«ԵՐԲԵՄՆ ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆՍ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ԻՆՁ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը կինոյի եւ թատրոնի դերասան Հայկ Սարգսյանն է: Նա անդրադարձել է կինոյի ձգողական ուժին, թատրոնի եւ դերասանի «հարաբերություններին», իր նախասիրություններին: Մեր զրուցակիցը խոսել է նաեւ դերասանուհի կին ունենալու առավելությունների մասին:

-Հա՛յկ, երբ դրսում տեսնում եւ ճանաչում են Ձեզ, մտածում եք, որ…
-Դե դա միշտ էլ հաճելի է յուրաքանչյուր դերասանի համար՝ անկախ այն հանգամանքից՝ ճանաչողը դերասանի խորությունն ու տեսակը պատկերացնում է, թե ոչ: Նույնիսկ երբ մտածում են, որ կարող են դերասանի հետ շփվել այնպես, ինչպես իրենց բակի մարդկանց հետ, էլի հաճելի է այդ շփումը:
-Ձեր արտաքինն ավելի շատ համարում եք ունիկա՞լ, առնակա՞ն, թե՞ տպավորիչ:
-Առնական:
-Վրեժի զգացումը որքանո՞վ է հոգեհարազատ Ձեզ:
-Ընդհանրապես իմը չէ դա:
-Ամենալավ բանը, որ եղել է Ձեր կյանքում:
-Դեռ առջեւում է:
-Կնոջը պետք է սիրել այնպես, որ…
-Կնոջն ուղղակի պետք է սիրել:
-Ամուսնությունը դերասանի համար ի՞նչ է:
-Հոյակապ երեւույթ է: Դերասանն էլ, ինչպես բոլորը, ունի մարդկային ջերմության, ընտանիք կազմելու պահանջ: Այդ ջերմությունն ուրիշ տեղ չես կարող գտնել եւ վայելել:
-Դերասանուհի կին ունենալը հե՞շտ է, թե՞ դժվար (Հայկ Սարգսյանի կինը դերասանուհի Գոհար Սարգսյանն է-հեղ.):
-Իհարկե, հաճելի է, որ նրա ապրելակերպն ու կյանքի բանաձեւերը մոտ են քոնին:
-Միմյանց հետ ամենաշատը ինչի՞ շուրջ եք վիճում:
-Շատ անգամներ կինս ասում է, որ պետք է ճիշտ ու տեղին գնահատեմ դերասանի այն ուղին, որով անցել եմ: Երբեմն համեստությունս խանգարում է ինձ, թույլ չի տալիս ներկայանալ այնպես, ինչպես պետք է: Կինս ասում է, որ պետք չէ համեստություն անել այն էլ այն դեպքում, երբ անգրագետների ու տգետների բազմությունը հաճախ կարող է իրեն ուժեղ դերասան համարել:
-Ո՞րն է Ձեր ամենամեծ առավելությունն ու թերությունը:
-Առավելությունս այն է, որ կարողանում եմ ներել երբեմն անգամ աններելին: Միշտ փորձում եմ գտնել արդարացում մարդկային վարքի համար՝ մտածելով, որ դիմացինը կհասկանա՝ ներվում է ոչ թե որովհետեւ ինքն է ճիշտ, այլ որ կա մարդկային տեսակ, որը կարող է իր արարքը ներել: Իսկ ամենամեծ «թերությունս» այն է, որ չեմ կարողանում ռոբոտացված կյանքով ապրել: Ոմանց աչքերով դա այսօր կարող է համարվել թերություն:
-Կյանքը Ձեզ սովորեցրել է…
-Որ դրականն ու գեղեցիկը մեզ հետ կատարվում են ամբողջ կյանքում, պարզապես պետք է տեսնել ու զգալ: Երջանկությունը մեզնից դուրս չպետք է փնտրենք:
-Ումի՞ց եք շատ սովորել:
-Ծնողներիցս, բնությունից, դասախոսներիցս, վարպետներիցս, հանդիսատեսից, ժողովրդից, սովորական մարդկանցից: Յուրաքանչյուր պահի սովորում եմ. այդ ընթացքը չի դադարում երբեք: Հասկանում եմ, թե որքան քիչ բան գիտեմ:
-Մարդկային տեսակ, որը Ձեզ համար ամենաանընդունելին է:
-Նախանձ մարդկանց հետ շփումս միանգամից կտրում եմ:
-Ո՞վ է ընկերը:
-Աստծուց ուղարկված մարդը:
-Երբ նեղն եք ընկնում, առաջինն ո՞ւմ եք զանգահարում:
-Դե նայած, թե հարցն ինչին է վերաբերում: Հարզատներիս, ընտանիքիս անդամներին, ընկերներիս եմ զանգահարում:
-Ձեր երեխաները Ձեր ո՞ր հատկություններն են ժառանգել:
-Ինձ թվում է՝ ամենակարեւորը՝ բարությունը: Ի դեպ, դա ձեռքբերովի չէ, դրանով օժտված ծնվում են:
-Թատրոնը ո՞ր դեպքում կարող է խռովել դերասանից:
-Թատրոնը չի խռովում դերասանից երբեք: Տնօրենը, մյուս աշխատակիցները կարող են խռովել, բայց թատրոնը կարող է պատժել դերասանին, որը ձեւանում է, ոչ թե վերապրում է իր դերերը, որը պատկանելիություն չունի, թատրոնում հայտնվել է էգոյի, մոդայի հետեւից ընկնելու պատճառով:
-Կինոն ինչո՞ւ է ձգում Ձեզ:
-Հենց իր պրոցեսի, ընթացքի համար: Անգամ աչք թարթելը կարող է պատկեր փոխել: Այն լիովին տարբերվում է թատրոնից եւ ունի իր սպեցիֆիկան: Հաճախ կինոյում տեսնում ենք թատրոնի դերասանի 10 տոկոս հնարավորությունները, որովհետեւ կինոֆորման բոլորովին տարբերվում է թատերային ձեւաչափից:
-Ինչի՞ համար արժե ապրել:
-Սիրելու, միանշանակ: Երբ դու ես սիրում, աստվածային զգացում է: Սիրել մարդկանց, ընտանիքդ… Սերը միակ բանն է, հանուն որի արժե ապրել: Վիսոցկին հանճարեղ մի արտահայտություն ունի. «Ապրում եմ, նշանակում է՝ սիրում եմ: Սիրում եմ, նշանակում է՝ ապրում եմ»:
-Եվ վերջում՝ իմ հարցերից ո՞րը Ձեզ դուր եկավ:
-Հենց այս հարցը, թե հանուն ինչի արժե ապրել:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ՈՐՏԵ՞Ղ ԿՀԱՆԳՍՏԱՆԱ ՍՈՖԻ ԴԵՎՈՅԱՆԸ

Պարուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Սոֆի Դեւոյանը հանգստի կմեկնի սեպտեմբերին: Նա ամուսնու հետ նավով կշրջագայի Իտալիայում:

Տիկին Դեւոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ եղել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Քիչ թվով երկրներ կան, որտեղ պարուհին չի հասցրել լինել, դրանցից մեկն էլ Իտալիան է. «Շատ եմ ուզում գնալ, Պիզայի աշտարակը տեսնել, Սիքստինյան կապելլան: Բացի Հռոմից, տարբեր քաղաքներում կլինենք: Ասեմ, որ ակտիվ հանգստի սիրահար եմ: Նախընտրում եմ քայլել, այցելել տարբեր տեսարժան վայրեր, մշակութային օջախներ: Պաշտում եմ նաեւ ծովը, այս անգամ էլ անպայման նաեւ ծով կայցելեմ»,-ասաց մեր զրուցակիցը:
Հարցին, թե արդյոք երեխաների, թոռների հետ շրջագայելու պլաններ ունի, պարուհին պատասխանեց, որ թոռնիկներն արդեն հասցրել են հանգստանալ, նաեւ այս շրջանում բավական զբաղված են, ուստի նպատակահարմար է համարում ճամփորդել ամուսնու հետ:
Քանի որ տիկին Դեւոյանը սիրում է միջանկյալ եղանակները՝ գարուն եւ աշուն, որոշել է, որ հենց աշնանը կմեկնի հանգստի, ոչ թե ամռանը, ինչպես անում են շատերը: Հարցին, թե որ երկրներն են մեծ տպավորություն գործել իր վրա, տիկին Դեւոյանը պատասխանեց. «Շատ եմ սիրում Ֆրանսիան: Ինձ երբեմն թվում է, թե նախորդ կյանքում այնտեղ եմ ծնվել: Բավական տպավորիչ է եղել նաեւ այցս Հնդկաստան եւ Լատինական Ամերիկա»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ ստացվում է արդյոք համատեղել աշխատանքը հանգստի հետ. «Այս աշնանը ինձ իսկապես պետք է հանգստանալ, քանի որ սեպտեմբերի վերջին համերգ ունենք, եւ հետո շատ մեծ նախագծի շուրջ եմ աշխատում, բայց ամբողջ կյանքում, այո, համատեղել եմ գործնական շրջագայություններս հանգստի հետ»,- մեկնաբանեց պարուհին:
Նա նաեւ հավելեց, որ աշխատանքն իր հանգիստն է. երբ աշխատում է, մեծ բավականություն է ստանում, խաղաղվում է, երբ ոչ, հոգնում է:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ՋԱԽՋԱԽԵՑ
Կայացավ Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի «Բանանց»-«Չուկարիչկի» պատասխան հանդիպումը: Խաղը սկսվեց եւ ավարտվեց սերբական թիմի բացահայտ առավելությամբ: Խաղի վերջում «Բանանց» խաղադաշտի լուսատախտակին վառվեց 0:5 հաշիվը: Հիշեցնենք, որ հայկական թիմը առաջին խաղում սերբերին զիջել էր 0:3 հաշվով եւ ընդհանուր հաշվով պարտվելով` 0:8 հաշվով հայկական թիմը դուրս մնաց Եվրոպա Լիգայի հետագա պայքարից: Խաղից անմիջապես հետո լրագրողների հետ շփվեց «Բանանցի» գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինը. «Այս խաղը մեծ դաս էր ինձ համար: Խաղի մասին ասելու ոչինչ չունեմ. «Չուկարիչկին» արժանի հաղթանակ տարավ: Կյանքը շարունակվում է, կփորձենք ուղղել մեր սխալները»:

 

 

 

ԱՊԱԳԱՆ ԱՆՈՐՈՇ Է
Իսպանական Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարը, ամենայն հավանականությամբ, կլքի Ֆրանսիայի մայրաքաղաքը: Նշվում է, որ եթե ձախողվի բրազիլացու կատալոնական «Բարսելոնա» տեղափոխությունը, ապա նա կարող է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս» կամ Մյունխենի «Բավարիա»: Աղբյուրը հայտնում է, որ Նեյմարը պատրաստ էր քննարկել նաեւ «Մանչեստեր Յունայթեդի» առաջարկը, եթե անգլիական ակումբը որակավորված լիներ Չեմպիոնների Լիգայի հաջորդ խաղարկությանը: Բրազիլացու տրանսֆերային արժեքը 300 մլն եվրո է գնահատվում:

 

 

 

ԻՏԱԼԻԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Իսպանական հեղինակավոր AS պարբերականը հայտնում է, որ «Մանչեստեր Յունայթեդի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն մոտ է Միլանի «Իտեր» տեղափոխվելուն: Նշվում է, որ բելգիացու տրանսֆերը իտալացիների վրա կարժենա, ո՛չ ավել, ո՛չ պակաս, 80մլն եվրո: Նշվում է, որ Լուկակուին ցանկանում էր ձեռք բերել նաեւ Թուրինի «Յուվենտուսը», սակայն նրանց առաջարկած գումարը այդպես էլ չբավարարեց «մանկունյական» ակումբի ղեկավարությանը:

 

 

 

«ՌՈՆԱԼԴՈՒԻ ՏՐԱՆՍՖԵՐԸ» ԿԱՅԱՑԱՎ
Ամստերդամի «Այաքսի» եւ Հոլանդիայի հավաքականի պաշտպան Մատիես դե Լիգտը կարիերան կշարունակի Թուրինի «Յուվենտուսում»: Նշվում է, որ ֆուտբոլիստի համար թուրինյան թիմը վճարել է 80մլն եվրո: Հոլանդացու տրանսֆերը նոր թիմի կազմում կկազմի 150մլն եվրո: Մատեիսի ծառայություններով հետաքրքրված էին նաեւ «Բարսելոնան», «Բավարիան», «Մանչեստեր Յունայթեդն» ու ՊՍԺ-ն, սակայն ֆուտբոլիստը ընտրեց իտալական ակումբը այն բանից հետո, երբ Ազգերի Լիգայի Պորտուգալիա-Հոլանդիա(1:0) խաղից հետո պորտուգալացիների եւ «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն դե Լիգտին խնդրել էր տեղափոխվել հենց «Յուվենտուս»: Այս տեղափոխությունը Թուրինում ստացել է «Ռոնալդուի տրանսֆեր» անվանումը:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս