Ինչ է սպասվում արտոնյալ նախարարներին. ծառայողական ավտոմեքենաների վրա փոփոխություն կարվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում նախարարների մեծ մասի ծառայողական մեքենաները կահավորված են կապույտ կամ կապույտ եւ կարմիր առկայծող փարոսիկներով, ինչը, ըստ «Վարորդի ընկեր» ՀԿ-ի, օրինական չէ:

Պարզվում է, որ այսօր կան գերատեսչությունների ղեկավարներ, որոնք շարունակում են երթեւեկել լուսային ազդանշանով կահավորված մեքենաներով: Մինչդեռ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժե» կետի համաձայն՝ կառավարությունը սահմանել է, որ կապույտ կամ կապույտ եւ կարմիր առկայծող փարոսիկներով կարող են կահավորվել հետեւյալ ստորաբաժանումները՝ ՀՀ ոստիկանությունը, ԱԱԾ-ի օպերատիվ-ծառայողական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումները, ՀՀ ոստիկանության, ԱԱԾ-ի, Քննչական կոմիտեի եւ Արդարադատության նախարարության՝ դատապարտյալների տեղափոխման նպատակով օգտագործվող գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցները, ՊՆ-ի ռազմական ոստիկանության գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցները, Շտապ օգնության, ԱԻՆ-ի եւ ՊՊԾ-ի տրանսպորտային միջոցները:

Նշենք, որ լուսային ազդանշաններով կահավորված ծառայողական մեքենաները հիմնականում «ժառանգություն» են մնացել նախկին իշխանություններից: Իսկ ներկաներն էլ, կարծես թե, չեն շտապում դրանք հանել մեքենայի վրայից:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս խնդրի շուրջ «Վարորդի ընկեր» ՀԿ-ն դիմել է ՀՀ վարչապետին: «Վարորդի ընկեր»-ը տեւական ժամանակ է` պարզաբանում է խնդրում, թե որ օրենքով են առաջնորդվել պատկան այն մարմինները, որոնք նախարարների ծառայողական ավտոմեքենաներին տրամադրել են կապույտ եւ կարմիր առկայծող փարոսիկներ: «Եթե օրենքը մեկն է եւ այն հավասար է բոլորի համար, ապա ինչպես հասկանալ սա:

Եթե կան արտոնյալներ, որոնց համար արվում են բացառություններ, ապա կրկին կցանկանայինք հասկանալ՝ ինչու եւ ինչ հիմքով: Նշենք, որ եթե անգամ ներկայիս նախարարներին ծառայողական ավտոմեքենան տրամադրվել է արդեն նման կահավորմամբ, ապա նրանք պարտավոր են շարժվել ՀՀ օրենքներով եւ այն հեռացնել»,- փոխանցեցին «Վարորդի ընկեր»-ից` հույս հայտնելով, որ վարչապետի խիստ հանձնարարականից հետո դրանք կհեռացվեն մեքենաների վրայից:

«Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, ներկայացրեց. «Ըստ քաղաքացիների` փոխվարչապետերի տրամադրության տակ եղած ծառայողական մեքենաներն ունեն նման լուսային ազդանշաններ: Ես ինքս չեմ տեսել, բայց քաղաքացիները այդ մասին բարձրաձայնել են, միացված ժամանակ տեսել են:

Կարծում եմ` այլ նախարարները եւս անմասն չեն մնացել, որովհետեւ նախկինից մնացած մեքենաներ են: Նախկինում նման վարվելակերպն ընդունելի է եղել: Հումորով ասած` նույնիսկ թաղապետերն ունեին նման կահավորումով մեքենաներ, իհարկե հումարով, բայց դե դա էլ չի բացառվում: Նաեւ միգուցե լինեն նախարարներ, որոնք տեղյակ չլինեն, որ իրենց մեքենաների վրա կան տեղադրված նման լուսային ազդանշաններ: Բայց դա անզեն աչքով նկատելի է»:

Մասնագետից հետաքրքրվեցինք` արդյոք նման կահավորումով մեքենայի վարորդը երթեւեկության մեջ առավելություն ունի: Մեր հարցին ի պատասխան` Ղահրամանյանը պարզաբանեց. «Օրենքը հստակ սահմանում է, որ եթե ցանկություն ունես առավելություն ստանալ, պետք է լուսային եւ ձայնային ազդանշանները կիրառես:

Այսինքն միայն լուսային ազդանշանը կիրառելը ինքն իրենով այսպես մեծ առավելություն չէ: Ինչպես նաեւ եթե խախտում են իրականացնում, ապա դա պետք է հիմնավորված լինի: Ուղղակի այդպես դրած ոչ մի առավելություն չունի, ընդհուպ ոչ մի ծառայողական ավտոմեքենա որեւիցե առավելություն չունի: Առավելություն ստանում են, ինչպես նշված է օրենքում, երբ դա կիրառվում է ու հստակ կիրառման կարգը նշված է օրենքում: Հիմա թե իրենք ինչու են պահում դրանք իրենց մեքենաների վրա, կամ արդյոք իրենք օրենքով կարող են առավելություն ստանալ երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ: Բնականաբար, օրենքը նման բան թույլ չի տալիս: Այս մեքենան կարող է առավելություն ստանալ, եթե ունենա ուղեկցում ճանապարհային ոստիկանության կամ ՊՊԾ-ի կողմից, որոնք համալրված լինեն լուսաձայնային կահավորումով»:

Սերգեյ Ղահրամանյանը զրույցի ընթացքում հիշեց, որ նախկինում բոլորն ունեին, այսպես կոչված, «դռիկ» ազդանշանները. անգամ ուժային կառույցների ղեկավարների անձնական մեքենաների վրա են եղել դրանք տեղադրված: Բայց, մասնագետի խոսքով, դա օրենքի խախտում է: Ապա տեսակետ հայտնեց, որ հիմա էլ կա, եւ ընդգծեց, որ դրա վերահսկման հետ կապված խնդիր կա, բացթողում:

«Ավտոմեքենաների շուկաներում նման լուսային կամ ձայնային ազդանշանների վաճառքն ազատ է: Ստացվում է, որ մենք չենք արգելում այն ապրանքների վաճառքը, որոնք չպետք է ազատ օգտագործվեն: Եթե պետք է սահմանափակ քանակությամբ մեքենաներ կիրառեն նման հարմարանքներ, ապա կարելի է այդ քանակությամբ ներկրել եւ տրամադրել պետական մարմիններին տենդերի միջոցով»,- նկատեց Ղահրամանյանը:

Պարզվում է` լինում են դեպքեր, երբ ճանապարհային տեսուչը կարող է տեսնել նման կահավորումով մեքենա եւ միաժամանակ աչք փակել նրա կատարած խախտմանը: «Օրինակ` Հանրապետության հրապարակում մշտապես կան ոստիկանական կարգախմբեր, որտեղով գոնե մի քանի նախարարությունների ծառայողական մեքենաները անցնում են… գուցե կաշկանդվածություն կա ղեկավարության նկատմամբ։ Էլ չեմ խոսում այն մասին, որ ծառայողական ավտոմեքենաներն անձնական օգտագործման համար են կիրառվում, նույնիսկ ծառայողական հագուստով ավտոմեքենայի մեջ ծխախոտով ամրագոտին չկապած են վարում»,- նկատեց մեր զրուցակիցը։

Սյունէ Համբարձումյան




Լրահոս