Լուսանկարն արվել է կառավարության շենքի դիմաց
Երեկ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները. նրանք ոռոգման ջուր են պահանջում: Բնակիչների խոսքով` մինչեւ հունիսի տասն ամեն ինչ նորմալ է եղել, եւ ոռոգման ջրի խնդիր չի եղել, քանի որ մարդիկ այն ժամանակ այգիները չէին ոռոգում: Քաղաքացիներից մեկը նույնիսկ կառավարության դիմաց հայտարարել է, որ եթե հարցը լուծում չունենա, պատրաստ է իր վրա բենզին լցնել եւ ինքնահրկիզվել:
ՀԱՐՑ. Ապահովագրական գործունեություն իրականացնելու համար պարտադի՞ր է արդյոք ՀԴՄ-ի կիրառումը:
Սյուզաննա Սամսոնյան (38 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Սամսոնյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «ՀԴՄ կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով` օրենքը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի (ներառյալ` դուստր բանկերի), դրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործառնական գրասենյակների (կետերի), օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց` միայն այդ գործունեության մասով, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների (այդ գործունեության մասով), գրավատների, վճարահաշվարկային կազմակերպությունների վրա:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող, արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման եւ հսկիչ- դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելու դեպքում կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն («Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդված):
ՀԱՐՑ. Ընտանեկան տեղեկանք վերցնելու համար ո՞ւր պետք է դիմել:
Հեղինե Վարդանյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից: Տեղեկանքը ստորագրվում է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի կողմից եւ կնքվում գործակալության եռալեզու կնիքով:
Մեկ դիմումի շրջանակներում տրամադրվում է մեկ տեղեկանք: Տրամադրվող տեղեկանքի տարբերակը ընտրվում է դիմումատուի կողմից: Նույն համարի ներքո տրամադրվում է մեկ տեղեկանք: Տեղեկանքի կրկնօրինակ չի տրամադրվում: Տեղեկանքի կորստյան դեպքում անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել նոր դիմում:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկանքը տրամադրվում է դիմում ներկայացնելուց հետո` 7-րդ աշխատանքային օրը: ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ՀՀ-ում մշտական բնակության վայր չունեցող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկանքը տրամադրվում է 10-րդ աշխատանքային օրը: