Հոկտեմբերի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրության առարկա են դարձել որպես գումար տրամադրող ներկայացող առանձին սուբյեկտների կողմից, քաղաքացիներին մոլորության մեջ գցելով, առերեւույթ հանցավոր սխեմաներով վերջիններիս համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով գործարք կատարելուն ուղղորդելու, դրա միջոցով քաղաքացիներից անհիմն գումարներ գանձելու մի քանի դեպքերի առնչվող նյութեր:
Մասնավորապես, 2019թ. մարտ-մայիս ամիսների ընթացքում չորս քաղաքացիներ ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ կամ ԱԱԾ առանձին-առանձին հաղորդում են տվել այն մասին, որ «Երեւան» տոնավաճառում գործող «Գեւորգ Վահրամի Մկրտչյան» ԱՁ-ի հետ կատարել են տարբեր դրամական չափերով գործարքներ, որի արդյունքում ստացել են նախատեսված գումարի մի փոքր մասը, իսկ մնացած մասն այդպես էլ չեն ստացել:
Արդյունքում, վաշխառություն հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Նկատենք, որ բանը հասել է այնտեղ, որ նույնիսկ ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայությունում բաժնի պետի անվան տակ են մարդկանցից խարդախությամբ գումարներ շորթում:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մովսես Ջանբազյանը տեղեկացել է, որ Սահակ Հարությունյանը ցանկանում է բնակարան ձեռք բերել: Արդյունքում, վերջինիս ներկայացել է, որ, իբր, զբաղեցնում է ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայության բաժնի պետի պաշտոնը եւ կարող է օգնել նրան:
Ուստի վարչապետի վերահսկողական ծառայությունում բաժնի պետ ներկայացած Ջանբազյանը Երեւան քաղաքի Սիլիկյան թաղամասին կից տարածքի կառուցվող տներից մեկը ձեռք բերելու համար փաստաթղթեր ձեւակերպելու խոստումով 2018 թվականի դեկտեմբեր ամսից մինչեւ 2019 թվականի ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքի տարբեր հատվածներում խաբեությամբ Սահակ Հարությունյանից մաս-մաս ստացել է խոշոր չափերի` ընդհանուր 540.000 ՀՀ դրամ գումար, սակայն որեւէ գործողություն չի կատարել` խարդախությամբ հափշտակելով նշված գումարը:
Բացի այդ, Մովսես Ջանբազյանը Սահակ Հարությունյանին մեկայլ ծուղակ էլ է գցել: Մասնավորապես, նրան կրկին ներկայանալով որպես ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայության բաժնի պետ` հայտնել է, թե, իբր, ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը 2010-2013թթ. արտադրության «TOYOTA COROLA» ավտոմեքենաներ են հանել աճուրդի ու ընդամենը 650.000 ՀՀ դրամով կարող են ձեռք բերել այդ ավտոմեքենաներից: Արդյունքում Սահակ Հարությունյանը,կրկին հավատալով Ջանբազյանին, մեքենայի աճուրդի մասին տեղյակ է պահել իր ընկերոջը` Արա Սարգսյանին:
Արա Սարգսյանն էլ նշված մակնիշի երկու ավտոմեքենա ձեռք բերելու համար 2019 թվականի ապրիլի 30-ին Մովսես Ջանբազյանին «E-dram» համակարգի միջոցով փոխանցել է 250.000 ՀՀ դրամ գումար, որը վերջինս խարդախությամբ հափշտակել է:
Քնար Մանուկյան