Վարչապետը և Ալեքսիս Օհանյանը քննարկել են Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է WCIT 2019 մասնակից, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանին:

Վարչապետը ողջունել է Ալեքսիս Օհանյանին Հայաստանում, Հայաստանի կառավարությունում և կարևորել նրա մասնակցությունը ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին: «Մենք հպարտանում ենք աշխարհի տարբեր երկրներում հաջող գործունեությամբ աչքի ընկնող մեր հայրենակիցների ձեռքբերումներով, ովքեր միջազգային ասպարեզում ճանաչելի են դարձնում մեր հայրենիքը: Ուրախ եմ հյուրընկալել Ձեզ այստեղ և քննարկել համատեղ ծրագրերի, Հայաստանի զարգացման փոխշահավետ նախագծերի հնարավորությունները», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ալեքսիս Օհանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին գնահատականների համար՝ նշելով, որ ուրախ է նորից այցելել Հայաստան, որտեղ անցկացվում է համաշխարհային մասշտաբի այսպիսի կարևոր տեխնոլոգիական միջոցառում: «Հայաստանը մարդկային տաղանդի մեծ ներուժ ունի, զարգանալու և բարգավաճելու բազմաթիվ հնարավորություններ և մաս կազմելու համաշխարհային տեխնոլոգիական առաջընթացի»,- իր խոսքում ասել է Ալեքսիս Օհանյանը:

ՀՀ վարչապետը և ամերիկահայ գործարարը քննարկել են Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի ընթացքին, ՏՏ ոլորտում համագործակցությանը, այդ բնագավառում երիտասարդների և կանանց ներգրավվածության խթանմանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը ՏՏ ոլորտը հռչակել է գերակայություն՝ նպատակադրելով Հայաստանը դարձնել տեխնոլոգիական երկիր: Այս համատեքստում կառավարության ղեկավարը ներկայացրել է ընթացիկ ծրագրերը մեր երկրում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ:




Լրահոս