Թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունների մասին հնչող ամենամեծ քննադատությունն ուղղված էր արտաքին ոլորտում նրանց քաղաքականությանը, մասնավորապես այն կոնտեքստում, թե վտանգի տակ են դրված շատ հարաբերություններ, եւ արվում են անհեռատես քայլեր, այդ թվում` հայ-ռուսական հարաբերություններում: Սակայն հիմա քննադատության ալիքը նվազել է, եւ ուսումնասիրելով 2018 թվականի ապրիլյան դեպքերից հետո վարվող քաղաքականությունը` կարող ենք նաեւ տեսանելի արդյունքներ արձանագրել, եւ, որքան էլ զարմանալի է, դա ակնառու է հատկապես հայ-ամերիկյան հարաբերություններում:
Սակայն հետաքրքիր է, որ այս օրերին հայ պաշտոնյաների ակտիվ այցեր են նկատվում ԱՄՆ: Մասնավորապես, այս օրերին այնտեղ են գտնվում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, սակայն առանձին այցերով եւ առանձին հանդիպումներով, այլ ոչ թե միասին: Ընդ որում, Միրզոյանն ու Ավինյանն այցելելու են նաեւ Բոսթոն:
Առհասարակ, վերջին մեկ տարվա ընթացքում եղել են ավելի շատ փոխայցելություններ, քան վերջին տարիների ընթացքում: Հայ-ամերիկյան հարաբերություններում շրջադարձային պասիվություն եղավ 2016 թվականից հետո, եւ դա ուներ իր տրամաբանական բացատրությունը, քանի որ Դոնալդ Թրամփի` ԱՄՆ նախագահ դառնալուց հետո փոխվեց երկրի քաղաքականությունը` հատկապես արտաքին քաղաքականության առումով, եւ Թրամփը սահմանեց այլ առաջնահերթություններ, եւ հայ-ամերիկյան հարաբերությունների առումով շատ հարցեր մղվեցին հետին պլան: Եվ դա է վկայում նաեւ փոխայցերի, շփումների ժամանակացույցը: Եվ 2016 թվականից հետո` մինչեւ Հայաստանում թավշյա հեղափոխությունը, հարաբերություններն իսկապես պասիվ են եղել:
2016 թվականի մարտին եւ հոկտեմբերին ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն է ԱՄՆ-ում եղել, իսկ արդեն 2017 թվականի նոյեմբերին էլ` պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: Այդ ընթացքում եղել են նաեւ ԱՄՆ ներկայացուցիչների այց Հայաստան, սակայն հատկանշական է, որ մինչեւ 2016 թվականը յուրաքանչյուր տարի անկացվում էր Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստ` մեկ տարի Հայաստանում, մեկ տարի էլ ԱՄՆ սկզբունքով: Սակայն 2016 թվականից հետո այն չի անցկացվել, եւ, առհասարակ, սառեցում է նկատվել հայ-ամերիկյան հարաբերություններում, եւ ակտիվություն այնքան էլ չի եղել, եւ դա կրկին բացատրել են Թրամփի քաղաքականությամբ:
Սակայն հետաքրքիր է, որ թավշյա հեղափոխությունից հետո բավականին ակտիվ երկկողմանի այցեր են եղել եւ արդյունավետ, ջերմ ու կարեւոր հանդիպումներ ԱՄՆ-ում: Այդպիսի այցերը թավշյա հեղափոխությունից հետո սկսվեցին հունիս ամսից, եւ առաջին այցը նախագահ Արմեն Սարգսյանինն էր, որին հաջորդեց արդեն փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այցը Լոս Անջելես, հանդիպումը քաղաքապետի հետ:
Հայ-ամերիկյան հարաբերություններում ակտիվացում նկատվեց հատկապես տարվա երկրորդ կեսին: Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո Հայաստան այցելեց Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը: Բացի այդ, Հայաստան այցելեց նաե ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթը, որը նույնպես հաստատեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործընթացում:
Այնուամենայնիվ, տարվա հատկանշական այցը թերեւս Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի այցն էր Հայաստան: Ընդ որում, Ջոն Բոլթոնն իր ելույթում նշել էր. «1997 թվականից ի վեր ազգային անվտանգության հարցերով առաջին խորհրդականն եմ ԱՄՆ-ի, որ այցելում է Հայաստան: Ես այսօր վարչապետի հետ հանդիպում ունեցա, որը տեւեց 1 ժամ 20 րոպե: Մինչ այդ ես նաեւ հանդիպում էի ունեցել պաշտպանության, արտաքին գործերի նախարարների եւ ազգային անվտանգության քարտուղարի հետ»:
Նկատենք, սակայն, որ հայ-ամերիկյան հարաբերություններում տարվա ամենից շատ սպասվող իրադարձությունը Փաշինյան-Թրամփ հանդիպումն էր: Սակայն, չնայած ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարների եւ հայկական դիվանագիտության գործադրած ջանքերին, նման հանդիպում չկայացավ: Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ մասնակցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ հանդես էր եկել նաեւ ելույթով:
Ինչպես արդեն նշեցինք, այժմ էլ երեք բարձրաստիճան պաշտոնյաներ են ԱՄՆ-ում: Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի «Կրոնի ազատության նախարարական համաժողովին»: Արարատ Միրզոյանը եւ Տիգրան Ավինյանը եւս տարբեր հանդիպումների մեջ են:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅՏՆՎԵՑ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի գումարը հայթայթվեց եւ նա կալաքից ազատվեց: Ինչպես հայտնի է, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ Ա. Մաթեւոսյանի) բավարարել է «Ղազարյան ընդ Փարթնըրս» գրասենյակի փաստաբաններ Տիգրան Ղազարյանի եւ Երեմ Դավթյանի՝ ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15.000.000 ՀՀ դրամը: Պաշտպանները գումարի չափը ասել էին փոխնախարարի հարազատներին, եւ վերջիններս գումար էին փնտրում, եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 15 միլիոն դրամը գտնվել է, եւ փոխնախարարը հայտնվել է ազատության մեջ, իսկ ԱԱԾ-ում նրա նկատմամբ կաշառքի գործով քննությունը շարունակվում է:
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ
ՀՀ կառավարությունն առաջիկա նիստին հավանություն կտա ՀՀ-ի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2013 թվականի մայիսի 10-ին ստորագրված եւ 2016 թվականի հունիսի 24-ին փոփոխված «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցում- երկրորդ փուլ ֆինանսական պայմանագրի թիվ 2 փոփոխության» ստորագրման առաջարկությանը: Նշենք, որ Հայաստանի ընթացիկ տարվա պետբյուջեով Եվրոպական ներդրումային բանկի կողմից տրամադրված «Երեւանի մետրոպոլիտենի վերականգնման 2 ծրագիր» վարկի սպասարկման գծով պլանավորված է 29.2 մլն դրամ` 52.7 հազ եվրո: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարվա մարտի 21-ին «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ընկերությունը դիմել էր Ֆինանսների նախարարությանը` վերոնշյալ բանկի կողմից վարկի հասանելիության վերջնաժամկետը մինչեւ ծրագրի ավարտը` 2019-ի սեպտեմբեր երկարաձգելու խնդրանքով, մինչդեռ դրենաժային թունելի երկարացման եւ մետրոյի թունելներում վերականգնողական աշխատանքները պետք է ավարտվեին անցած տարվա դեկտեմբերի 31-ին: Բայց դրենաժային թունելի հորատանցումը իրականացող «Ագազոս» ընկերությունը դանդաղ է աշխատել: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ այս տարվա հունիսի 18-ի դրությամբ կանխատեսվել է, որ վարկի սպասարկման գծով վճարումները կկազմեն 16.76 մլն դրամ կամ 30.27 հազար եվրո:
ԱԿՏԻՎՆԵՐԸ
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հունիս ամսին բավական ակտիվ է եղել եւ երեք նիստ անցկացրել: Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, կանոնակարգի համաձայն, արդեն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ներկայացրել հանձնաժողովի նիստերից բացակաների ցանկը։ Եվ տեղեկանում ենք, որ հանձնաժողովի անդամները բավական ակտիվ են եղել, եւ միայն մեկ անգամ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն է բացակայել նիստից, այն էլ` հարգելի: Հանձնաժողովի մյուս բոլոր անդամները երեք նիստերին էլ ներկա են եղել:
3 ՄԻԼԻԱՐԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 1988թ. երկրաշարժի հետեւանքների վերացման ուղղությամբ կառավարության անելիքները: Վարչապետը հիշեցրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին Գյումրիում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստում որոշվել էր ստեղծել աշխատանքային խումբ, որի հիմնական գործառույթը պետք է լիներ հստակեցնել երկրաշարժի գոտում առկա խնդիրներն ու ծավալները: Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսում է 3 մլրդ դրամ հատկացնել լուծելու այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության պարտավորությունը հստակ, դե յուրե արձանագրված է: «Խնդիրը 3 միլիարդ դրամի ծախս է պահանջում, եւ մենք միջոցները հատկացնում ենք, որպեսզի այդ թեման փակենք մեկընդմիշտ: Իհարկե, այստեղ չենք կարող ասել, որ հարցը վերջնական լուծված է մինչեւ վերջին դետալը, որովհետեւ ծագում է երկրորդը հարցը` այդ 3 մլրդ դրամն ինչպե՞ս պետք է մարդու համար դառնա կոնկրետ գործնական արդյունք: Մենք պետք է ամեն ինչ անենք այդ փակուղին հաղթահարելու համար»,-ընդգծել է վարչապետը:
ԿՄԵԿՆԻ ԱՄՆ
Հուլիսի 18-ին Վաշինգտոնում կայանալիք «Կրոնի ազատության նախարարական համաժողովին» մասնակցելու նպատակով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ: ԱԳ նախարարը համաժողովին հանդես կգա ելույթով: Նշենք, որ այս օրերին ԱՄՆ-ում են գտնվում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը:
ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է
Աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Զարուհի Բաթոյանի հրամանով` աշխատանքից ազատվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանը:
ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ
Ռեժիսոր Տիգրան Պասկեւիչյանն ազատվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից: «Այսօր դիմում գրեցի եւ ազատվեցի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից: Իմ բոլոր խորհուրդներն ու առաջարկները հանրային հեռուստաընկերությունը դուրս բերելու քոչարյան-սարգսյանական ճահճից մի կողմից հանդիպեցին սառը անտարբերության, մյուս կողմից` կոշտ դիմադրության: Ցանկացած համակարգ արմատականորեն վերափոխելը ծավալուն եւ դժվարին աշխատանք է ենթադրում, ինչին տրամադրված չէ ո՛չ նոր նախագահը, ո՛չ հին տնօրենը»,-սոցցանցի իր էջում գրել է Պասկեւիչյանը:
ՏԵՂԱԿԱԼ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Վարդան Մելիքյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ: