Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարտան Սիրմակեսը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել տարեկան` 2018 թվականի հայտարարագիրը: Խոսքը շվեյցարահայ գործարար «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահի մասին է, որը ներառվել է Շվեյցարիայի ամենահարուստ մարդկանց ցանկում, քանի որ Շվեյցարիայի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 253-րդ հորիզոնականը: Փոխարենը ներկայացված է միայն 2017 թվականինը:
Տեղեկացնենք, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը անցած տարվա հուլիսին վարույթ էր հարուցել մի շարք պաշտոնյաների, այդ թվում` հյուպատոս Սիրմակեսի դեմ հայտարարագիր չներկայացնելու համար: Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հյուպատոսի դրամական միջոցները կազմում են 2017 թվականի վերջին` 5000 եվրո, մոտ 9000 դոլար, ավելի քան 16.1 մլն դրամ, 7 մլն 895 հազար շվեյցարական ֆրանկ:
Հյուպատոսի փոխառությունները տարեվերջին կազմել են ավելի քան 29 մլն շվեյցարական ֆրանկ: Ըստ հայտարարագրի` Սիրմակեսը Հայաստանում գրանցված անշարժ եւ շարժական գույք չունի: Որպես եկամուտ հյուպատոսը հայտարարագրել է 4 աշխատանքի վայրից ստացած աշխատավարձը, որը ընդհանուր կազմել է 3.3 մլն դրամ, 460 հազար շվեյցարական ֆրանկ:
Բացի այս, նա 537 հազար շվեյցարական ֆրանկի չափով փոխառություն է ստացել: Ըստ Forbes-ի` նրա կարողությունը գնահատվում է 225 մլն շվեյցարական ֆրանկ: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների` Սիրմակեսը «Արցախբանկի» 39.1 տոկոսի եւ «Արմսվիսբանկի» 80 տոկոսի բաժնետերն է: Նրա պաշտոնական հայտարարագրում իրական ունեցվածքի եւ դրամական միջոցների մասին տվյալներ, ըստ էության, չկան:
Սյունէ Համբարձումյան