Ասում են, թե երեխաներս տարբեր հայրերից են, ծիծաղում եմ. Գոհար Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2010» տիտղոսակիր գեղեցկուհի Գոհար Հարությունյանն է: Նա անդրադարձել է բնավորության գծերին, տարօրինակություններին, թուլություններին, որոնցից մարդիկ օգտվում են: Գոհարը խոսել է նաեւ իր անվան շուրջ պտտվող ամենազվարճալի բամբասանքի մասին եւ պարզաբանել այն: Գեղեցկուհին խոստովանել է՝ չի հավատում, որ հինգ երեխայի մայր է եւ ինքն իրենից չէր սպասում նման կարգավիճակ:

-Գոհա՛ր, ի՞նչը կարող է մատնել Ձեր տրամադրության մասին:

-Փոքրուց կարմրող եմ եղել, բայց դա ամոթի նշան է: Իսկ տրամադրությանս մասին խոսում է իմ ամբողջ դեմքը. երբեք չեմ կարողանում թաքցնել այն, թե ինչ է կատարվում ներսումս: Զգացողություններս անմիջապես արտացոլվում են դեմքիս:

-Ձեր ամենամեծ տարօրինակությունը ո՞րն եք համարում:

-Շատ քնկոտ եմ եւ, ի դեպ, երազներս իրականանում են: Դա շատ սարսափելի է: Օրինակ՝ եթե երազումս կոշիկ եմ տեսնում, անպայման ընտանիքում մեկը հիվանդանում է: Այսինքն՝ կան նշաններ, որոնք ինձ արդեն հուշում են մոտալուտ իրադարձությունների մասին: Դա, երեւի, մի քիչ տարօրինակ է:

-Թուլություն, որից օգտվում են կողքինները:

-Չափազանց անկեղծ եմ, եւ դրանից ոմանք, ցավոք, օգտվում են: Ոչ մի պատնեշ չկա շփման մեջ: Շատերն են ինձ զգուշացնում, որ այդպես կարող եմ վնասել ինձ:

-Զայրացած պահերին փորձում եք…

-Մեկուսանալ: Օրինակ՝ գնում եմ կինո կամ թատրոն, աշխատում եմ տանից դուրս գալ: Դա իրավիճակը հաղթահարելու լավագույն ձեւն է:

-Ձեզ միշտ օտար եք զգացել լեզուների՞, թվերի՞, թե՞ քիմիական տարրերի աշխարհում:

-Քիմիական տարրերի եւ լեզուների աշխարհում, իսկ մաթեմատիկայով, օրինակ, հետաքրքրվել եմ. այն հարազատ է ինձ:

-Մտերիմ ընկերը նա է, ումից պարտքով փող կվերցնե՞ք, թե՞ ում տեղ կտաք ոտքերի տակ ցուրտ օրերին:

-Երկուսն էլ: Թեպետ պարտքով փող վերցնել չեմ սիրում, բայց պարտքով փող կտամ:

-Երբ ասում են Հայաստան, առաջինը պատկերացնում եք…

-Մեր ժողովրդին, հայ մարդուն:

-Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը:

-Ասում են, թե երեխաներս տարբեր հայրերից են (ծիծաղում է): Վերջերս է ականջիս հասել այդ ասեկոսեն, որն, իսկապես, ծիծաղելի էր:

-Եթե բիզնես հիմնելու հնարավորություն լիներ, ո՞ր ոլորտում կդրսեւորվեիք:

-Բարդ հարց է, իրականում արդեն մի քանի տարի է՝ մտածում եմ այդ հարցի շուրջ: Հիմա կցանկանայի գեղեցկության դպրոց հիմնել, որտեղ աղջիկներին կպատրաստեն մեծ կյանքին: Դա կարող է լինել մոտիվացնող կյանքի դպրոց: Ես զգում եմ դրա անհրաժեշտությունը: Հայ աղջիկները պետք է նպատակներ դնեն իրենց առաջ, կայանան, ֆինանսապես անկախ լինեն:

-Մասնագիտություն, որ Ձերը ոչ մի գնով չէր դառնա:

-Երգչուհի չէի կարող լինել:

-Հե՞շտ եք դիմում օգնության:

-Ոչ, պետք է դանակը ոսկորին հասնի, որ օգնություն խնդրեմ: Բայց եթե պետք է, ամեն ինչ կանեմ, որպեսզի գործս առաջ գնա:

-Լավատե՞ս եք, հոռետե՞ս, թե՞ իրատես:

-Ավելի շատ իրատես, մի քիչ էլ հոռետես:

-Նպատակն արդարացնում է բոլոր միջոցնե՞րը, կա՞ մի բան, որ, այնուամենայնիվ, չի արդարացնում:

-Ոչ բոլոր. կան բարոյական արժեքներ, որոնք երբեւէ չեմ շրջանցի: Ամեն ինչի կարելի է հասնել մաքուր ճանապարհով՝ աշխատասիրության եւ համառության շնորհիվ:

-Մեքենայի սիրելի մակնիշը:

-Մեքենա, իհարկե, վաղուցվանից եմ վարում, բայց մակնիշամանիա չունեմ:

-Ձեր հմայքի գաղտնիքը:

-Կարծում եմ՝ բնական լինելը:

-Կինը սեքսուալ է, երբ…

-Սիրում է եւ սիրված է:

-Վախենում եք…

-Հիվանդություններից:

-Եվ վերջին հարցը՝ ինքներդ էլ Ձեզնից չէիք սպասի, բայց…

-Հինգ երեխա ունեցա (ծիծաղում է): Մինչեւ հիմա չեմ հավատում, ասում եմ՝ տեսնես ովքեր են այս երեխաները:

Աննա Բաբաջանյան




Լրահոս