ՄԱՀԱՑԱԾԻ ՆԵՐՔԻՆ ՕՐԳԱՆՆԵՐԸ ՏՈՊՐԱԿՈՎ ՏՎԵԼ ԵՆ ՀԱՐԱԶԱՏԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին է դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի բնակիչ, որի դժգոհությունը կապված է Վարդենիսի դիահերձարանի հետ: Քաղաքացու պատմելով` օրեր առաջ Վարդենիսում իր հարազատի դիակը դիահերձել են, իսկ ներքին օրգանները լցրել են տոպրակի մեջ ու տվել մահացածի հարազատին` ասելով` «տարե՛ք, հետը կգցեք փոսի մեջ»:

Ըստ մասնագետների` այս երեւույթը խիստ վտանգավոր է, քանի որ նախ այն վայրում, որտեղ կատարվում է հերձումը, երկար ժամանակ տհաճ հոտ է գալիս, բացի այդ, բժշկական նորմալ հերձում չկատարելու դեպքում դիակը կարող է դառնալ վտանգավոր ինֆեկցիաների բռնկումների պատճառ: Չէ՞ որ մահացածը կարող էր ինֆեկցիա ունենալ ու դրա պատճառով մահանալ, իսկ նրան այդպես տանեն եւ թաղեն` այդպիսով վարակելով նաեւ հողը: Դա տեղանքի ուժեղ վարակվածության կբերի, նույնիսկ այն դեպքում, եթե մահացածը հիվանդ չլինի: Անձրեւ գալու դեպքում էլ հողի պարունակությունը ջրի հետ խառնվում է ու տարածվում:
Այս ահազանգի հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը խոսեց Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի դատական բժիշկ Արտաշես Խաչատրյանի հետ, որը կտրուկ հերքեց, որ դիահերձման ժամանակ մահացածի ներքին օրգաններն իր կողմից մշակվում եւ փակվում են մահացածի որովայնում: «Տոպրակով ում են տվել, ինչ են արել` ես չհասկացա… Նման բան չի եղել իմ հետ, հաստատ չի եղել, դատաբժիշկը ես եմ Վարդենիսում, դիահերձողը սանիտարն է: Ինքն իր գործն անում է, վերջում օրգանները լցվում են որովայնում, կարվում է, եւ հանգուցյալին ճանապարհվում է հուղարկավորվելու»,- բացատրեց դատական բժիշկը:
«Ժողովուրդ» օրաթերթը հարցրեց` արդյոք սանիտարը դատական բժշկի հետ համաձայնեցնում է իր աշխատանքը, թե ոչ. չէ՞ որ հնարավոր է` սանիտարը ներքին օրգանները լցնի տոպրակի մեջ ու փոխանցի մահացածի հարազատին. «Չէ, ինքը իմ սանիտարն է, ինչպե՞ս կարող է անկախ գործել»:
Նկատենք, որ ժամանակին որոշ հիվանդանոցներ պայմանագրեր են կնքել այնպիսի ծառայություն իրականացնող ընկերությունների հետ, որոնք գնում էին մահացած մարդու ներքին օրգանները, լցնում հատուկ տարաների մեջ եւ կազմակերպություն էլ կար, որ գալիս էր այն վերցնում ու տանում էր այրման: Սակայն նման կազմակերպության հետ Վարդենիսի դիահերձարանը պայմանագիր չունի կնքած: Նշենք, որ հիմա ոչ բոլոր բուժհաստատություններն են պայմանագիր կնքում նման ծառայություն իրականացնող ընկերությունների հետ, քանի որ դա իրենց համար ծախսատար է:
«Մեզ մոտ նման բան չկա, մենք դատաբժշկական փորձաքննությունների ժամանակ բոլոր ներքին օրգանները լցնում ենք իրենց տեղը, մնացած պաթանատոմիական հերձումների ժամանակ Երեւանում կամ այլ տեղերում հնարավոր է ինչ-որ կազմակերպություններ լինեն, որոնք օրգանները վերացնում են: Բայց կոնկրետ դատաբժշկական փորձաքննության ժամանակ օրգանները դրվում է որովայնում համապատասխան մշակումից հետո: Բացառված է, որ նման բան լինի, ոչ ոք տոպրակով մահացածի հարազատին ներքին օրգանները չի տվել»,- արդարացավ դատական բժիշկը:
Ապա ընդգծեց, որ դատաբժշկական հերձումների չափորոշիչների մեջ նշված է, որ փորձագետը կատարում է դիակի հերձում, փորձաքննություն, որոշման առաջադրված հարցերի պարզաբանում, վերջում դիակի հնարավորինս վերականգնում:
Իսկ, ահա, ախտաբան Գարիկ Աղաբեկյանն էլ իր հերթին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ արգելվում է հարազատի ձեռքին տալ մահացածի ներքին օրգանները:
«Շատ շուտ նման բան եղել է, հետո արգելվեց: Համապատասխան մշակում պետք է արվի ու նորից դրվի դիակի մեջ, ապա պետք է հուղարկավորեն: Հին ժամանակներում` ավելի քան 10 տարի առաջ, տալիս էին հարազատի ձեռքն ու ասում էին` տարե՛ք թաղեք, բայց դա շատ շուտ էր, ու այդ ժամանակ ինֆեկցիա բռնկվեց, որովհետեւ այն թաղել չի կարելի: Չէ՞ որ դիակը 2 մետր խորության վրա պետք է թաղես, ավելի սաղր չի կարելի, դա ինֆեկցիա է առաջացնում եւ ստորգետնյա ջրերը կախտահարվեն: Այդ ժամանակ անգամ քրեական գործեր հարուցվեցին: Հետո երբ ես գլխավոր պաթանատոմ էի, այդ հարցը կարգավորեցի. տալիս էին այրելու համապատասխան հիմնարկներին, իհարկե ոչ դատական դեպքերը: Նման դեպքերում պետք է տարվի դիակի հետ թաղվի, որովհետեւ հնարավոր է նորից բողոք լինի եւ արտաշիրման հարց բացվի»,- «Ժողովուրդ» օրաթերթին իրավիճակը ներկայացրեց ախտաբանը:
Նրա պատմելով` նախկինում անգամ տնային պայմաններում են դիահերձում կատարել. «Ես այն ժամանակ արգելել էի, չէր արվում, հիմա այս պահին չեմ կարող ասել: Բայց դա արգելվում է: Երեւանում կարող եմ ասել, որ բացառվում է արվի, բայց մարզերում չգիտեմ»:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը ստացած բողոքի շուրջ զրուցեց նաեւ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչ Լիլիթ Հունանյանի հետ, քանի որ, ինչպես հայտնի է, տեսչական մարմնի գործառույթների մեջ է մտնում նաեւ դիահերձարաններում ստուգումներ իրականացնելը:
«Մենք վերջերս ունեինք դիմում-բողոք` ախտաբանաանատոմիական բաժանմունքի դիահերձարանի վերաբերյալ. հարուցվել է վարչական վարույթ եւ այն ընթացքում է: Կան սանիտարական նորմեր, կանոններ, որոնց նկատմամբ իրականացնում ենք հսկողություն վարույթի շրջանակներում: Բողոքը կապված է եղել քաղաքացու հոր դիահերձման գործընթացի հետ, որը վճարովի է եղել, բայց ինքը դրա մասին տեղյակ չի եղել»,- ներկայացրեց Լիլիթ Հունանյանը: Նրա խոսքով` չի եղել կարգ, հրապարակված գնացուցակ փակցված չկա: Բացի այս, բողոքը վերաբերել է սանիտարական նորմերի չպահպանմանը:
«Դա կարգավորվում է: Կան բժշկական թափոնների սանիտարահամաճարակաբանական նորմեր, որոնք կարգավորում են այդ ամենը: Անպայման պայմանագիր պետք է ունենան ախտաբանաանատոմիական թափոնների համար: Սանիտարական կանոններն ու նորմերը դիահերձարանին ներկայացվող բոլոր պահանջներն են` ինչ բաժիններ պետք է ունենան, թեկուզ դիահերձարանն ինչ մակերեսով պետք է լինի, տաք եւ սառը ջուրը ինչպես պետք է լինի` ցնցուղով, թե… ինչ սենյակներ պետք է ունենան, որտեղ ինչ պահեն»,- տեղեկացրեց մասնագետը:
Հ.Գ. Բացի այս, ախտաբան Գարիկ Աղաբեկյանը մեզ հետ զրույցում բարձրաձայնեց եւս մեկ լուրջ խնդրի մասին: Նրա խոսքով` դատական դեպքերի դիահերձման աշխատանքները պետպատվերի շրջանակներում են իրականացվում, իսկ պաթանատոմիականի արժեքը կազմում է 13 հազար դրամ: Բայց, չգիտես, թե ինչու, դատական բժիշկները որոշել են իրենց ծառայությունը գնահատել 40-45 հազար դրամ մարզերում, իսկ Երեւանում, բնականաբար, այն ավելի թանկ է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ` ՄԱՐՏԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2-Ը ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ

ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանն առաջիկայում որոշման նախագիծ կներկայացնի կառավարությանը 2008-ի մարտի 1-ից 2-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձեւի ու չափի մասին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձեւով` հետեւյալ չափերով` ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին` 30 մլն դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձին` 15 մլն դրամ, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին` 5 մլն դրամ:
Տեղեկացնենք, որ հունիսի 20-ին ուժի մեջ է մտել «2008 թվականի մարտի 1-2-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» ՀՀ օրենքը: Այս օրենքով կարգավորվում են 2008 թվականի փետրվարի 19-ին ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի հավաքները ցրելու գործողությունների ընթացքում 2008 թվականի մարտի 1-2-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
Կառավարությունը լիազորվել է սահմանելու աջակցության ձեւը, չափը եւ տրամադրման կարգը, ինչպես նաեւ աջակցության տրամադրման համար դիմումի ձեւը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը եւ այդ դիմումի քննարկման կարգը:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԸ ՆՈ՞Ր ՇՆՉԵՑ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հուլիսի 10-ին կարգադրել է Լուսաձոր համայնքի շրջակայքում տարածված գարշահոտության պատճառներն ուսումնասիրելու եւ դրանք վերացնելու համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին։ Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել Տավուշի մարզպետի խորհրդական Արբակ Խաչատրյանը, աշխատանքային խմբի քարտուղար՝ Տավուշի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանը, աշխատանքային խմբի անդամներ` Տավուշի մարզպետարանի իրավաբանական բաժնի վարիչ Գագիկ Մելիքբեկյանը, Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության բնապահպանության բաժնի վարիչ Սամվել Գեւորգյանը, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արեւմտյան տարածքային կենտրոնի տնօրեն Անուշ Պողոսյանը (նրա համաձայնությամբ), ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչության Տավուշի տարածքային բաժնի պետ Վահագն Առաքելյանը (նրա համաձայնությամբ) եւ Լուսաձոր համայնքի ղեկավար Վարդան Սարդարյանը (նրա համաձայնությամբ): Մարզպետը կարգադրել է սեղմ ժամկետում ուսումնասիրել գարշահոտության առաջացման պատճառները եւ ներկայացնել տեղեկատվություն, մշակել եւ ներկայացնել առաջարկություններ վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ։ Զարմանալի է, որ 2019թ. փետրվարի 6-ին Տավուշի մարզպետ նշանակված, գրեթե ամեն օր Լուսաձոր գյուղի մոտով ձգվող միջպետական ավտոճանապարհով անցնող Հայկ Չոբանյանն այդ ճանապարհին տարածված գարշահոտը զգաց հիմա՝ հուլիսին. քանի տարի այդ գարշահոտը տարածված է միջպետական ավտոճանապարհին:
«ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը ստեղծվել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից։ 2016թ. հուլիսին «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի Լուսաձորի անասնապահական ֆերմայի տարածքում հորել են 3,5 տոննա պանիր: 2018թ. սեպտեմբերին սատկել են «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի Լուսաձոր գյուղում գտնվող անասնապահական ֆերմայի 19 կով: Այդ ժամանակ զանգահարեցի «ՀիմնաՏավուշ»-ի փոխտնօրեն Տիգրան Տոնոյանին, որը չժխտելով կովերի անկումը` ասաց, որ նմուշներ են ուղարկվել Փարիզ, որպեսզի հետազոտությամբ պարզվի կովերի սատկելու պատճառը: «ՀիմնաՏավուշ»-ը Տավուշի մարզի գյուղերում 7 փոքր անասնաֆերմա է ստեղծել, ոռոգման մի քանի ջրագծեր կառուցել, տավուշցի այգեգործներին որոշակի քանակի պտղատու ծառերի տնկիներ տրամադրել: Այժմ հիմնադրամը բիզնես ծրագիր է իրականացնում, կաթնամթերք արտադրում, «ԷկոՏավուշ» ՍՊԸ-ն Լուսաձորի պանրագործարանի արտադրանք պանիրն արտահանում է Ռուսաստան: «ՀիմնաՏավուշ» հիմնադրամում իշխում են բարեկամական կապերը: Սուրեն Գեւորգյանը, լինելով Ֆրանսիայի հայկական հիմնադրամի տնօրեն, նաեւ «ՀիմնաՏավուշի» տնօրենն է, նրա կին Հասմիկը՝ «ԷկոՏավուշի» տնօրենն է, վերջինիս հորեղբոր որդին՝ «ՀիմնաՏավուշի» փոխտնօրենը: Հասմիկ Գեւորգյանի հորեղբոր որդի Տիգրանը, որը նախկինում Երեւանի քաղաքապետարանում վարորդ էր, «ՀիմնաՏավուշի» փոխտնօրենն է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս