման օրակարգով նիստ հրավիրել, ինչի համար ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը վրդովվեց` հայտարարելով, թե գրեթե բոլոր նիստերի օրակարգի հեղինակն ինքն է, ու մինչեւ այժմ որեւէ մեկը որեւէ նախաձեռնությամբ հանդես չի եկել:
Մարիա Կարապետյանը հանդես եկավ հայտարարությամբ` կոչ անելով մյուս պատգամավորներին միանալ դրան: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն էլ հայտարարեց, որ սկսվել է անհանդուրժողականության մթնոլորտ Բաց հասարակության հիմնադրամի հանդեպ` նշելով, որ ամռանը, երբ մի խումբ ուսուցիչներ տարբեր մարզեր են մեկնել տարբեր համայնքի երեխաներին կրթելու նպատակով, եւ դա եղել է նշված հիմնադրամի աջակցությամբ, ենթարկվել են հարձակման:
Պատգամավորը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մանրամասնեց, որ տարբեր ուսուցիչներ են եղել, ովքեր մարզերում հայոց լեզվի ու մաթեմատիկայի դասեր են տվել երեխաներին: Երբ վերադարձել են Երեւան ու գնացել են Բաց հասարակության հիմնադրամի գրասենյակ իրենց ճանապարհածախսերի համար փոխհատուցում ստանալու, ենթարկվել են հարձակման:
Գ. Աբրահամյանն ասաց, որ ուսուցիչների նկատմամբ հարձակումն անթույլատրելի է, ու, ըստ առկա տեսանյութերի, դա իրականացվել է մի խումբ անձանց կողմից: Նշենք, որ ըստ մեր տեղեկությունների` իմքայլական պատգամավորներին այս հարձակումները սկսել է հուզել այն պահից, երբ այդ ամենը պատահել է հենց գրասենյակի ղեկավարի հետ: Բայց թե որքանով կհաջողի նրանց արդյունքի հասնել, անհասկանալի է, քանի որ դեռեւս այս նախաձեռնությանը մի քանի իմքայլական է միացել: Ի դեպ, երեկ փորձեցինք պարզել նաեւ ՀՀ վարչապետի դիրքորոշումը այս ամենի վերաբերյալ, սակայն մեր հեռախոսազաներին վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը չպատասխանեց:
Սոնա Գրիգորյան