ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ է Արցախի ընտրություններում իշխանությունների համակրելի թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեւական ժամանակ է, ինչ բուռն քննարկվում է Արցախում 2020 թվականին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների մասնակիցների հարցը: Մասնակիցները դեռեւս չեն շտապում հայտարարել իրենց թեկնածուների անունները: Նախօրեին իր մասնակցության մասին հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հայաստանյան իշխանությունները իրենց թեկնածուն նախագահական ընտրություններում համարում են Մ. Մայիլյանին` չնայած այն հանգամանքին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթներում ակնարկում էր, որ իրենց համակրելի թեկնածուն ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հայաստանյան իշխանությունները վաղուց են պլանավորել, որ ունենալու են իրենց թեկնածուն Արցախում, որի մասին, իհարկե, չեն հայտարարելու պաշտոնապես, քանի որ դա կնշանակի, որ իրենք միջամտում են Արցախի անկախությանն ու պետական գործերին, բայց ներքին կարգով սատարելու են իրենց համար հարազատ թեկնածուին:

Իսկ ինչ վերաբերում է Մասիս Մայլիյանին, ապա վերջինս հայտարարել է. «Քանի որ արդեն իսկ առկա նախադրյալները երաշխավորում են 2020 թվականի ընտրությունների հաջող անցկացումը եւ վստահություն են ներշնչում Արցախի զարգացման ամենատարբեր ծրագրերի արդյունավետ իրականացման գործում, ես որոշել եմ առաջադրել իմ թեկնածությունը: Եկել է համազգային օրակարգի, ինչպես նաեւ Արցախում արմատական բարեփոխումների ծրագրերի քննարկման եւ ընդունման նպատակով հանրության առողջ ուժերի լայն համախմբմանն ուղղված ակտիվ ու վճռական քայլերի ժամանակը: Բարեփոխումների արդյունքում մենք համատեղ ուժերով կապահովենք մեր երկրի անվտանգ, բարեկեցիկ, հուսալի, արդար, քաղաքակիրթ եւ ժողովրդավարական ապագան, մի խոսքով` կկերտենք մեր Նոր Արցախը»:

Իսկ Մ. Մայիլյանն ըստ ամենայնի Հայաստանի իշխանությունների մի հատվածի ֆավորիտն է դարձել, որովհետեւ նա եւ իշխող թիմի շատ պատգամավորներ ու նույնիսկ քաղհասարակությունից այսօր ՔՊ վարչություն եկած թեւը նույն` Սորոսի հիմնադրամից սնվող կազմակերպություններից մեկում են եղել: Ու հավանաբար դա է պատճառը, որ իշխանությունների համար Մայիլյանը սիրելի ու ընդունելի թեկնածու է Արցախի նախագահի ընտրություններում: Նրա կենսագրությունում էլ ի դեպ նշվում է , որ աշխատել է «Սիվիլիթաս» հիմնադրամում:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցերի շուրջ զրուցել Մասիս Մայիլյանի հետ, որը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս