ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու են բարձրացվում բնակարանների գները. բարձիթողի վիճակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների քանակը մեկ ամսվա ընթացքում պակասել է: Ասել է թե` Հայաստանում մեծ թվով վաճառքի բնակարաններ, տներ կան, իսկ գնորդներ` ոչ:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա օգոստոսին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 15 հազար 507 գործարք, մինչդեռ նույն տարվա հուլիսին գործարքների քանակը կազմել է 16 հազար 73: Այսինքն` մեկ ամսվա ընթացքում դրանց քանակը պակասել է 566-ով: Համաձայնեք, որ մեկ ամսվա համար պակասը զգալի է: Բայց, մյուս կողմից,եթե այս տվյալները համեմատենք անցած տարվա օգոստոսի հետ, ապա կնկատենք, որ 2018-ի օգոստոսին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել 13 հազար 858 գործարք:

Իսկ Երեւանում բնակարանների գները բարձրանում են ու բարձրանում: Թանկացումը զգալի է ոչ միայն մեկ ամսվա ընթացքում, այլ մեկ տարվա համեմատ: Օրինակ, Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարանի մեկ քառակուսի մետրի գինը օգոստոսին արժեցել է 612 հազար դրամ կամ ավելի քան 1200 դոլար,բայց հուլիս ամսին մայրաքաղաքի կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 605 հազար դրամով: Համաձայնեք, որ խիստ կասկածելի ու անգամ ուշադրության արժանի է, որ մեկ ամսում բնակարանի մեկ քմ-ի գինը 7000 դրամով բարձրացել է: Ցավոք, անշարժ գույքի շուկայում բնակարնների գները որեւէ կառույցի կողմից չեն վերահսկվում:

Ավելին, պարզվում է` բնակարանային շուկայում հիմնական գին թելադրողը ոչ թե տան, բնակարանի կամ հողակտորի սեփականատեր- վաճառողն է, այլ միջնորդները,այլ կերպ ասած` բրոքերները, որոնք«տնօրինում են»մարդկանց գույքը եւ որոշում` որի համար ինչ գին առաջարկեն կամ ում համար որքան էժանացնեն:

Այս պատճառով այսօր անշարժ գույքի շուկայում լճացում է, բնակարանների գները արհեստականորեն յուրաքանչյուր ամիս բարձրացնում են: Ընդ որում, ոչ միայն գներն են բարձրացել, այլ գործարքների քանակն է պակասել է, գնորդներ չկան ու չկան:

Եւ որպեսզի ավելի նկատելի լինի բնակարանների թանկացումը, մի քանի օրինակներ բերենք: Այսպես, այս տարվա հուլիսին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 305 հազար դրամ, իսկ մեկ ամիս անց` օգոստոսին` 309 հազար 500 դրամ:

Իսկ, ահա, անցած տարվա օգոստոսին նշված վարչական շրջանում բնակարանների մեկ քմ-ն կազմել է 279 հազար 200 դրամ: Այսինքն` մեկ տարվա ընթացքում թանկացումը կազմել է 30 հազար 300 դրամ: Նույն պատկերն է նաեւ Արաբկիր վարչական շրջանում, որտեղ այս տարվա հուլիսին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 412 հազար դրամով, օգոստոսին` 416 հազար 500 դրամով, իսկ, ահա, նախորդ տարվա օգոստոսին 374 հազար 600 դրամով: Համաձայնեք, որ անշարժ գույքի շուկայում ոչ միայն ցանկալի է, այլեւ անհրաժեշտ է վերահսկողություն իրականացնել,թե չէ ում խելքին ինչ գին փչում է, դա էլ առաջարկում է:

Եւ շուկայում մի քանի խաղացողների շնորհիվ է, որ բնակարանների գներն արհեստական ձեւով բարձրանում են: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բազմաթիվ քաղաքացիներ անկեղծացել են` պատմելով, որ բրոքերները գնորդներին հեռախոսով բարձր գին են առաջարկում, իսկ երբ տեսնում են, այն զգալի իջեցնում են: Օրինակ, գնորդներից մեկի խոսքով` իրենից բնականաբար քաղաքի բանուկ թաղամասում 98 քմ բնակարանի համար պահանջել են վճարել 140 հազար դոլար, բայց կարճ բանակցելուց հետո հայտարարել են, որ կարող են վաճառել 110 հազար դոլարով:

Արձանագրենք, որ թանկացում արձանագրվել է Երեւանի բոլոր վարչական շրջաններում, այդ թվում եւ Նուբարաշենում,քանի որ Նուբարաշենում նախկինում բնակարանների գները դանդաղ տեմպով էին բարձրանում: Այս վարչական շրջանում դրանք սկսել են թանկանալ նախորդ տարվա թավշյա հեղափոխությունից հետո: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս դեպքում բնակարանի մեկ քմ-ի գինն օգոստոսին կազմել է 178 հազար դրամ, հուլիսին` 176 հազար դրամ, նախորդ տարվա օգոստոսին` 167 հազար 50 դրամ:
Հենց նախորդ տարվա թավշյա հեղափոխությունից հետո անշարժ գույքի շուկան սկսեց ակտիվանալ: Եւ հիմնականում բրոքերները գները բարձրացրեցին եւ աջ ու ձախ սկսեցին հայտարարել, թե շուտով Սփյուռքից մարդիկ են գալու ու բնակարաններ, տներ են գնելու: Բայց ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա օգոստոսին օտարերկրյա քաղաքացիների կողմից իրականացվել է անշարժ գույքի 232 գնման, իսկ վաճառքի` 385 գործարք:

Հայաստանի մարզերի մի մասում եւս բնակարանների գները բարձրացել են, բայց ոչ թռիչքային, ինչպես Երեւանում,իսկ մի մասում էլ գները պահպանել են նախորդ ամսվա մակարդակը: Օրինակ, Հայաստանի հոգեւոր քաղաք համարվող Էջմիածնում բնակարանի մեկ քմ-ն այս տարվա հուլիսին արժեցել է 140 հազար 100 դրամ, իսկ օգոստոսին այն արդեն վաճառվել է 142 հազար դրամով: Գեղարքունիքի մարզի Սեւանում ե՛ւ հուլիսին, ե՛ւ օգոստոսին բնակարանների մեկ քմ-ն վաճառվել է 84 հազար դրամով: Նույն մարզի Վարդենիս քաղաքում, հակառակը, բնակարանի մեկ քմ-ն 2000 դրամով էժանացել է` 57 հազար դրամից դառնալով 55 հազար դրամ:

Հայաստանի հայրաքաղաք Գյումրիում բնակարանները մեկ ամսվա ընթացքում թանկացել են 500 դրամով` 93 հազար 500 դրամից դառնալով 94 000 դրամ: Որքան էլ զարմանալի է, զբոսաշրջային քաղաք Ծաղկաձորում անշարժ գույքի գներն էժանացել են 100 դրամով: Այստեղ անշարժ գույքի մեկ քմ-ն օգոստոսին վաճառվել է 279 հազար դրամով, իսկ հուլիսին` 280 հազար դրամով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս