Ի՞ՆՉ ՎԱՐԿԱԾ Է ՔՆՆՎՈՒՄ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԻ» ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 10-ի համարում «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նոր Նորքում «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության գործի ընթացքից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, «օրենքով գողի» սպանության բացահայտման գործով կոնկրետ զբաղվում են Ազգային անվտանգության ծառայությունը եւ 7-րդ վարչության գաղտնի ծառայությունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքում սպանվել էր «օրենքով գող» 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը: Վերջինս քրեական աշխարհում առավել հայտնի է Անդո Խրոմոյ (Կաղ Անդո) կամ Մասիվցի Անդիկ կեղծանուններով: Դեպքից հետո համացանցում հայտնվեց սպանության տեսագրությունը, որտեղ Նոր Նորքի իր տան բակի տաղավարում Անդրանիկ Հարությունյանը նստած է եւս 3 անձի հետ, թղթախաղ են խաղում: Նրանց է մոտենում սեւ հագուստով մի անձ, կրակում տաղավարում գտնվող 4 տղամարդկանց ուղղությամբ: 2 հոգին անմիջապես փախչում են, իսկ մյուս երկուսը, որոնցից մեկը հենց Անդրանիկ Հարությունյան է, ըստ ամենայնի, մտնում են բակի տաղավարի սեղանի տակ: Տեսանյութում նկատվում է, որ Անդրանիկ Հարությունյանի վրա կրակող անձը նրա հետ խոսում է եւ, ըստ էության, ինչ-որ պահանջներ է ներկայացնում, որից հետո Անդրանիկ Հարությունյանի եւ նրա վրա զենքով հարձակվող անձի միջեւ սկսվում է կռիվ: Երրորդ անձն այդ ընթացքում հասցնում է սեղանի տակից փախչել: Վազում է նաեւ Անդրանիկ Հարությունյանը, որպեսզի հեռանա իր վրա մի անգամ արդեն անհաջող կրակած անձից, սակայն կրակոցներից փախչելու փորձերը ապարդյուն են լինում: Ի վերջո, հանցագործին հաջողվում է սպանել Ադրանիկ Հարությունյանին: Ընդ որում` սպանողը բաց դեմքով էր:
Այս կրակոցներից հետո իրավապահները քրեական հեղինակություններին բերման ենթարկեցին, խուզարկեցին «օրենքով գողերի» տները: Քրեական հեղինակությունները իրավապահներին հայտնել էին, որ այս դեպքը բացահայտելը իրենց համար հույժ կարեւոր է:
Մեզ հասած լուրերի համաձայն` ՀՀ ոստիկանությունում քրեական հեղինակություններից հետաքրքրվել են, թե ինչ վարկած ունեն կատարվածի մասով, ինչին ի պատասխան` քրեական հեղինակություններն իրավապահներին հայտնել են, որ չեն կարող ասել, թե կոնկրետ ինչը կարող է պատճառ դառնալ, որ Անդիկին սպանեին: Բանն այն է, որ վերջին շրջանում Անդիկն առանձնապես լարված հարաբերություններ չի ունեցել որեւէ խմբի, խմբավորման կամ քրեական աշխարհի որեւէ ներկայացուցչի հետ: Դրա համար էլ շատ քրեական տարրեր ոստիկաններին ասել են, որ հնարավոր է՝ պատճառները տարիների պատմություն ունենան, եւ, օրինակ, 10-15 տարի առաջվա հարցերը այսօրվա սպանության դրդած լինեն` վրեժխնդրության, հիշաչարության եւ այլ դրսեւորումներով:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթին Անդրանիկ Հարությունյանի սպանության գործով որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես, կոնկրետ սպանության բացահայտման գործով զբաղվում են Ազգային անվտանգության ծառայությունը եւ 7-րդ վարչության՝ գաղտնի Ծառայությունը:
Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները սպանության մեկ վարկած են այժմ քննում, մասնավորապես այն, որ այս տարի Մասիվի եւ Կենտրոնի երիտասարդների միջեւ վիճաբանություն է եղել, որը վերածվել է լուրջ ծեծկռտուքի: Մասիվի երիտասարդները խնդիրը լուծելու համար դիմել են «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանին, որն էլ խառնվելով երկու խմբերի բաժանված երխտասարդների կռվին` «մի լավ դաս է տվել» Մասիվի տղաներին «նեղացնողներին»: Մեզ հասած լուրերի համաձայն` իրավապահներն այս օրերին հենց այս վարկածն են քննում, իսկ թե ինչ կպարզվի քննության ընթացքում, դժվար է ասել: Փաստ է, որ երկու շաբաթից ավելի է, ինչ Անդրանիկ Հարությունյանը սպանված է, սակայն նախաքննական մարմինը լռում է, նորություն չի հայտնում. կա՛մ քրեական գործով որեւէ բան չեն պարզել, կա՛մ հնարավոր վենդետայից խուսափելու համար սպանության շարժառիթն ու այն իրականացնողների մասին տեղեկությունները հույժ գաղտնի են պահում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՆԱԽՇՈՒՆ ՏԱՎԱՐԱՑՅԱՆԻ ՀԱՐՑԸ
Երեկ ԲԴԽ-ում տեղի ունեցավ ԲԴԽ գիտնական 3 անդամների նախաձեռնությամբ հրավիրված նիստը, որտեղ պահանջվել էր դադարեցնել Նախշուն Տավարացյանի լիազորությունները:
Նախ ԲԴԽ գիտնական անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանը ելույթ ունեցան: «Ստացվում է, որ ցանկացած դատավոր, որն ընտրվել է ԲԴԽ անդամ, ցանկացած պահի կարող է ասել՝ ես հրաժարվում եմ այս պահին երդվելուց, մի երկու տարի հետո կորոշեմ՝ երդվեմ, թե ոչ, ընդ որում` երկու տարի ԲԴԽ-ն պետք է գործի առանց այդ մեկ անդամի, առանց բավարար քանակի ձայներ ունենալու՝ դրանով իսկ վտանգի տակ դնելով ԲԴԽ-ի որոշումների իրավաչափությունն ու օրինականությունը»,- ասաց Բեքմեզյանը։ Բեքմեզյանի խոսքով՝ հնարավոր է պատճառաբանել, որ ԲԴԽ անդամը չի ծանուցվել խորհրդի անդամի նիստերին, սակայն, ըստ նրա, Խորհրդի անդամը պետք է գոնե մեկ անգամ գար ԲԴԽ, որ ԲԴԽ-ում իմանային՝ նման անդամ կա։ Այսպիսով, ըստ Բեքմեզյանի՝ առկա են բոլոր հիմքերը, որպեսզի դադարեցվեն Տավարացյանի լիազորությունները։
Ի պատասխան Բեքմեզյանին` ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը հայտնեց. «Պարոն Բեքմեզյանը շատ բարձր ձայնով հնչեցրեց, որ ես անգործություն եմ ցուցաբերել, անհարգելի պատճառներով չեմ ներկայացել։ Ձեզ հիշեցնեմ՝ եթե ես պաշտոնը ստանձնած ԲԴԽ անդամ եմ համարվում, ուրեմն որոշ արտոնություններ կան, որոնք պետք է իմ նկատմամբ կիրառվեին։ 2018թ. նոյեմբերի 8-ից մինչ այսօր պետք է ինձ մակագրվող գործերը լինեին ընդամենը 25 տոկոսը, սակայն ես աշխատում եմ չափազանց ծանրաբեռնվածությամբ…։ Դուք մի՛ մոռացեք, որ ես երեկ չէ առաջին օրը չեմ դատավոր դարձել, հազարավոր մարդիկ են ինձ գովեստի խոսքեր ուղարկել, հազարավոր մարդիկ ինձ գրավոր շնորհակալություն են հայտնել։ Ես ել ունեմ ընկերներ, հարազատներ, շրջապատ, ամեն մեկն իր ձեւով է ընկալում եւ ձեր ամեն մի հայտարարությունից հետո հեռախոսիս զանգերի մեջ տեղ չի լինում, սա դատավորի արժանապատվության հետ կապված հարց է, սա դատավորի բարի համաբավն արատավորող հարց է, հիմա ի՞նչ, ես դատական հա՞յց ներկայացնեմ իմ բարի համաբավն արատավորելու համար»,- զայրացած հայտարարեց Տավարացյանը։
Նկատենք, որ նիստի ընթացքում ԲԴԽ գիտնական անդամներ Լիպարիտ Մելիքջանյանը, Հայկ Հովհաննիսյանը Գրիգոր Բեքմեզյանի ականջին հուշումներ էին անում, թե նա ինչպես պատասխանի ԲԴԽ մյուս անդամների հարցադրումներին:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՀՐԴԵՀԱՎՏԱՆԳ ԵՂԱՆԱԿ
Առաջիկա 5 օրերին Հայաստանի հովտային եւ նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. զգուշացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Հուլիսի 19-ին հյուսիսային առանձին վայրերում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաեւ կարկուտ: Նշենք, որ հուլիսի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երեւանում հուլիսի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

 

ՉԵՆ ՈՒՆԵՆԱ ՄԵՔԵՆԱ
Կառավարությունը սահմանել է Առողջապահական եւ աշխատանքի, Բնապահպանության եւ ընդերքի, Կրթության, Շուկայի վերահսկողության, Սննդամթերքի անվտանգության, ինչպես նաեւ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինների ծառայողական ավտոմեքենաների քանակը: Որոշման նախագծով սահմանվում է, որ մեկական ավտոմեքենա կհատկացվի տեսչական մարմիններին պաշտոնատար անձանց սպասարկման համար, իսկ մնացած ավտոմեքենաները կարող են ծառայել բացառապես տեսչական մարմինների գործառույթներից բխող պարտականությունները իրականացնելու համար: Արդյունքում տեսչական մարմինների ղեկավարների թվով 16 տեղակալներ չեն ունենալու ծառայողական ավտոմեքենաներ:

 

 

 

35.5 ՏՈԿՈՍՈՎ
Արմավիրի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում մարզի տարածքում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, այդ դեպքերով քրեական հետապնդման եւ վնասի վերականգնման ուղղությամբ իրավապահ մարմինների մարզային կառույցների կատարած աշխատանքների արդյունքները: Ամփոփմամբ արձանագրվել է, որ քննվել է կոռուպցիոն բնույթի 61 քրեական գործ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 45-ի փոխարեն: Այսինքն` վարույթում քննվող քրեական գործերի քանակն ավելացել է 35.5 տոկոսով: Նշված քրգործերից 42-ը հարուցվել է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաղորդումների հիման վրա, 3-ը` լրատվամիջոցների, իսկ 16-ը` հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս հայտնաբերված փաստերի առթիվ:

 

 

 

ՀՈՇՈՏԵԼ ԵՆ
Հայաստանի ԱԻՆ-ում Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության բաժնից տեղեկություն է հաղորդվել, որ հուլիսի 14-ին Լոռու մարզի Սվերդլով գյուղում գայլերը հոշոտել են 25 մանր եղջերավոր անասուն:




Լրահոս