«Իմ խաչը». նոր ֆիլմ՝ Արցախյան պատերազմի մասին՝ հիմնված իրական դեպքերի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շավարշ Վարդանյանի «Իմ խաչը» նոր գեղարվեստական ֆիլմը հոկտեմբերի 4-ից ցուցադրվում է հայաստանյան մեծ էկրաններին: Շուտով ֆիլմը կմասնակցի նաեւ միջազգային կինոփառատոնների: Վավերագրող Շավարշ Վարդանյանը, որը Արցախյան պատերազմի մասնակից է, որոշել է ներկայացնել 1991-1992 թվականներին ազատագրական պայքար մղած անձանց պատմությունները:

Ֆիլմում նկարահանվել են Շանթ Հովհաննիսյանը, Սարգիս Գրիգորյանը, Արմեն Մարգարյանը, Հովակ Գալոյանը, Ալեքսանդր Խաչատրյանը եւ այլք:

«Խոսքը յուրաքանչյուրիս խաչի մասին է, որը կրում ենք հանուն հայրենիքի, խաղաղության եւ ազատության: Ֆիլմում մարմնավորում եմ Նարինե Գրիգորյանի՝ վրիժառու դարձած արցախցի հերոսուհու ամուսնուն: Նա ֆիդայի տղա է, կռվող տղա, հայրենիքի պաշտպան, իր օրինակով ցույց է տալիս՝ ինչպես է պետք է վերաբերվել հողին, ազգին: Իմ հերոսը զոհվում է՝ հանուն հայրենիքի ապագայի»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Սարգիս Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ առհասարակ մեծ ուրախություն է այն, որ հայկական շուկան նոր արտադրանք է տալիս: «Նման ֆինանսական դժվարին պայմաններում դա հերոսություն է: Իսկ այս ֆիլմն առանձնանում է իր պրոֆեսիոնալ մոտեցումներով, իսկապես մեծ գումարներ են ծախսվել: Այպես ասած՝ կինոյից կինոյի հոտ է գալիս: Կան նաեւ դաժան տեսարաններ, օրինակ՝ երեխայի սպանություն, բայց դա արդեն ձեռագրի հարց է»,-նկատեց Սարգիսը:

Թե որն է ֆիլմի ամենահուզիչ տեսարանը, դերասանը պատասխանեց. «Արմեն Մարգարյանի մասնակցությամբ տեսարանը: Նա խաղում է օպերատոր, ընկերները բոլորը մահացել են, ասում է՝ գիշերները երազումս ինձ հյուր են գալիս, հարցնում են՝ մեր նկարները երբ ես տալու…»:

Հավելենք, որ ֆիլմը նկարահանված է իրական դեպքերի հիման վրա: Գլխավոր հերոսներն են ֆրանսիացի բժիշկ Ժակը եւ արցախցի Սոնան:

Նրանց ճանապարհները խաչվում են: Ֆրանսիացին ապրելու իմաստը տեսնում է Սոնայի մեջ: Սոնայի համար կյանքի նպատակ է վրեժխնդիր լինել անդառնալի կորստի համար, իսկ Ժակի համար՝ փրկել Սոնայի վիրավոր մարմինն ու հոգին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս