ԻՆՉՊԵ՞Ս ԿՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՎԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹՆՋՈՒԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակն այդպես էլ հանգուցալուծում չի ստանում: Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ի սկզբանե իշխանություններն այլ հաշվարկներ են ունեցել Սահմանադրական դատարանում իրավիճակի հանգուցալուծման մասով: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մինչեւ Վենետիկի հանձնաժողովի կողմից Հայաստանի դատական համակարգին վերաբերող հայտարարություն տարածելը իշխանությունները մտադրություն են ունեցել Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակը հանգուցալուծել այնպես, ինչպես Բարձրագույն դատական խորհրդի պարագայում:

Եվ, մեր տեղեկություններով, Վահե Գրիգորյանի` ՍԴ դատավոր ընտրվելուց հետո հաշվարկն այն էր, որ Սահմանադրական դատարանի անդամները ԲԴԽ անդամների պես պետք է ամենատարբեր պատճառներով հերթով հրաժարական տային: Սակայն այդ ծրագիրը չհաջողվեց, եւ ՍԴ անդամներն ամենեւին էլ հրաժարական տալու մտադրություն չունեն:
Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՍԴ դատավոր ընտրվելուց հետո Վահե Գրիգորյանը գրեթե չի շփվում ՍԴ ներկայիս կազմի հետ, անգամ չի մասնակցում նիստերին այն դեպքում, երբ մյուս դատավորները պարտաճանաչ կերպով կատարում են իրենց աշխատանքը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը եւս հաստատեց, որ Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր ընտրվելուց հետո ոչ մի դատական նիստի չի մասնակցել, այնինչ մյուս բոլոր դատավորները պարտաճանաչ մասնակցում են, նիստերն անցկացնում եւ որոշումներ կայացնում: Գյուլումյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ առիթներ ունեցել է շփվելու Վահե Գրիգորյանի հետ, սակայն ոչ դատական նիստերի ժամանակ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քանի որ իշխանությունների` ՍԴ անդամների հրաժարականի ծրագիրը չստացվեց, վերջիններս որոշել են այլ ձեւով հարցը գլուխ բերել եւ նախաձեռնել նաեւ սահմանադրական փոփոխություններ, որն, իհարկե, հնարավորություն կտա հարցը գլուխ բերել: Եվ, ահա, նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին` ասելով, որ այն լուծելու հարցում չի բացառում սահմանադրական փոփոխությունների իրականացումը, սակայն միեւնույն ժամանակ ճիշտ չի համարել երկրում սահմանադրությունների հաճախակի փոփոխությունը: «Ճիշտ չեմ համարում, որ երկրում սահմանադրությունները հաճախակի փոխվեն: Եվ նաեւ կարծում եմ, որ խորհրդարանական կառավարման համակարգը պետք է Հայաստանում շանս ստանա, որ մենք հասկանանք՝ ինչ համակարգ է սա: Բայց, ընդհանուր առմամբ, հուլիսի 5-ին ես արձանագրեցի, որ կա մի շատ կարեւոր եւ արդարացի փաստարկ, որ մենք երբեք ժողովրդի լեգիտիմ քվեն ստացած սահմանադրություն չենք ունեցել եւ այսօր էլ չունենք», – նշել է նա եւ ընդգծել, որ դա պետք է արվի ժողովրդի ցանկությամբ:
«Ես չեմ կարծում, թե ճիշտ կլինի, որ կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը սահմանադրական փոփոխություններ նախաձեռնի, որովհետեւ կարող է դա էլի մեկնաբանվել, որ նոր իշխանություններն են այժմ ուզում իրենց համար ձեւել այս Սահմանադրությունը, բայց կարծում եմ, որ հանրության մեջ նորմալ է, որ նման նախաձեռնություններ լինեն: Կարեւոր է, որ Հայաստանում լինի Սահմանադրություն, որի օգտին ժողովուրդն իրոք քվեարկի: Իսկ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համատեքստում հնարավոր է նաեւ սահմանադրական փոփոխությունների իրականացումը»,- նկատել է Փաշինյանը:
Ըստ էության, ստացվում է` իշխանությունների համար, բացի Սահմանադրական դատարանում ճգնաժամը վերացնելուց, նաեւ Վահե Գրիգորյանի` ՍԴ նախագահ դառնալու ճանապարհը հարթելու գերխնդիր կա: Ի վերջո, հենց սկզբից էլ ասվում էր, որ նրան են ցանկանում տեսնել ՍԴ նախագահի պաշտոնում, եւ սահմանադրական փոփոխությունները հնարավորություն կտան հանգեցնել դրան: Սակայն պետք է հասկանալ` ի վերջո, արժե արդյոք մեկ մարդու համար սահմանադրական փոփոխություններ անել, միայն թե Վահե Գրիգորյանը դառնա ՍԴ նախագահ:
Իսկ ի՞նչ է ենթադրում օրենքը, եւ ինչպե՞ս կարելի է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել եւ կատարել: Ըստ էության, իշխանությունները պետք է փոփոխություններ անեն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում ,եւ, ըստ Սահմանադրության, այն սահմանադրական օրենք է եւ ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: «Իմ քայլը» խմբակցությունն ունի 88 պատգամավոր, եւ այս նախաձեռնությունն անցկացնելու համար բավարար է 79 կողմ ձայնը, եւ, ըստ էության, իշխող ուժին ոչինչ չի խանգարի կատարել այդ փոփոխությունները:
Ըստ 15-րդ գլխի` Սահմանադրության մեջ փոփոխություն անելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, Կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող հարյուր հիսուն հազար քաղաքացի: Մյուս հոդվածն էլ սահմանում է, որ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները կարող են փոփոխվել միայն հանրաքվեով: Նման փոփոխություն կարող է կատարվել համապատասխան օրենքի ընդունումից առնվազն մեկ տարի հետո:
Ստացվում է` եթե իշխանություններն ապավինում են քաղաքացիների որոշմանը, ապա պետք է 150 հազար քաղաքացի նախաձեռնի նման փոփոխություն: Սակայն այստեղ նաեւ հարց է առաջանում, թե որքանով են քաղաքացիների համար այս պահին կարեւորություն ներկայացնում սահմանադրական փոփոխությունները, այն էլ` իրականում միայն Վահե Գրիգորյանին` ՍԴ նախագահ դարձնելու համար:
Հ.Գ. Սահմանադրական դատարանի աշխատակազմի մամուլի հաղորդագրությունը` «Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի եւ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերի վարույթները կասեցնելու վերաբերյալ. սույն թվականի հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընդունեց աշխատակարգային որոշումներ՝ «Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի եւ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին եւ Վենետիկյան հանձնաժողովին դիմելու եւ այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները մինչեւ պատասխանները ստանալը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՄԽՈՅԻ ՀԵՌԱՑՄԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ
Իրավապահ համակարգում տարածված լուրերի համաձայն` ՔԿ ծառայության նախկին պետ Արտյոմ Մխոյանի հրաժարականը բավականին խորը արմատներ ունի: Դեռ 2018 թվականի նոյեմբերի 15-ին հրապարակվել էր այն մասին, որ քրեակատարողական հիմնարկները կնորոգվեն ոչ թե դատապարտյալների, այլ պետական գումարներով: 270 մլն դրամ հատկացվել էր «Վարդաշեն» եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ների վերանորոգման աշխատանքների համար: Եվ արդեն 2019 թվականի հունիսի 20-ին գործադիրի նիստի օրակարգում ընդգրկվել էր կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կրկին Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը 185 մլն դրամ հատկացնելու մասին հարցը, սակայն հարցն օրակարգից հանվել էր: Եվ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը նշել էր, որ այստեղ չարաշահումներ են հայտնաբերվել: Ավելին, հենց նույն կառավարության նիստում ՊՎԾ ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը նշել էր, որ քրեակատարողական ծառայությունում իրենց ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է, որ ՔԿՀ-ներում նորոգումներն իրականացվել են խախտումներով, նաեւ խախտումներ են հայտնաբերվել պայմանագրային պարտավորությունների դրույթների կատարման մեջ, եւ ՊՎԾ կազմած տեղեկանքն ուղարկվել է գլխավոր դատախազություն: Եվ, ահա, այս պատմության մեջ էլ թաքնված է «շան գլուխը». անցած տարի հատկացված 270 միլիոն դրամը նպատակին չի ծառայեցվել, որի հետեւանքով էլ նորանշանակ նախարարը թույլ չի տվել այս տարի քրեակատարողական ծառայությանը 185 մլն դրամ տալ: Իրավապահ մարմիններում տարածված լուրերի համաձայն` այս չարաշահման բացահայտման պատճառով են Մխոյանին ասել, որ աշխատանքից ազատման դիմում գրի:

 

 

 

 

ԱՐՁԱԿՈՒՐԴ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարի եւս, ինչպես նախորդ տարիներին, կառավարության անդամները միաժամանակ արձակուրդ չեն գնա, եւ յուրաքանչյուր հինգշաբթի օրն անցկացվող կառավարության նիստերը կշարունակեն գումարվել, իսկ այդ օրերին գերատեսչության ղեկավարների` արձակուրդում գտնվելու դեպքում նրանց կփոխարինեն տեղակալները: Եվ, ահա, հուլիսի 29-ից մինչեւ օգոստոսի 7-ը գործուղման մեջ կլինի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն արձակուրդում կլինի օգոստոսի 5-ից մինչեւ 16-ը ներառյալ: Կառավարության մյուս անդամների մեծամասնությունը եւս օգոստոս ամսվա տարբեր օրերին կլինեն արձակուրդում: Առհասարակ, օգոստոս ամիսը համարվում է պասիվ ամիսներից, եւ Ազգային ժողովը եւս գտնվում է արձակուրդի մեջ:

 

 

 

ՍՏՎԵՐԱՅԻՆ
Փորձագիտական գնահատականներով` Հայաստանում ամեն տարի 0.5-1 մլն խմ անօրինական փայտ է հատվում. այս մասին ասել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: «Բազմապատկե՛ք դա 40 դոլարով, խոսքը կարող է, օրինակ, 40 մլն դոլարի շրջանառության մասին լինել»,- ասել է նախարարը: Գրիգորյանը նշել է, որ նախարարության ունեցած ամբողջ տեղեկատվությունը փոխանցվել ու ամենօրյա ռեժիմով փոխանցվում է իրավապահներին: Նրա խոսքով` այդ բիզնեսն իրականում շատ մեծ կառույց է, որը «ջարդելուն են միտված» պետական ու իրավապահ համակարգերի` կադրային եւ օրենսդրական փոփոխությունները: «Համակարգը կառուցված է եղել այնպես, որ մարդիկ, որոնք ներգրավված են եղել ապօրինի անտառահատումների ստվերային բիզնեսում, նաեւ որոշակի ազդեցություն են ունեցել օրենսդրական գործընթացների վրա»,- ասել է նա: Նախարարը նշել է, որ այս անտառտնտեսության պետը ամիսներ առաջ է փոխվել, ու այս հանգամանքը, նրա դիտարկմամբ, եւս դժգոհության պատճառ է դարձել տարածաշրջանում:

 

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հսկիչ-դրամարկղային մեքենաների բավարար քանակ չլինելու հանգամանքով պայմանավորված` «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը ՀԴՄ-ներ տրամադրելու է միայն ՀՀ կառավարության 17.10.1998թ. N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերում հաշվառված եւ փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողներին` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 20.07.2017թ. N 861-ն որոշումը: Փոփոխություններ են իրականացվել ՀՀ կառավարության 05.10.2017թ. N 1318-Ն, ՀՀ կառավարության 08.10.2012թ. N 1419-Ն եւ ՀՀ կառավարության 20.07.2017թ. N 861-Ն որոշումներում: Ընդունված փոփոխությունների արդյունքում, ՀՀ կառավարության կողմից սահմանած պահանջներին համապատասխան, ՀԴՄ-ների ներդրման գործընթաց կարող է իրականացնել ցանկացած տնտեսվարող սուբյեկտ:




Լրահոս