ԱՐՏԱՍՈՎՈՐ ՀՈՐԴՈՐ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզխորհրդի վերջին` հուլիսի 11-ի նիստում, ի թիվս այլ խնդիրների, քննարկվել են մարզում գյուղատնտեսական աշխատանքների, բերքահավաքի ուղղությամբ կատարվող աշխատանքների, այդ ոլորտում նախատեսվող աշխատանքների մասին հարցերը: Մարզխորհրդի նիստի շատ մասնակիցների զարմացրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի կողմից մարզի համայնքների ղեկավարներին հղած բարոյախրատական հորդորը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Չոբանյանը, դիմելով համայնքապետերին, մոտավորապես ասել է հետեւյալը. «Ձեր գյուղի բնակիչ երիտասարդը դիմում է բանկի, աննախադեպ մեծ գումարի վարկ է ստանում խոզաբուծությամբ զբաղվելու համար, այնքան մեծ գումար, որ ամբողջ կյանքում չի կարող ունենալ: Դուք այդ երիտասարդի ձեռքը բռնո՞ւմ եք, որ վարկ չվերցնի, խոզերը չանկեն, երբ համագյուղացու խոզերը հիվանդանում են, դրանք բուժելու համար դուք անասնաբույժ բերո՞ւմ եք»: Ներկաները տարակուսանք են ապրել, որ մարզպետը համայնքների ղեկավարներին ստիպում է անել այն, ինչը նրանց պարտադիր, օրենքով սահմանված լիազորությունների մեջ չի մտնում: Մարզի համայնքներում անասունների մեծաքանակ անկումներ են լինում, սակայն շատ դեպքերում լաբորատոր հետազոտություններ չեն կատարվում անասունների անկման պատճառ դարձած հիվանդությունները պարզելու համար: Սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում, Նոյեմբերյան համայնքի մաս կազմող սահմանամերձ Կոթի գյուղում այս տարի հարյուրավոր խոզեր են սատկել, սակայն դրանց տերերը պետությունից դրամական օգնություն կամ փոխհատուցում չեն ստացել, մինչդեռ պետական բյուջեից աջակցություն ստացել է մարզպետ Չոբանյանի մտերիմ Ավետիք Ադամյանը: Կառավարության որոշմամբ` 2019թ. փետրվարի 2-ին Չինչին բնակավայրում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով Արծվաբերդի անտառտնտեսության նախկին տնօրեն Ավետիք Ադամյանի անասնապահական ֆերմային պատճառված վնասը մասնակի փոխհատուցվել է, նրան տրամադրվել է մոտ 24 միլիոն դրամի աջակցություն: Ավետիք Ադամյանը երկար տարիներ ղեկավարել է Բերդի տարածաշրջանի անտառները տնօրինող Արծվաբերդի անտառտնտեսությունը:
Մարզպետ Հ. Չոբանյանին հարցրի Ավետիք Ադամյանի` իր մտերիմը լինելու մասին եւ թե ինչու բնական աղետներից տուժած կամ անասունների անկում ունեցած մյուս տավուշցիներին պետական բյուջեից աջակցություն չի տրվում: Նա ասաց, որ Ա. Ադամյանը Չինչին գյուղից է, նա իրեն մտերիմ է, ինչպես իրեն մտերիմ են Բերդի տարածաշրջանի 20 հազար բնակիչներ: Մարզպետն ասաց, որ Ադամյանի անասնաֆերման այրվել է էլեկտրական հոսանքի տատանումից, պետբյուջեից այդ աջակցությունը ինչ-որ տեղ նախադեպային էր: Ինքը` որպես մարզպետ, աջակցում է տուժած տավուշցիներին, բանկերի ղեկավարների հետ բանակցում է տուժած գյուղացիների վարկերը վերաձեւակերպելու համար, իրենք տուժածներից ոմանց անասուններ են տրամադրում, բնական աղետներից տուժածների եւ վնասների մասին տվյալները ներկայացվել են կառավարություն: Գյուղապետերին տրված իր խորհրդի վերաբերյալ Հ. Չոբանյանն ասաց, որ գյուղապետերը պետք է ոչ միայն վարչական ղեկավար լինեն, այլեւ գյուղացու խորհրդատուն, քանզի Տավուշը գյուղատնտեսական մարզ է: Նա ասաց, որ գյուղի անասնաբույժը, գյուղատնտեսը կարեւոր են գյուղի համար, գյուղապետը պետք է գյուղացու կողքին լինի, լինի նաեւ նրա խորհրդատուն:
Մարզպետ Հայկ Չոբանյանի նախաձեռնությամբ` 2019թ. հուլիսի 13-ին մարզպետարանի ղեկավար աշխատողները, մարզի շատ համայնքների ղեկավարներ, ՀԿ-ների, երիտասարդների հետ ներգրավվել են Հայաստանի կոմպոզիտորների միության` Դիլիջանի ստեղծագործական տունը աղբից մաքրելու համար անցկացված շաբաթօրյակին: Տավուշի մարզի համայնքների ղեկավարները իրենց գյուղերից տասնյակ կիլոմետրեր են կտրել վերոհիշյալ ստեղծագործական միությանը, հասարակական կազմակերպությանը պատկանող տարածքը բարեկարգելու, աղբից մաքրելու համար, մինչդեռ իրենց համայնքներում աղբահանության, տարածքը բարեկարգելու, ենթակառուցվածքները բարելավելու առումով անելու շատ գործեր կան: Մարզի որոշ համայնքապետեր, անտեսելով մարզպետի կոչը, Դիլիջանի ստեղծագործական տան շրջակայքը մաքրելու համար անցկացված շաբաթօրյակին չեն մասնակցել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

 

ՔԱՐԿՈԾԼՈՎ ՍՊԱՆԵԼ ԵՆ
Մոսկվայում բնակվող լրագրող, միջազգայնագետ Ջումա Աբբասը սոցցանցի իր էջի հրապարակման մեջ գրել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում Սյուզան Դեր Կարկուր անունով հայ կնոջ են սպանել։ Տեղի քրիստոնյա հոգեւորականի հրահանգով հուլիսի 9-ից սկսել էին որոնել ծխականները։ Որոնումների արդյունքում նրա մասնատված դին հայտնաբերվել է ամայի մի դաշտում։ «Դիահերձման արդյունքում պարզ դարձավ, որ կնոջը 9 ժամ շարունակ տանջանքների են ենթարկել, իսկ հետո Թուրքիայի կողմից աջակցություն ստացող այդ գազանները Սյուզանին քարկոծելով սպանել են»,- նշել է Աբբասը: Արաբագետ Արմեն Պետրոսյանը եւս հաստատել է տեղեկության իսկությունը՝ ներկայացնելով որոշ պարզաբանումներ: Ըստ փորձագետի՝ «Սյուզան Դեր Կարկուրի մահվան լուրը տարածվել է դեռեւս հուլիսի 12-ին։ Նա բնակվում էր Իդլիբ նահանգի Ջիսր ալ-Շուղուր բնակավայրին հարակից երբեմնի հայաբնակ ալ-Յաքուբե գյուղաքաղաքում: Սյուզան Դեր Կարկուրն այդ բնակավայրում մնացած միակ հայն էր եւ ամուսնացած էր քրիստոնյա արաբի հետ: Հալեպահայ համայնքի ներկայացուցիչների կողմից բազմիցս առաջարկվել է տեղափոխել տիկնոջը Հալեպ, բայց ապարդյուն:

 

 

 

 

ՔԱՐԱԹԱՓՈՒՄ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը երեկ ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի «Չարքյանդ» կոչվող ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, առկա է ավելի մեծ քարերի ընկնելու վտանգ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում. քարերն ընկել են ոչ երթեւեկելի հատված, առկա է քարաթափման վտանգ: Փրկարարները սահմանազատել են տարածքը:

 

 

 

 

ԱՊԱՔԻՆՎՈՒՄ ԵՆ
Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետեւանքով ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 14-ամյա տղան, որը սկսել է շնչել ինքնուրույն, վիրահատվել է։ Տղայի մոտ կատարվել է ստորին վերջույթների ոսկրային բեկորների համադրում, օսթեոսինթեզ: Վիրահատությունը հաջող է անցել: Տղայի ընդհանուր վիճակը գնահատվում է բավարար: Մյուս տուժածը՝ 16-ամյա աղջիկը եւս շարունակում է բուժում ստանալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։ Նա նախորդ շաբաթ հաջողությամբ վիրահատվել էր, այս պահին պլանային բուժում է ստանում: Կյանքին վտանգ չի սպառնում: Նույն վթարից երրորդ տուժածը՝ 12-ամյա տղան, հուլիսի 12-ին ապաքինված դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Հիշեցնենք՝ հուլիսի 7-ին հանգստի մեկնելու ճանապարհին` Գորիի մոտակայքում, վարորդը կորցրել էր մեքենայի կառավարումն ու բախվել արգելապատնեշին: Վթարի հետեւանքով մահացել էր 3 մարդ, 5-ը` տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել:

 

 

 

 

ՊԵՏՔ Է ՑՐԵԼ
Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը պետք է ցրել, քանի որ տարիներ շարունակ անգործության է մատնված եղել. այս մասին ասել է «SOS Սեւան» նախաձեռնության անդամ, բնապահպան Սիլվա Ադամյանը` դիմելով հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանին: «Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը տարիներ շարունակ անգործության է մատնված: Եվ արել է ամեն ինչ, որպեսզի Սեւանը հասնի այս վիճակին»,- ասել է նա: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց է ուղղել Յ. Ջավադյանին. «Դուք ընդունո՞ւմ եք «SOS Սեւան»-ի այն մեղադրանքը, որ այս տարիների ընթացքում Դուք մեղավորության եւ պատասխանատվության Ձեր բաժինն ունեք Սեւանի ներկայիս վիճակի համար»: Ջավադյանը պատասխանել է, որ բնապահպանները հանձնաժողովի անդամների աշխատանքից տեղյակ չեն. «Մեր հանձնաժողովի անդամները ակադեմիայի, ինստիտուտի տնօրեններն են հիմնականում: Հանձնաժողովի բոլոր արձանագրությունը 3 օրվա ընթացքում ուղարկում ենք կառավարություն, 3 օրվա ընթացքում էլ կներկայացնենք նաեւ Ազգային Ժողովին: Եվ ես էլ տարիներ շարունակ Ձեզ չեմ տեսել»,- ասել է Ջավադյանը:




Լրահոս