ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՄԵՔԵՆԱՅԻ ՏԵԽԶՆՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հայտնի փաստ է, որ վարորդների մեծ մասը ժամանակ չի հատկացնում տեխնիկական զննության համար: Ավելին, նրանք տեխզննման կտրոններ ձեռք են բերում առանց մեքենայի իրական զննություն անցկացնելու` ընդամենը վճարում կատարելով: Հիմա, կարծես թե, սայլը տեղից շարժվում է:

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` Հայաստանի տարածքում շահագործվող մեքենաները ենթակա են տեխնիկական զննության: Այսինքն` յուրաքանչյուր վարորդ պատասխանատու է իր մեքենայի սարքին վիճակի համար. նա տարեկան մեկ անգամ այն պետք է տեխնիկական զննության ենթարկի, մինչդեռ պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ դժբախտ ելքերով վթարների հիմնական պատճառը մեքենաների անսարքությունն է:
«Ժողովուրդ» օրաթերթն առաջին անգամ չէ, որ անդրադառնում է տեխզննման կտրոնների տրամադրման բարձիթողի վիճակին. տարիներ շարունակ հրապարակել եք, որ տեխզննումը պետք է լինի պարտադիր եւ իրական, որպեսզի անսարք մեքենաներ դուրս չգան փողոց ու չվտանգեն մեր կյանքը: Նշենք, որ նախկինում տեխզննման կտրոնները տրամադրվում էին տեխզննման կայանների կողմից. մեքենան զննում էր անցնում, հետո միայն սարքին լինելու դեպքում վարորդին տրամադրվում էր համապատասխան կտրոնը: Բայց Տիգրան Սարգսյանի կառավարությունը դեռեւս 2011 թվականին ոլորտում կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով տեխզննման կտրոնների ստացման կարգը փոխեց, եւ դրանց տրամադրումը իրականացվեց բանկերի կողմից: Այսինքն` ավտոմեքենայի սարքին լինել-չլինելը մնաց վարորդների խղճին: Հասկանալի է` Տ.Սարգսյանը, որ ԿԲ նախագահ էր, հետո դարձավ ՀՀ վարչապետ, ամեն ինչ անում էր բանկիրի տրամաբանությամբ` օգուտ տալով այդ ոլորտին:
Մարդիկ փողը վճարում են բանկին, ու վստահաբար նրանց շատ քիչ տոկոսն է մեքենաների տեխզննում անցնում: Գումարի շատ քիչ մասն է վերադարձվում տեխզննման կայաններին, իսկ մնացած գումարը մնում է պետությանը: Անգամ հայտնի չէ, թե ինչի վրա կամ որտեղ են ծախսվում այդ գումարները:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ճանապարհային երթեւեկության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ են տեղի ունենալու: Այս մասին որոշման նախագիծը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նոր է շրջանառության մեջ դրել: Մեզ հայտնի դարձավ, որ այս օրենսդրական փաթեթի ընդունումը կհանգեցնի պետական բյուջեի եկամուտների նվազմանը շուրջ 9.5 մլն դրամի չափով:
Նախ` տեխնիկական զննության կտրոնի տրամադրման պահանջը նախատեսվում է հանել, իսկ վերահսկողությունը իրականացնել էլեկտրոնային շտեմարանի եւ արատորոշման քարտի միջոցով: Այն լրացվում է էլեկտրոնային եղանակով եւ պահպանվում էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն է տալիս վերահսկողություն իրականացնել նաեւ էլեկտրոնային եղանակով, առանց մեքենան կանգնեցնելու:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոխարինման կենթարկվեն ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի թիվ 344-Ն եւ 2011 թվականի թիվ 350-Ն որոշմամբ հաստատված կարգերը, որոնցով կնախատեսվի տեխնիկական զննության պահանջների որոշ մասը պարտադիր լինեն ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների եւ մինչեւ 3500 կգ առավելագույն ընդհանուր զանգված ունեցող բեռնատար տրանսպորտային միջոցների համար: Իսկ, ահա, նոր թողարկվածների դեպքում առաջին զննությունը կլինի երեք տարի, երկրորդը` 2 տարի հետո, ապա` տարին մեկ պարբերությամբ: Ամբողջ ծավալով ստուգվեն միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցները (մոտ 12000 միավոր) եւ 3500 կգ-ից ավելի ընդհանուր զանգված ունեցող բեռնատար մեքենաները, կցորդ/կիսակցորդները, հատուկ եւ մասնագիտացված տրանսպորտային միջոցները տարին մեկ պարբերականությամբ:
Բացի այս, բոլոր տեսակի մեքենաները կրկնակի տեխնիկական զննության կներկայացվեն միայն 1-ին եւ 2-րդ կետերով հայտնաբերված թերությունները կամ անսարքությունները վերացնելուց հետո: Մնացած դեպքերում արատորոշման քարտում եւ էլեկտրոնային շտեմարանում կլրացվեն անսարքությունները կամ թերությունները: Նաեւ 20-օրյա ժամկետում ներկայանալու դեպքում տեխնիկական զննությունը կանցկացվի կոնկրետ թերության կամ անսարքության մասով եւ անվճար:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ էլեկտրոնային ծրագիրն արձանագրում է տրանսպորտային միջոցի արգելակային ստենդի վրա բարձրանալը` ֆիքսելով տվյալ տրանսպորտային միջոցի քաշը: Համապատասխան տողում «0» թվի առկայությունը փաստում է տեխնիկական զննության կարգի պահանջների չկատարումը կայանի կողմից, որի «Պարամետր 1, 2. 3, 4» սյունակներում առկա «0»-ները փաստում են, որ տվյալ մեքենայի տեխզննումը կատարվել է առանց արգելակային ստենդի վրա բարձրանալու:
Իսկ, ահա, օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով տեխնիկական զննություն չանցած կամ տեխնիկական զննության արդյունքում անսարք ճանաչված մեքենան վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով (20 հազար դրամ): Առանց տեխնիկական զննություն անցկացնելու մեքենան տեխնիկապես սարքին ճանաչելն առաջացնում է տուգանք տեխնիկական զննության կայանի ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով (1 մլն դրամ), լիցենզիայի գործունեության դադարեցմամբ կամ առանց դրա:
Նաեւ տեխնիկական զննություն անցած մեքենայի վերաբերյալ բոլոր տվյալները առցանց չփոխանցելը կամ թերի փոխանցելու դեպքում կայանի ղեկավարը կտուգանվի 100 հազար դրամի չափով կամ էլ կդադարեցվի լիցենզիայի գործունեությունը:
«Քառ սիթի սերվիս» տեխնիկական զննման կայանից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ, նախորդ տարվա համեմատ, այս տարվա ընթացքում զգալի ավելացել է մեքենան տեխզննում անցկացնող վարորդների թիվը: Այս տեխզննման կայանի ղեկավարությունն անհանգստացած չէ, քանի որ վստահ են, որ իրենք գործում են «օրենքի տառին համապատասխան»: «Ոչ մի խնդիր չունենք, մեզ մոտ մեքենայի տեխնիկական զննությունը տեսանկարահանվում է: Ավելին` նախարարությունն էլ տեսնում է` մեզ մոտ օնլայն տարբերակն է գործում, բոլոր միացումները տրված են»,- փոխանցեցին կայանից:
Զրույցի ընթացքում պարզ դարձավ նաեւ, որ մեքենայի տեխզննման ծառայության սակագինը բարձրացել է: Պատճառը բնապահպանական վճարի համար գանձվող հարկի բարձրացումն է: Վարորդները դժգոհում են, բայց եթե չվճարեն, ապա կտուգանվեն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԲԱՐՁՐԱՑԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ
Բազմիցս պաշտոնապես հայտարարվել է, որ զինծառայողների աշխատավարձն այս տարվա հունիսի 1-ից կբարձրանա 10 տոկոսով, իսկ կրտսեր կազմի եւ հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների աշխատավարձը` մինչեւ 20 տոկոսով: Ադրբեջանի հետ սահմանը հսկող պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը բարձրանում են 18 տոկոսով: Տավուշի մարզի պայմանագրային զինծառայողները «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ իրենք հունիս ամսվա աշխատավարձին ավելացված գումարը չեն ստացել:
Զանգահարեցինք ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին, որը փոխանցեց, որ զինծառայողները տվյալ ամսվա աշխատավարձը այլ հիմնարկների աշխատողների նման հաջորդ ամիս չեն ստանում, այլ նույն ամսվա ընթացքում: Հովհաննիսյանը հայտնեց, որ հունիս ամսվա աշխատավարձի բարձրացված չափը զինծառայողները կստանան հուլիս ամսվա աշխատավարձը ստանալիս:
Պայմանագրային զինծառայողներից տեղեկացանք, որ սովորաբար աշխատավարձը ստանում են տվյալ ամսվա 27-ին կամ 28-ին: Հուլիսի 27-ին կամ 28-ին պարզ կդառնա, թե սահման պաշտպանող պայմանագրային զինծառայողները ստացան հունիս եւ հուլիս ամիսների համար հասանելիք աշխատավարձի ավելացված գումարը, թե ոչ:

 

 

 

ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՄԱՄՈՒՌ Է ՉՈՐԱՑՆՈՒՄ
Գործարար Ռուբեն Վարդանյանին պատկանող «Դիլիջան Դեվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ի գործունեության հետեւանքով Դիլիջանի բնակիչները եւ զբոսաշրջիկները ստիպված են հանդուրժել քաղաքի կենտրոնում տգեղ տեսարանը, շնչել գարշահոտը:
Պարզվում է՝ Դիլիջանի կենտրոնի գարշահոտ տարածող լիճը գործարար Ռուբեն Վարդանյանի ջանքերով մաքրվել է մամուռներից: Մաքրվելուց հետո ջուրն իսկապես չի բուրում, բայց խնդիրն այն է, որ Վարդանյանին պատկանող ընկերության կողմից լճից հանված մամուռը լցվել է շրջակայքը, որպեսզի չորանա եւ հետագայում որպես պարարտանյութ օգտագործվի:
Դիլիջանցիներից շատերը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասացին, որ զբոսաշրջային քաղաքի կենտրոնում գտնվող լճակի շրջակայքում է փռվել մամուռը, որը զբոսաշրջիկների համար բավականին տհաճ տեսարան է եւ գարշահոտ է տարածում: Եթե խնդիր կա մամուռը չորացնելու, կարելի է դա կազմակերպել այլ վայրում՝ բնակիչներին ավելորդ զզվանք չպատճառելով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական գնումների համակարգի ընթացիկ վիճակը եւ բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Ապա ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկարագրել է պետական գնումների համակարգը: Անդրադարձ է կատարվել պետական գնումների կարգավորումներին, ընթացակարգերին, գնման տեսակներին, թղթային եւ էլեկտրոնային գնումների կազմակերպմանը, գնումների գործընթացներին մասնակցող ընկերություններին ներկայացվող պահանջներին, հայտերի գնահատման գործընթացին, բողոքարկման ընթացակարգին եւ գնումների կազմակերպման պարզեցմանը: Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է հետեւողականորեն շարունակել ոլորտի բարեփոխումներն ու ներկայացնել օրենսդրական անհրաժեշտ կարգավորումներ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն դեպքերի համար պետք է ստեղծել համապատասխան պայմաններ եւ իրականացնել այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնք կմեծացնեն մեր երկրի ներդրումային գրավչությունն օտարերկրյա ներդրողների շրջանում:




Լրահոս