ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ծավալուն հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին եւ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել նաեւ դատական համակարգին եւ վեթթինգ իրականացնելու վերաբերյալ հայտարարություններին: Մասնավորապես, ՀՀ վարչապետը նշել էր, որ վեթթինգի իրականացման նպատակը անկախ, անաչառ եւ սկզբունքային դատարանների ստեղծումն է համարում: «Վեթթինգ նշանակում է որեւէ մեկի համապատասխանելիության ստուգում: Ինձ համար վեթթինգն այն է, որ այդ գործընթացի արդյունքում ունենանք մի դատարան, որը ինչ էլ որոշի, ասենք՝ մեր դատարանը որոշեց, որովհետեւ մեր դատարանն է, մենք գիտենք, որ սա անկախ, անաչառ, սկզբունքային դատարան է: Նպատակը վեթթինգը չի, նպատակն այսպիսի դատարան ունենալն է»,- նշել է նա: Սակայն հետաքրքիր է, որ այս երկու ամիսների ընթացքում վարչապետը, կարծես թե, մտքափոխվել է եւ մի փոքր այլ կերպ է ներկայացնում վեթթինգի գաղափարը: Բանն այն է, որ մայիսի 20-ին նա իր ելույթում նշել էր, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթթինգի: «Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»: Եվ հաջորդ օրը՝ մայիսի 21-ին, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վեթթինգի մասին օրենքի նախագիծ մշակելու որոշում էր կայացրել: Սակայն երկու ամիս անց ստացվում է, որ իրական նպատակն անկախ եւ անաչառ դատարանի ստեղծումն է, այլ ոչ թե դատավորներին վեթթինգի ենթարկելը:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը շարունակում է թափուր մնալ, քանի որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հուլիսի 11-ին ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դատական համակարգում երկու դատավորի անուն է շրջանառվում, որոնք հավակնություններ ունեն դառնալու Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: Պոտենցյալ թեկնածուներից մեկը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին է՝ Դավիթ Բալայանը: Իսկ մյուս թեկնածուն նույն դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն է, որը պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի` Կրակեմ Հրաչի որդին է: Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե նման ցանկություն չունի, իսկ Դավիթ Բալայանն էլ նշեց. «Ես հրաժարական կտամ. դա դատարան չէ, որ ես նախագահ լինեմ»:
Ինչպես հայտնի է, դեռ 2011 թվականին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը վերացրեց տեխզննության ինստիտուտը, որը հանգեցրեց այս տարիներին անսարք ավտոմեքենաները վարելու դեպքերի աճին: Այս հարցին մշտապես անդրադարձել է նաեւ «Ժողովուրդ» օրաթերթը, եւ, ահա, տեղեկացանք, որ փոփոխություններ են կատարվելու «Ճանապարհային երթեւեկության ապահովման մասին» ՀՀ օրենքում: Այս օրենքով վերահսկողություն է իրականացվելու էլեկտրոնային շտեմարանի եւ արատորոշման քարտի միջոցով: Այն լրացվում է էլեկտրոնային եղանակով եւ պահպանվում էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն է տալիս վերահսկողություն իրականացնել նաեւ էլեկտրոնային եղանակով, առանց մեքենան կանգնեցնելու: Եվ տեխնիկական զննություն չանցած կամ տեխնիկական զննության արդյունքում անսարք ճանաչված մեքենան վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով (20 հազար դրամ): Միայն վատն այն է, որ մեքենայի տեխզննման ծառայության սակագինն է բարձրացել:
Տավուշի մարզխորհրդի վերջին` հուլիսի 11-ի նիստում շատ մասնակիցների զարմացրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի կողմից մարզի համայնքների ղեկավարներին հղած բարոյախրատական հորդորը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Չոբանյանը, դիմելով համայնքապետերին, մոտավորապես ասել է հետեւյալը. «Ձեր գյուղի բնակիչ երիտասարդը դիմում է բանկի, աննախադեպ մեծ գումարի վարկ է ստանում, դուք այդ երիտասարդի ձեռքը բռնո՞ւմ եք, որ վարկ չվերցնի, երբ խոզերը հիվանդանում են, դրանք բուժելու համար դուք անասնաբույժ բերո՞ւմ եք»: Ներկաները տարակուսանք են ապրել, որ մարզպետը համայնքների ղեկավարներին ստիպում է անել այն, ինչը նրանց պարտադիր, օրենքով սահմանված լիազորությունների մեջ չի մտնում: Գյուղապետերին տրված իր խորհրդի վերաբերյալ Հ. Չոբանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ գյուղապետերը պետք է ոչ միայն վարչական ղեկավար լինեն, այլեւ գյուղացու խորհրդատուն, քանզի Տավուշը գյուղատնտեսական մարզ է:
ԵՐԿԽՈՍԵԼ ՄԻՇՏ ՊԵՏՔ Է
Երեկ Սեւանի հարակից տարածքներում գտնվող օբյեկտների սեփականատերերը խոստացել էին կրկին փակել Սեւան-Երեւան մայրուղին, եթե պաշտոնական հաղորդագրություն չտարածվեր այն մասին, որ Սեւանա լճում լողալը վտանգավոր չէ: Հաղորդագրություն, իհարկե, եղավ. նախարար Արսեն Թորոսյանը համացանցի իր էջում գրեց, որ հիմնական հատվածներում վտանգը վերացել է, մնացյալում էլ վերանալու նախադրյալներ կան: Ասել է թե՝ Սեւանա լճում լողալը այլեւս վտանգավոր չէ:
Իսկ մինչ այդ էլ Գեղարքունիքի մարզպետն էր ցուցարար քաղաքացիների ճնշան տակ գնացել Սեւանի հանրային լողափերից մեկը, մտել լիճը, լողացել՝ ապացուցելով, որ լիճը վտանգավոր չէ լողալու եւ հանգիստ անցկացնելու համար:
Բայց այս պատմության մեջ միակ հակասությունը երկու պաշտոնական կառույցների իրարամերժ գործողությունները չեն. Առողջապահության նախարարությունն ասում է, թե վտանգավոր է լողալը, մարզպետը հանվում ու ջուրն է մտնում՝ ապացուցելով հակառակը:
Խնդիրն այստեղ այն է, որ ի սկզբանե Առողջապահության նախարարության ուշացած հայտարարությունը վերաբերում էր կոնկրետ հատվածների, որոնք վտանգավոր են մարդու եւ հատկապես երեխաների առողջության համար, ու մատնանշված կոնկրետ «ծաղկած» հատվածները իրապես տխուր պատկեր ունեին: Սակայն մարզպետը, որ ջուրը մտավ, լրիվ այլ հատվածում էր, եւ վիճահարույց չէր այնտեղ լողալը:
Ընդհանրապես արժե, որ ՀՀ պետական այրերը հանրային վերահսկողություն ասվածը ոչ թե ընկալեն քաղաքացիների ամեն ասածի հետեւից գնալու եւ հաճոյանալու տեսանկյունից, այլ տրամաբանված ու պետական մոտեցմամբ: Եթե նախարարությունը հայտարարում է` վտանգավոր է կոնկրետ հատվածում լողալը, նշանակում է, որ պետք էր գնալ կոնկրետ հատված ու տեղում քաղաքացիներին բացատրել, որ, տեսե՛ք, այստեղ վտանգավոր է, այնուհետեւ գնալ ու մաքուր ափին հերոսաբար ջուրը մտնել: Ու առհասարակ, նկատենք, որ Առողջապահության նախարարության հայտարարության տարընկալման արդյունք էր Սեւան-Երեւան ավտոճանապարհի փակումը: Իսկ տարընկալումներից խուսափելու ելքը ուղիղ երկխոսությունն է ոչ թե ճանապարհ փակելուց հետո, այլ մինչ այդ:
Բայց լավ է, որ այլեւս ճանապարհ չփակվեց: Մնում է` զբոսաշրջիկները վերհիշեն Սեւանը ու հաճախ գնան: