«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում որոշել են ամռանը ակտիվ լինել, անընդհատ հանդիպումներ ունենալ, մարզեր այցելել, քաղաքացիների ընդունելություններ կազմակերպել ու տարբեր ֆորմատներով իրենց մասին հիշեցնել: Այդ պարտականությունը հիմնականում դրված է լինելու խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի, պատգամավորներ Տարոն Սիմոնյանի եւ Անի Սամսոնյանի վրա:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ:
-Տիկի՛ն Սամսոնյան, ինչո՞ւ որոշվեց, որ պետք է ամռանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպումներ ունենան թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում, այսինքն` խմբակցությունը արձակուրդ չի՞ ունենալու:
-Առաջին ֆորմատը առանց փողկապի հանդիպումներ են քաղաքի տարբեր այգիներում. ու դա ընդլայնվելու է նաեւ բոլոր մարզերում, որը իրականացնելու է «Լուսավոր Հայաստանի» Երեւանի խորհուրդը, լինելու են տարբեր հանդիպումներ պատգամավորների նախաձեռնությամբ, ովքեր շրջելու են մարզերով եւ զբաղվելու են տարբեր խնդիրներով: Ու կա նաեւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առանձին նախաձեռնությունը, որ կոչվում է «Սուրճը` ձեզնից, քաղցրավենիքը` մեզնից», այսինքն` մենք հատուկ էլեկտրոնային հասցե ունենք, որին մարդիկ կուղարկեն հրավերներ, ու մենք, առանց որեւէ խտրականության, կգնանք մարդկանց հետ խոսելու իրենց տանը:
-Քանի որ նախընտրական շրջան չէ ՀՀ-ում, ինչո՞ւ եք որոշել հանդիպումներ ունենալ: Գուցե կարծում եք, որ հանրության շրջանում պակասել է ձեր ուժի հանդեպ վստահությունը, ձեր մասի՞ն եք հիշեցնում:
-Հանդիպումների պատճառն այն է, որ «Լուսավոր Հայաստան»-ը, անկախ սեզոնից, ունենալու է նման այցելություններ, ու երբ ստեղծվում էր կուսակցությունը, մենք ունեինք նման նախագիծ, այսինքն` մենք մեր կուսակցության պարտքն ենք համարում մշտական կապի մեջ լինել բոլոր քաղաքացիների հետ ու ոչ միայն երեւանում, այլ նաեւ մարզերում: Սովորաբար զբաղված ենք լինում պատգամավորական աշխատանքով եւ չենք կարողանում հասցնել նման հանդիպումներ ունենալ, իսկ ամառն էլ շատ լավ հնարավորություն է ընձեռնում նման հանդիպումներ ունենալու համար: Ի վերջո, դա նաեւ պատգամավորական պարտքն է քաղաքացիների հետ հանդիպել ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլ միշտ: Մենք արդեն քաղաքացիներից հրավերներ ստացել ենք, մենք հերթով, այո, պետք է գնանք այցելության:
-Իշխանական շրջանակներում տեսակետ կա, որ նման նախաձեռնությունն իրենցից է սկսվել, քանի որ իրենք են քաղաքացիների տներ այցելել, մարզից մարզ քայլել, զրուցել նրանց հետ ու արդյունքում արդեն մայրաքաղաքում թավշյա հեղափոխություն արեցին: Դա՞ է Ձեր կուսակցության նպատակներից մեկը:
-Գիտեք, մենք որեւէ մեկին կրկնօրինակելու նպատակ չունենք, մենք ունենք մեր նպատակները ու այդ նպատակներից ելնելով էլ` մշակում ենք մեր ծրագրերը: Եթե ինչ-որ մեկին թվում է, թե մարդկանց հետ շփումը, քայլելը, մարդկանց բարեւելը, կամ գնալ ու նրանց հետ սուրճ խմելը ինչ-որ մեկի հեղինակային իրավունքն է, ապա չարաչար սխալվում է: Եթե կան լավ օրինակներ, ինչու չէ, կարելի է նաեւ ընդօրինակել: Մենք ուղղակի աշխատելու ենք այս ժամանակահատվածում: Իհարկե կլինեն պատգամավորներ, որ իրենց կարճատեւ արձակուրդը կունենան, բայց մենք փորձում ենք կազմակերպել այնպես, որ բոլոր հանդիպումները կարողանանք իրականացնել:
-Բայց խմբակցությունում բոլո՞րն են կողմ նման ռեժիմով աշխատել, որովհետեւ, ինչքան հայտնի է, երեք պատգամավոր է շրջելու ու այցելություն ունենալու քաղաքացիների բնակարաններում:
-Բոլորն էլ կողմնակից են խմբակցությունում, նշված են երեք պատգամավորների անունները, բայց դա մեկնարկն է լինելու այդպես, այնուհետեւ բոլոր պատգամավորներն էլ կմասնակցեն այդ հանդիպումներին: Մենք ունենք էլի շատ հետաքրքիր նախագծեր, որոնք քաղաքացիներին շատ կհետաքրքրեն ու դրանք իսկապես նորություն են լինելու ու շատ են նպաստելու «Լուսավոր Հայաստան»-ի եւ ՀՀ քաղաքացիների անմիջական շփմանն ու հաղորդակցմանը: Մինչեւ խորհրդարանական աշխատանքների սկսելը մենք կանենք այդ ծրագրերը, հետո այդ ամենը կհարմարեցնենք խորհրդարանական աշխատանքներին, դրանք մի քիչ կփոփոխենք: Բայց մեր բոլոր ծրագրերը կապված են քաղաքացիների հետ, իրենց խնդիրների հետ: Մենք աշխատելու ենք, մեր նպատակը քաղաքացու խնդիրները լսելը, դրանց լուծումներ գտնելն է, ու, կրկնում եմ, դա կապ չունի սեզոնի հետ: Մենք կարծում ենք, որ պետք է ամուր պահվի քաղաքացու հետ կապը, քանի որ իրենք, մեզ ձայն տալով, շատ հույսեր են կապել մեզ հետ, իսկ դա մեզ համար այսօր առաջնային է:
ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅԱՆ ՔԱՅԼ. ՏՈՆ ՉՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ
Դեռեւս 2016 թվականի հուլիսի 17-ի գիշերը` ժամը 05.28-ին, «Սասնա ծռեր» խմբավորումը հայտարարություն էր տարածել` նշելով. «Մենք սկսել ենք զինված ապստամբություն, միացե՛ք»: Վաղ առավոտյան մի խումբ զինված անձինք «Կրազ» մեքենայով ջարդել էին ՊՊԾ գնդի դռները, սպանել ոստիկանների, մտել ու բոլորին վերցրել հսկողության տակ: Երկու շաբաթվա համառ պայքարից հետո ի վերջո խմբավորումը հանձնվեց՝ տալով զոհեր ու վիրավորներ: Երեկ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, թե պետք է այդ օրը պաշտոնապես հայտարարել ազգային տոն:
«Հուլիսյան ապստամբությամբ «Սասնա ծռերը» կանխեցին աղետը, վիժեցրեցին Արցախը եւ պետականությունը հանձնելու գործընթացը եւ առաջացրեցին կառավարման անհաղթահարելի ճգնաժամ` դրանով իսկ սպառելով ժողովրդի դեմ զինված բռնության ներուժը, ինչի շնորհիվ 2018թ. հնարավոր դարձավ խաղաղ անհնազանդության միջոցով վերջապես հեռացնել ռեժիմին, սակայն հետագայում իրադարձությունները զարգացան անհեթեթ եւ հակառակ տրամաբանությամբ»,- երեկ հայտարարել է Վ. Ավետիսյանը:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամի կարծիքով` ապստամբները ամիսներով մնացին բանտերում, փոխանակ անմիջապես ազատ արձակվեին: «Այնուհետեւ ազատ արձակվեցին ընդամենը կալանքից, սակայն շարունակվում են որպես ամբաստանյալներ դատվել նախկին իշխանության կողմից առաջադրված կեղծ մեղադրանքով, ավելին, նրանցից երկուսը` Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը, դեռեւս բանտում են եւ ռազմագերի են արդեն հեղափոխական կոչվող Հայաստանում»,- նեղացած հայտարարել էր Ավետիսյանը: Վերջինս կոչ է արել դադարեցնել ապստամբների նկատմամբ նախորդ ռեժիմից սկսված հալածանքը եւ ազատել խմբի անդամներ Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարսեղյանին:
Այնուհետեւ Վարուժան Ավետիսյանը առաջարկել է հուլիսի 17-ը պաշտոնապես դարձնել ազգային տոն: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ, իր կարծիքով, այդ օրը տոն դարձնելը ճիշտ չէ. «Այդ օրը մարդիկ են մահացել, ու այն քայլը, որ իրենք են կատարել, ես, որպես քաղաքական գործիչ, չեմ ընդունում, բայց ընդունում եմ որպես, այսպես ասեմ, հուսահատության քայլ: Մարդիկ, հուսահատությունից այլընտրանք չունենալով, կատարել են նման քայլ, բայց այդ քայլի արդյունքում երեք հայ սպա է մահացել»,- հայտարարեց պատգամավորը: Ըստ նրա` կյանքը ցույց տվեց, որ առանց բռնության էլ կարելի է հասնել հաղթանակների:
Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Ո՞ՒՄ ՕՐՈՔ
Դատախազությունը պարզել է քաղավիացիայի ոլորտում 2013-2018-ին կատարված կոռուպցիոն չարաշահումներ: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրականացրած հաշվեքննության արդյունքները: Ըստ այդ ուսումասիրությունների` «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ն հիմնականում պայմանագիր է կնքած եղել մի ՍՊԸ-ի հետ, եւ զարմանալիորեն մշտապես հենց այդ ՍՊԸ-ն է մասնակցել մրցույթներին: ՍՊԸ-ի անունը, սակայն, դատախազությունը չի հայտնում: Ինչպես նշեցինք, խոսքը 2013-2018 թվականների մասին է: Նշենք, որ 2004 թվականից մինչեւ 2016 թվականը, այսինքն` 12 տարի, Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը Արտյոմ Մովսեսյանն էր, իսկ 2016 թվականին նրան փոխարինեց Սերգեյ Ավետիսյանը: Սակայն ստացվում է՝ վերջինիս նշանակումից հետո եւս քաղավիացիայի ոլորտում կոռոպցիոն չարաշահումները չեն վերացել:
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐՄԱՑՈՒՆ ԿՎԱՃԱՌԻ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է վաճառել պահեստում մնացած սերմացուները։ Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ ՌԴ-ից ներկրված սերմացուների պիտանիության տոկոսը իջած է։ Իսկ դրանք պահեստում են մնացել եւ չեն իրացվել, քանի որ հողօգտագործողները գումար չեն ունեցել գնելու։ Խոսքը գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի եւ կորնգանի արտադրության զարգացման ծրագրի շրջանակներում 2017 թվականին ՌԴ-ից ներկրված սերմացուների մասին է։ Մեզ հայտնի դարձավ, որ չիրացված 143 հազար 505 տոննա գարնանացան գարու, գարնանացան ցորենի 66.15 տոննա եւ 16.675 տոննա կորնգանի սերմացուներն այժմ գտնվում են «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից վարձակալած պահեստներում, ունեն ցանքային որակական ցածր հատկանիշներ եւ չեն կարող օգտագործվել գյուղատնտեսական ցանքերում որպես սերմացու։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանք ախտահանված են քիմիական ախտահանիչներով, հետեւաբար չի կարող օգտագործվել պարենային եւ կերային նպատակով։ Ի դեպ, ծրագրի շրջանակներում գարնանացան գարու եւ ցորենի սերմացուները ՌԴ-ից ձեռք են բերվել 1 տոննան 290 հազար դրամով, կորնգանի սերմացուն՝ 630 հազար դրամով, իսկ հողօգտագործողներին տրամադրվել է համապատասխանաբար 130 հազար, 150 հազար եւ 370 հազար դրամով։ Պարզվում է, որ սերմացուների գնահատման համար «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի եւ «Տիգրիս» ՍՊԸ-ի միջեւ կնքվել է պայմանագիր եւ դրա համար վճարվել է 198 հազար դրամ: Այսպես, մենք տեղեկացանք, որ «Տիգրիս» ՍՊԸ-ի փորձագետը վաճառքի համար սահմանել է հետեւյալ գները՝ 1 տոննա գարնանացան գարու սերմացուի համար` 53 հազար դրամ, գարնանացան ցորենի համար 50 հազար դրամ, իսկ կորնգանի սերմացուի համար` 130 հազար դրամ: