Մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը եւ նրա մայրը` ռեժիսոր, նկարիչ, սցենարիստ Լյուդմիլա Սահակյանցը, հայտնել են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու որոշման մասին: Նրանք նշում են, որ չեն կարող լինել մի կառույցի անդամ, որի նախագահը Հարություն Խաչատրյանն է: Պարոն Սահակյանցին դուր չի եկել այն հանգամանքը, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում ներկայացված են եղել ադրբեջանական, թուրքական կինոնկարներ, իսկ տրանսգենդերի մասին ֆիլմն էլ արժանացել է մրցանակի: Մուլտիպլիկատորը նկատում է՝ նախկինում հնարավորություն ունեցել են կանխելու նմանատիպ ֆիլմերի ցուցադրումը, բայց այս տարի դա չի ստացվել: «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է Դավիթ Սահակյանցի հետ:
-Պարո՛ն Սահակյանց, Ձեր որոշումից հետո միությունից որեւէ զանգ ստացե՞լ եք:
-Ոչ, ինձ չեն զանգահարել:
-Մի փոքր կբացե՞ք փակագծերը. նշյալ թեմաներով ֆիլմերն ինչո՞ւ Ձեզ դուր չեն եկել:
-Ըստ իս՝ արվեստը չի կարող առանձին գոյատեւել. այն ընդհանուր համակարգի մի մասնիկ է, որքան էլ փորձեն այն տարանջատել: Ադրբեջանական, թուրքական, տրանսգենդերի մասին ֆիլմերն ունեն քաղաքական ենթատեքստ: Դրանք արդեն դուրս են արվեստի ենթատեքստից եւ գտնվում են այլ հարթակում: Այն, որ տրանսգենդերի մասին ֆիլմը ստացավ մրցանակ, ինձ համար քարոզչություն էր: Գուցե փորձեն համոզել հակառակը, բայց այսօր ամբողջ աշխարհում այդ միտումը կա. մրցանակներ են ստանում ԼԳԲՏ համայնքին վերաբերող ֆիլմերը: Հիմա նույն երեւույթն առկա է մեզ մոտ, պարզապես մեր պարագայում այն շատ ավելի վտանգավոր է: Մենք 50 միլիոնանոց ազգ չենք, փոքր ենք՝ մեծ խնդիրներով, մոլորակի վրա մեր տեղը գտնելու խնդիր ունենք: Իսկ նման երեւույթները կարող են լրջորեն հարվածել մեզ: Ի դեպ, ուզում եմ շեշտել, որ ես «Ոսկե ծիրան»-ը համարում եմ կայացած փառատոն՝ իր բոլոր լավ ու վատ կողմերով: Պարզապես Հարություն Խաչատրյանը պետք է աներ ամեն բան, որ նման իրադրությունից զերծ մնայինք, որ փառատոնը մնար հավատարիմ այն սկզբունքներին, որով առաջնորդվում էր հիմնադրման օրից: Մի կարեւոր նկատառում էլ անեմ. նախկինում փառատոնի շրջանակում անցկացվում էր ծիրան օրհնելու արարողություն, որը շատ ազդեցիկ էր եւ դուր էր գալիս մարդկանց: Այս տարի դա էլ արանքից դուրս եկավ: Սա ինձ իսկապես ցավ է պատճառում:
-Պարո՛ն Սահակյանց, Դուք խոսեցիք քաղաքական ենթատեքստերով ֆիլմերի մասին, սակայն, համաձայնեք, որ կինոպատմության մեջ ստեղծված բազմաթիվ հզոր ֆիլմեր ունեն քաղաքական ենթատեքստ, բայց դա չի նշանակում, թե դրանք դադարում են արվեստի գործ համարվել: Հիմա Դուք ասում եք՝ ադրբեջանական, թուրքական ֆիլմեր փառատոնի շրջանակում չպետք է ցուցադրվեն: Ինչու՞. չէ՞ որ արվեստը արվեստ է:
-Ես շատ կտրուկ եմ նայում նման հարցերին. դա արդեն ազգային անվտանգության խնդիր է: Մենք պետք է շատ զգույշ լինենք: Ախր նույն Ադրբեջանը պատերազմում է մեզ հետ, հայտարարում է մեր երկիրը զավթելու մտադրությունների մասին, այդ երկրում տարվում է հակահայկական քարոզ՝ մանկապարտեզից սկսած: Նման պայմաններում միակողմանի բարեկամությունից խոսելը, կարծում եմ, սխալ է: Քանի դեռ չեն կարգավորվել մեր հարաբերությունները հարեւանների հետ, պետք է խաղանք այն կանոններով, որոնք այսօր կան:
-Ինչու՞ նման վիճահարույց թեմաների շուրջ հենց միությունում քննարկումներ չեն անցկացվում: Հարություն Խաչատրյանի հետ անձամբ խոսե՞լ եք Ձեզ մտահոգող հարցերի մասին:
-Իհարկե, ավելի ճիշտ կլիներ, եթե քննարկում ծավալվեր, բայց նման բան չեղավ, ընդունվեց որոշում, ֆիլմերը ցուցադրվեցին փառատոնում, իսկ մրցանակի հանձնումը տրանսգենդերի մասին ֆիլմին արդեն ամեն ինչի գագաթնակետն էր: Դա արդեն այլ տեղ է տանում, Հարություն Խաչատրյանի հետ էլ անձամբ խոսելն, ըստ իս, անիմաստ է…
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ՎԵՐԱԴԱՐՁ` ԵՐԿԱՐ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ
Ընդամենը մի քանի օրից երգչուհի Անուշիկ Ալավերդյանը երկարատեւ ընդմիջումից հետո հանդես կգա անակնկալով: Նա կթողարկի նոր տեսահոլովակ` նկարահանված սիրային երգի հիման վրա: Անուշիկը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ այս ամառ հանգստի չի մեկնելու, քանի որ գտնվում է աշխատանքային բուռն շրջանում: Հարցին, թե չի վախենում արդյոք երկարատեւ ընդմիջումների արանքում մոռացվել, եւ տեսահոլովակի թողարկումը գուցե միտված էր հենց չմոռացվելուն, երգչուհին պատասխանեց. «Չեմ էլ մտածում այդ ուղղությամբ: Կարծում եմ` մոռացվելու խնդիր չունեմ»:
Անուշիկը աշխատում է նաեւ նոր ալբոմի վրա: Շուտով կթողարկվի նրա նոր ձայնասկավառակը, որտեղ ընդգրկված կլինեն բացառապես հին հայկական օրորոցային անհայտ երգեր. «Սկզբունքորեն հայտնի երգեր չեմ ներառել: Մենք շունչ ենք տվել այն երգերին, որոնք չեն լսվել, չեն երգել, բայց հրաշալի գործիքավորման շնորհիվ դրանք կարելի է մատուցել նորովի: Ամեն երգի պարագայում համագործակցել եմ մի երաժիշտի հետ: Օրինակ` աշխատել եմ Արտո Թունջբոյաջյանի, Նորայր Գափոյանի հետ: Վստահ եմ, որ մնայուն գործ ենք անում: Ի դեպ, ձայնասկավառակում ներառվել են հենց այն երգերը, որոնք ես կատարել եմ դստերս համար նրա ծնված օրվանից ի վեր»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Վերադառնալով ամառային հանգստի թեմային` Անուշիկը նշեց, որ, այնուամենայնիվ, գուցե մեկ օրով ընտանիքի հետ մեկնի Թբիլիսի, որտեղ կմասնակցի միջոցառման եւ մի փոքր էլ կթոթափի հոգնածությունը: Իսկ, առհասարակ, երգչուհին նախընտրում է պասիվ հանգիստ այն դեպքում, երբ ծովափին է, եւ ակտիվ հանգիստ, երբ շրջագայում է որեւէ քաղաքում: Այս դեպքում նա պետք է անպայման այցելի մշակութային օջախներ, ծանոթանա քաղաքի տեսարժան վայրերին: Հարցին, թե որ երկրներ նա կցանկանա պարբերաբար այցելել, Անուշիկը պատասխանեց. «Այնպիսի երկրներ, որտեղ պետք է անընդհատ վերադառնալ, ինձ համար եղել են եւ մնում են Ֆրանսիան ու Հոլանդիան»:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ