Սկանդալային մրցույթ՝ Իջևանի հիվանդանոցի տնօրենի պաշտոնի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 1-ին Տավուշի մարզպետարանում անցկացվել է Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ: Դրա մասնակիցները երկուսն էին` Իջեւանի ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Մարգարյանը եւ Բերդ քաղաքի նախկին զինվորական հոսպիտալի պետ Էդուարդ Գրիգորյանը: Բերդի զինվորական հոսպիտալը այս տարվա գարնանը միավորվել է Բերդի ԲԿ-ի հետ:

Վազգեն Մարգարյանը 2013-2015 թվականներին եղել է Իջեւանի ԲԿ-ի տնօրենը, նրան 2019թ. ապրիլի 22-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նշանակել է Իջեւանի ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Վազգեն Մարգարյանը հոկտեմբերի 1-ի մրցույթը բոյկոտել է, քննական սենյակից դուրս է եկել մրցույթը սկսվելուց րոպեներ անց, գրավոր փուլի ժամանակ նա հայտնաբերել է, որ թեստում ընդգրկված առաջադրանքների ճնշող մեծամասնությունը դուրս է այն հարցերի շրջանակից, որոնք, համաձայն կարգի, նախապես տրամադրվել են իրեն` որպես թեկնածուի, մրցույթին պատրաստվելու համար: Այսինքն` թեստում ներառված հարցերը, ըստ Մարգարյանի, պետք է ընտրված լինեին բացառապես տվյալ հարցաշարից:

Վազգեն Մարգարյանը հայտարարել է, որ իրեն եւ իր մրցակցին` Էդուարդ Գրիգորյանին, որը Տավուշի մարզպետ Հ. Չոբանյանի համագյուղացին է, տարբեր թեստեր են բաժանվել, Գրիգորյանի հարցաշարում նախապես ծանոթ հարցեր են եղել, իսկ իր թեստի հարցերը մեծամասամբ իրեն անծանոթ են եղել, որը, ըստ նրա, միտումնավոր է արվել: Մարզպետ Հայկ Չոբանյանը այդ մեղադրանքները հերյուրանք է համարում, զրպարտություն եւ մամուլում Վազգեն Մարգարյանի հայտարարութուններով հրապարակումը ուղարկել է մարզային դատախազություն, որպեսզի դատախազը սահմանված կարգով ընթացք տա եւ ուսումնասիրի բարձրաձայնված բոլոր հանգամանքները:

Մարզպետ Հայկ Չոբանյանը հոկտեմբերի 3-ին որոշում է ընդունել Վազգեն Մարգարյանի ներկայացրած բողոքի քննարկման նպատակով ստեղծել հանձնաժողով, որի մեջ ընդգրկվել են ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանը, Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար Աննա Մկրտումյանը, Տավուշի մարզպետարանի քարտուղարության պետի պաշտոնակատար Անի Մելիքսեթյանը, Տավուշի մարզպետարանի իրավաբանանական բաժնի փորձագետ Արթուր Մելիքբեկյանը: Մարզպետը հանձնաժողովին հանձնարարական է տվել կառավարության 2011թ․ հուլիսի 7-ի որոշմամբ սահմանված կարգով եւ ժամկետում քննության առնել Վազգեն Մարգարյանի կողմից հոկտեմբերի 1-ին ներկայացված բողոքը եւ ներկայացնել եզրակացություն:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս