Դատարանն ամբողջությամբ բավարարել է Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի քաղաքացիական հայցն ընդդեմ մշակույթի նախարարի նախկին պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի:
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 24-ից ընթանում էր Կոնստանտին Օրբելյանի հայցն ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գործով նիստը: Օրբելյանը պահանջում էր Ղարիբյանի՝ 2019 թվականի մարտի 3-ի «Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու հրաման»-ն անվավեր ճանաչել, իրեն աշխատանքի վերականգնել եւ հարկադիր պարապուրդի գումարը վճարել (Նազենի Ղարիբյանի հրամանով՝ Կոնստանտին Օրբելյանը մարտի 29-ին ազատվել էր թատրոնի տնօրենի պաշտոնից): Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց դատարանում Կոնստանտին Օրբելյանի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Մարտիրոսյանի հետ:
-Պարո՛ն Մարտիրոսյան, Նազենի Ղարիբյանը, անդրադառնալով դատարանի վճռին, նշել է, որ գուցե դեր է խաղացել այն, որ Օրբելյանը հարուստ մարդ է, կամ գուցե նախարարությունն է ցանկացել, որ նա մնա եւ աշխատի: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
-Դա անհիմն հայտարարություն է, նման բան չկա: Բացի այդ՝ Ղարիբյանի ասածը մենք որակում ենք որպես անհարգալից վերաբերմունք թե՛ Օրբելյանի, թե՛ դատական իշխանության նկատմամբ: Այդկերպ չի կարելի արտահայտվել, հատկապես որ տիկին Ղարիբյանը եղել է բարձրաստիճան պաշտոնյա, նա նաեւ մտավորական է, ու իրեն չպետք է թույլ տա հրապարակայնորեն նման արտահայտություններ անել: Չէ՞ որ այս նոր կառավարությունն է պնդում, որ դատական համակարգում կոռուպցիա չկա: Տիկին Ղարիբյանն էլ, ինչ որ ժամանակ լինելով այդ կառավարության կազմում, պետք է նույն սկզբունքներով առաջնորդվի: Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե նախարարությունն ուզեցել է, որ Օրբելյանը մնա եւ աշխատի, ապա պետք է նկատենք, որ դատական ողջ ընթացքը հակառակն է ցույց տվել: Նախարարությունն ակտիվ կերպով ներկայացրել է իր առարկությունները եւ նման ակնարկ անգամ չի արել:
– Ն․ Ղարիբյանը Կոնստանտին Օրբելյանին ազատել էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից՝ հետեւյալ հանգամանքներից ելնելով. առաջինը կառավարության որոշումն էր, որն այդ պահին դեռ ուժի մեջ չէր եղել, երբ մաեստրոն տնօրեն էր նշանակվել, երկրորդը ՊՈԱԿ-ի մասին օրենքն էր, համաձայն որի՝ արգելվում է երկու եւ ավելի պաշտոնների համատեղումը, իսկ երրորդը Կոնստանտին Օրբելյանի` հայերենի չիմացությունն էր: Ըստ Ղարիբյանի՝ այս փաստարկներից առնվազն երկրորդը ուներ «բետոնային ամրություն»:
-Բայց դատարանը փշրեց «բետոնային ամրության» փաստարկները: Դա միայն իր տեսակետն է, թե տվյալ փաստարկները հիմնավոր են: Դատարանի վճիռը հիմնավորված է, առկա է ծավալուն փաստաթուղթ: Տիկին Ղարիբյանը դատական գործընթացին չի մասնակցել, եւ չեմ կարծում, թե խորությամբ ծանոթ է վճռին, դրա բովանդակությանը: Ձեր նշած երեք կետերն առանձին-առանձին քննության առարկա են դարձել, երեքի մասով էլ առկա են մի քանի հակափաստարկներ եւ հիմնավորումներ:
Հավելենք, որ սկսած ապրիլի 1-ից` պետք է հաշվարկվի Օրբելյանի պարապուրդի գումարը մինչեւ նրա փաստացի վերականգնման օրը եւ վճարվի նրան: Նախարարությանը եւ թատրոնին պարտավորեցվել է վճարել նաեւ դատական ծախսերը, փաստաբանի վճարը. խելամիտ վարձատրության գումարն է 470000 դրամ, նաեւ նախարարությունը եւ օպերային թատրոնը պետք է վճարեն պետական տուրքի գումարը, որը կազմում է պարապուրդի գումարի 2 %-ը:
Հ.Գ. Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ Նազենի Ղարիբյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:
Աննա Բաբաջանյան