ՀԻՄԱ ԷԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատության»-ը տված հարցազրույցում հայտարարել էր, որ վեթթինգի իրականացման նպատակը անկախ, անաչառ եւ սկզբունքային դատարանների ստեղծումն է: «Վեթթինգ նշանակում է որեւէ մեկի համապատասխանելիության ստուգում: Ինձ համար վեթթինգն այն է, որ այդ գործընթացի արդյունքում ունենանք մի դատարան, որն ինչ էլ որոշի, ասենք` մեր դատարանը որոշեց, որովհետեւ մեր դատարանն է, մենք գիտենք, որ սա անկախ, անաչառ, սկզբունքային դատարան է: Նպատակը վեթթինգը չի, նպատակն այսպիսի դատարան ունենալն է»,-նշել էր վարչապետը: Կարելի է ասել` վարչապետը փակել է տալիս վեթթինգի թեման ու այլ նպատակ առաջադրում:

Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում դատական համակարգի վերաբերյալ հանդես էր եկել հայտարարությամբ` ըստ որի Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթթինգի: Ըստ այդմ` հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Ի դեպ, այդ հայտարարությունից հետո էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, թե իրենք վեթթինգի նախագիծ են պատրաստվում ներկայացնել:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ:
-Պարո՛ն Բաղդասարյան, փաստորեն ստացվում է` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վեթթինգ է համարում անաչառ եւ սկզբունքային դատարանների ստեղծումը, բայց ի սկզբանե այլ նպատակ էր դրված: Ինչո՞ւ վարչապետը որոշեց փոխել այն գործընթացը, որը նախատեսված էր:
-Վեթթինգ իրականացնելը նշանակում է խորը ուսումնասիրել տվյալ անձի տվյալները, այսինքն` չսահմանափակվել հարցազրույցով, այլ պարզել, թե արդյոք ինքը նախկինում կապ է ունեցել նախորդ իշխանության հետ, արդյոք կոռուպցիոն երեւույթների մեջ ներգրավվածություն է ունեցել: Հարցադրումը պետք է այսպես հնչի, թե արդյոք անհրաժեշտություն է առանձին մարմին ստեղծել, թե ոչ: Վարչապետի ելույթից այդպես չէր հասկացվում, որ այո կամ ոչ, բայց երկու տարբերակն էլ հնարավոր է լիներ, եւ երկու տարբերակն էլ հնարավոր է արդյունավետ լինեն: Սակայն ես կարծում եմ, որ ավելի արդյունավետ կլինի առանձին հանձնաժողով:
-Այսինքն` Դուք կողմնակից եք, որ ոչ թե դատական համակարգում վեթթինգ իրականացվի, այլ դա արվի հանձնաժողովի միջոցո՞վ:
-Կա երկու մոտեցում. կարելի է անել գործող մեխանիզմների միջոցով, մեկն էլ անել դրա համար հատուկ ձեւավորված հանձնաժողովի միջոցով: Ես կողմնակից եմ, որ ստեղծվի հանձնաժողով, որի միջոցով իրականացվի այդ վեթթինգի գործընթացը: Բայց ես ասեմ, որ իմ այս տեսակետը 100 տոկոս ճիշտ չէ ու մնացածինը սխալ:
-Իսկ Դուք, լինելով իշխանության ներկայացուցիչ, Ձեր դիրքորոշումը ներկայացրե՞լ եք ՀՀ վարչապետին. արդյոք ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Դուք եւ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանն եք վարչապետին խորհուրդ տվել վեթթինգ իրականացնել դատաիրավական համակարգում:
-Եթե Դուք ինչ-որ տեսակետ ունեք, ապա պետք է այդ տեսակետը Ձեր ղեկավարի վրա փաթեթավորե՞ք. սխալ է այդ մոտեցումը: Ես ունեմ իմ տեսակետը ու այդ տեսակետը հրապարակային հնչեցրել եմ, որից հետո, բնականաբար, տեսակետներ քննարկվել են, այնպես չէ, որ միշտ մեկի տեսակետը ընդունելի է, իսկ մյուսներինը` սխալ: Հնարավոր է` վարչապետի հնչեցրած մոդելն ավելի արդյունավետ է, քան իմ կողմից հնչեցրած տեսակետը: Բնականաբար, երկար ժամանակ է` խոսում ենք տարբեր հարցերի շուրջ, խնդիրը հետեւյալն է. ի՞նչ ճանապարհով գնանք արդյունքի հասնելու համար. ես ուզում եմ, որ արագ արդյունք լինի: Մարդիկ կան, որ արդյունքը տեսնում են ոչ թե հանձնաժողովի, այլ գործող մեխանիզմների միջոցով, որն ավելի հանգիստ փոփոխվող իրավիճակ է: Այսինքն` նախընտրելի է այն տարբերակը, որը կտրուկ չի, որը չի կարող որեւէ կերպ հետեւանքներ առաջացնել, փորձում են այդ տարբերակով լուծումը գտնել:
-Այդ արագ արդյունքը ինչպե՞ս եք պատկերացնում, ե՞րբ կտեսնենք այդ արդյունքը:
-Դե օրենքն արդեն ընդունել ենք, չեմ հիշում` երկրորդ ընթերցում եղել է, թե ոչ: Կարծեմ երկրորդ ընթերցմամբ էլ ընդունեցինք արդեն: Հակակոռուպցիոն հանձնաժողովի մասին օրենքի նախագիծը կանի:
-Օրենքի նախագիծն առաջին ընթերցում է անցել:
-Ուրեմն աշնանը կլինի երկրորդ ընթերցումը:
-Այսինքն` վեթթինգի նախագծին ընթացք չի՞ տրվի: Հակակոռուպցիոն հանձնաժողո՞վը, ըստ Ձեզ, դա պետք է իրականացնի, ու դատական համակարգի բոլոր հարցերին լուծում կտրվի՞:
-Բոլոր հարցերի լուծումներ չի կարող Աստված տա, բայց հանձնաժողովը իր լիազորությունների շրջանակներում կարող է այդ ստուգումներն իրականացնել ու պարզել, թե ով է կոռուպցիոն մեխանիզմների մեջ ներառված եղել, ով ոչ: Բայց պետք է հասկանալ` դա արդյունավետ կլինի, թե ոչ: Պետք է հասկանալ, որ ամեն մեկն իր տեսակետն ունի, չկան ճիշտ ու սխալ տարբերակներ: Եթե նպատակ կա, որ հանձնաժողովն ուսումնասիրի, ուրեմն թող այդպես լինի. ի՞նչ այլ բան կա:

 

 

 

 

ԼՂՀ ԿԸՀ-ՈՒՄ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քննարկվող գլխավոր թեման շարունակում է մնալ Արցախի հերոս Սամվել Բաբայանի կողմնակիցների կողմից իրականացվելիք ստորագրահավաքը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Ս. Բաբայանի թիմակիցները լարված են, քանի որ արդեն տեղեկություններ կան, որ իշխանությունը չի պատրաստվում խորհրդարանում ընդունել այն: Երեկ երեկոյան Ս. Բաբայանի կողմնակիցները պետք է ստորագրահավաքի արդյունքները ներկայացնեին ԼՂՀ ԿԸՀ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Ս. Բաբայանի կողմակիցներն արդեն ավարտել են գործընթացը ու այն ներկայացնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողով` պետք է մեկ ամիս սպասեն, որպեսզի հասկանան` այն ուղարկվում է Արցախի խորհրդարան, թե ոչ: Իսկ այդ մեկ ամիսների ընթացում ԿԸՀ-ն պետք է ստուգի բոլոր այն տվյալները, որոնք ներկայացրել են Բաբայանի կողմնակիցները: Բանն այն է, որ եթե ինչ-որ ստորագրություն կեղծ լինի, ապա այն բացահայտելուց հետո գործին ընթացք չի տրվելու: ԼՂՀ իշխանության ներկայացուցիչները «Ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցում ասացին, որ այդ ամենը մեծ լարվածություն է առաջացրել ու դեռ մոտ մեկ ամիս էլ շարունակվելու է` հասկանալու իրավիճակի ելքը:
Ըստ մեր տեղեկությունների` խորհրդարանականներն էլ հակված չեն շատ երկար քննարկել հարցը, եթե այն ուղարկվի ԱԺ: Երեկ Սամվել Բաբայանի կողմնակիցները հայտարարություն էին տարածել` նշելով. «Նախաձեռնող խումբը հնարավոր ամեն ինչ անում է հարցը հանրահավաքներին չհասցնելու ուղղությամբ: Սակայն եթե այս բանակցությունները իրենց պատշաճ հանգուցալուծմանը չհասնեն, հավաքներ անցկացնելը կդիտվի ժամանակի անհրաժեշտություն: Տարածված այն լուրերը, որ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ ինչ-որ քաղաքական ուժերի հետ, չեն համապատասխանում իրականությանը: Ցանկացած տեղեկություն ունենալու դեպքում նախաձեռնող խումբը հանդես կգա հայտարարությամբ»: Այսինքն` առաջիկայում զարգացումներ կլինեն ԼՂՀ-ում. ելքն անկանխատեսելի է դեռեւս:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ՆՈՐ ՊԱԼԱՏ
Հայաստանում նախատեսվում է ստեղծել Ազգային փոքրամասնությունների պալատ: Ըստ ՀՀ արդարադատության նախարարության` այն կծառայի որպես հարթակ ազգային փոքրամասնությունների հարցերը քննարկելու եւ լուծումներ առաջարկելու համար: Բացի այս, «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց շրջանակը, սահմանել ազգային փոքրամասնությունների հիմնական իրավունքները, ազատությունները եւ այլն: Իսկ, ահա, «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությունն առաջարկել է օրենքում ավելացնել հետեւյալ կետը. «Ընտրությունների, հանրաքվեների ժամանակ ընտրության կարգի եւ գործընթացի մասին մատուցվող տեղեակատվությունը հրապարակել նաեւ ազգային փոքրամասնությունների լեզուներով»: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նույն կազմակերպությունը պահանջել է ամրագրել նաեւ այն դրույթը, որով ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի վերադառնալու իրենց պատմական ազգանուններին, այդ թվում` այն ազգանուններին, որոնք չեն պարունակում «յան» վերջավորությունը: Թե ինչ հայտարարի կգան Արդարադատության նախարարության հետ, ցույց կտա ժամանակը: Նշենք, որ այս նախագիծը նոր է շրջանառության դրվել:

 

 

 

105 ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ՀԱՏԿԱՑՈՒՄ
Վերջին երկու տարում Չինաստանից Հայաստան այցելող զբոսաշրջիկներն ավելացել են: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով` անցած տարվա տվյալներով` գրեթե զրոյական վիճակից 2 տարվա ընթացքում Հայաստանը Չինաստանից ունի արդեն մոտ 10 հազար զբոսաշրջիկ: Բացի այդ, այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ՌԴ-ից ՀՀ այցելած զբոսաշրջիկների քանակն է աճել 19.7 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը 105 մլն դրամ կհատկացնի Զբոսաշրջության կոմիտեին։ Նշված գումարով աշխատանքներ կիրականացվեն 2 ուղղությամբ. 15 մլն դրամը կհատկացվի 2 տիպային նախագծման աշխատանքներն իրականացնելու համար. կկառուցվեն մարզային ճանապարհային կայաններ, կստեղծվի հայտնի զբոսաշրջային ուղղություններին կից տարածքներում անհրաժեշտ բոլոր հիմնական չափանիշներին համապատասխան միջավայր: Իսկ 90 մլն դրամն ուղղվելու է թիրախային շուկաներում՝ Ռուսաստանում, Վրաստանում, Չինաստանում մարքեթինգային միջոցառումների ծավալմանը: Առհասարակ օտարերկրացիների ժամանումները 14.4 տոկոսով են ավելացել: Սա սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի ամփոփ տվյալն է, որովհետեւ օտարերկրացին միշտ չէ, որ միայն զբոսաշրջության նպատակով է գալիս, կա նաեւ գործարար այցելություն: Դե ինչ, մեզ մնում է հուսալ, որ այդ գումարները անիմաստ չեն վատնվի եւ իրապես կծառայեն իրենց նպատակին:




Լրահոս