Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը շարունակում է թափուր մնալ, քանի որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հուլիսի 11-ին ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դատական համակարգում երկու դատավորի անուն է շրջանառվում, որոնք հավակնություններ ունեն դառնալու Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:
Հուլիսի 11-ին դատավորների ժողովը ԲԴԽ դատավոր անդամներ ընտրեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանին, դատավոր Մեսրոպ Մակյանին եւ ԲԴԽ անդամ դառնալու երդում տվեց ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը: Արդյունքում, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը շուրջ մեկ շաբաթ է, ինչ թափուր է:
Այսպիսով, ՀՀ դատական օրենսգրքի 121 հոդվածը, որը վերաբերում է Առաջին ատյանի դատարանի նախագահի նշանակման կարգին, սահմանում է, որ Դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանում է ոչ շուտ, քան երկու ամիս, եւ ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, իսկ այլ հիմքով` Առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում թափուր տեղ առաջանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում:
Դատական դեպարտամենտը կազմում եւ Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում տվյալ Առաջին ատյանի դատարանի բոլոր այն դատավորների ցուցակը, որոնք տվյալ դատարանում ունեն դատավորի ոչ պակաս, քան երեք տարվա փորձառություն, չունեն կարգապահական տույժ, վերջին երեք տարվա ընթացքում չեն նշանակվել տվյալ դատարանի նախագահ եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամ չեն:
Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է ներկայացված ցուցակում ընդգրկված դատավորների անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի:
Բարձրագույն դատական խորհուրդն անցկացնում է գաղտնի քվեարկություն, որի ընթացքում յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Քվեաթերթիկում ընդգրկվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ցուցակում ընդգրկված բոլոր անձինք: Քվեարկության արդյունքներով հանրապետության նախագահին է առաջարկվում խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության ձայները ստացած անձը:
Դատական համակարգում երկու դատավորների անուններ են շրջանառվում, որոնցից մեկը կարող է դառնալ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: Իսկ ովքե՞ր են նրանք: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պոտենցիալ թեկնածուներից մեկը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին է` Դավիթ Բալայանը: Հիշեցնենք, որ Բալայանը այն դատավորն էր, որ դատարանների դռների շրջափակման օրը փորձեց պատուհանից ներս մտնել եւ վայր ընկավ:
Իսկ մյուս թեկնածուն նույն դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն է, որը պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի` Կրակեմ Հրաչի որդին է:
«Ժողովուրդ» օրաթերթն այս թեմայի շուրջ զրուցեց դատավոր Դավիթ Բալայանի հետ:
-Պարո՛ն Բալայան, Ձեր անունը շրջանառվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ դառնալու հարցով, ցանկանո՞ւմ եք նախագահ դառնալ:
-Պարոն Բալայանը ոչ հավակնություն ունի նախագահ դառնալու, որ հանկարծ ինձ էլ ընտրեն, քանի որ ես ինքնաբացարկ չեմ կարող ներկայացնել, ես հրաժարական կտամ. դա դատարան չէ, որ ես նախագահ լինեմ:
-Նեղացե՞լ եք:
-Ումի՞ց:
-Ձեր կոլեգաներից, որ Ձեզ չընտրեցին ԲԴԽ անդամ:
-Ոչ, այդ դատարանը չի կարող դատարան լինել, արհեստական կառույց է, քանի որ դատարանի նախագահը չի կարող իր բնականոն գործունեությունը ապահովել:
-Ինչո՞ւ:
-Անհնար է այդ դատարանը ղեկավարել այս գործիքակազմով, դատարանների հեռավորություններով, շենքերով եւ այլն:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ դրա անհնարինության մասին կան թե՛ օբյեկտիվ եւ թե՛ սուբյեկտիվ պատճառներ: «Առաջինը` կարծում եմ` քվեարկող կոլեգաների հետ հակադիր տեսլական, կարելի է ասել, նաեւ տարբեր շարժառիթներ ունենալն է, իսկ երկրորդը` ինձ մոտ նման ցանկության բացակայությունը»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՏԱՎՈՐՆ ՈՒ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարվել էր խուզարկություն: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` չի բացառվում, որ խուզարկությունը կապված է դատավորի աշխատասենյակից կեղծ ծանուցում տրամադրելու ինչ-որ գործի հետ:
Նշենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորն էր, որը որոշել էր կասեցնել «Մարտի 1»-ի գործով վարույթը ու դիմել էր Սահմանադրական դատարան: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Դավիթ Գրիգորյանը հաստատել էր խուզարկության մասին տեղեկությունը՝ նշելով, որ կարգավիճակ չունի, եւ, առհասարակ, խուզարկությունը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործի հետ. «Դա մեկ այլ գործ է: Կարող եմ ընդամենը ասել, որ դա այլ գործ է, որը հարուցվել է պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ»:
Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը մինչ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկելը այդ մասին իրազեկել է Բարձրագույն դատական խորհրդին, որից հետո նոր կատարել է քննչական գործողություններ: Նկատենք, որ ո՛չ նախաքննական մարմինը, ո՛չ էլ Դավիթ Գրիգորյանը չեն գաղտնազերծում, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել այդ մասին:
Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն` իրավապահներին դիմում է եղել, որ Դավիթ Գրիգորյանի աշխատակազմից կեղծ ծանուցում է արվել: Իրավապահները գործին ընթացք են տվել եւ այդ ամենի արդյունքում խուզարկություն են իրականացրել Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում, առգրավել նրա համակարգիչը, որից հետո աշխատասենյակը կնիքվել է:
Ի դեպ, իրավապահ համակարգից տեղեկացանք, որ քրեական գործը չի հարուցվել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ: Իրավապահները քննություն են տանում այն ուղղությամբ, թե արդյոք կեղծ ծանուցումը արվել է նրա աշխատասենյակից, թե ոչ:
ԸՆԴԴԵՄ ԵՊՀ-Ի
Երեւանի պետական համալսարանի աշխատակիցները դատարանի միջոցով են փորձում վերականգնել իրենց իրավունքները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հուլիսի 16-ին Մակտալինա Պապիկյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` ընդդեմ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի` պահանջելով աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչել, նախկին աշխատանքում վերականգնել եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ բռնագանձել:
100.000 ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է կազմակերպված խմբի կողմից առանց համապատասխան թույլտվության մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման եւ իրացման դեպք: ՀՀ մի խումբ քաղաքացիներ, պարբերաբար մեկնելով ՌԴ, Ուկրաինա, Վրաստան, Թուրքիա, եվրոպական տարբեր երկրներ եւ չունենալով դեղերի ներմուծման հավաստագիր, ձեռք են բերել մեծ քանակությամբ դեղեր: Մաքսային հսկողությունից թաքցնելով` պարբերաբար տեղափոխել եւ առանց փաստաթղթային ձեւակերպման իրացրել են շուրջ 70 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով դեղորայքը` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 35 մլն դրամի վնաս: Հայտնաբերվել եւ առգրավվել են շուրջ 320 անվանում 3.000 տուփ դեղեր` նախնական հաշվարկով մոտ 100.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ: Հարուցվել է քրգործ, կատարվում է նախաքննություն:
ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐՎՈՒՄ
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննության է տարվում` 32-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով` 2019թ. մայիսի 1-ին «Արմենիա» բկ-ից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքով, սրտի վնասումով, արյունահոսությամբ իրենց մոտ է տեղափոխվել 1986թ. ծնված տղամարդ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Նշենք, որ նույն օրը կատարվել է վիրահատություն, սակայն վերջինս մահացել է:
4 ԳՈՐԾ
Հայաստանում ՔԿՀ-ներում խոշտանգումների դեպքերով 2015-ից մինչ այսօր դատարանների կողմից չի արձանագրվել եւ ոչ մի դեպք. չորս գործ է ուղարկվել դատարան, մեկով արդարացման վճիռ է եղել, դատախազությունը բողոքարկել է այն: Այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: ՄԻՊ գրասենյակը հայեցակարգ է մշակել, որն ուղարկվել է կառավարություն, արդարադատության նորանշանակ նախարարի հետ Արման Թաթոյանը քննարկել է այս հարցը:
ՀԱՅԵՐ ԵՆ ՄԱՀԱՑԵԼ
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ Կրասնոդարի մարզում, ինչի հետեւանքով մահացել են Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքի բնակիչները` 32-ամյա Միշա Մկրտչյանը, նրա 28-ամյա կինը, 4 եւ 6 տարեկան երեխաները: Կրասնոդարում ավտովթարից զոհված ընտանիքը Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքից էր: «Ford» մակնիշի մեքենան կորցրել է կառավարումը, դուրս է եկել երթեւեկելի գոտուց` բախվելով ծառին: