Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վարդենիսի «Անդրանիկ 05» ֆուտբոլային ակումբը, հաղթելով Իջեւանի «Նիկարմ» ակումբին, կարողացավ նվաճել Հայաստանի Բ ենթախմբի առաջնության չեմպոիոնի կոչումը: Այդ հաղթանակի շնորհիվ Վարդենիսի` մինչեւ 14 տարեկանների թիմը կարողացավ ձեռք բերել Հայաստանի Ա խմբի առաջնությանը մասնակցելու իրավունք:
Նկատենք, որ Վարդենիսի մանկապատանեկան թիմը արդեն ավարտված առաջնության ընթացքում կարողանում էր հաղթել մրցակիցներին խոշոր հաշիվներով: Չնայած գրանցած ֆանտաստիկ արդյուքներին` «Անդրանիկ 05» ֆուտբալային ակումբը զուրկ է ֆուտբոլին պատրաստվելու տարրական պայմաններից, եւ դրանցից առաջնայինը Վարդենիսի «Քաղաքային» մարզադաշտի անմխիթար վիճակն է: Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Վարդենիսի թիվ 1 մարզադպրոցի տնօրեն Վարդան Դավթյանի հետ: Մարզադպրոցի տնօրենը ներկայացրեց Վարդենիսի խաղադաշտի ներկայիս վիճակը եւ նշեց, որ առաջնային խնդիրը խոտածածկի փոփոխությունն է. այդպիսի խոտածածկի վրա խաղալն արդեն անհնար է. «Վարդենիսի «Քաղաքային» մարզադաշտը տարիների ընթացքում չի ենթարկվել հիմնանորոգման: Այն քայքայվել է անձրեւաջրերից, ձնհալից, կաթոցներից ու գտնվում է խիստ վթարային վիճակում։ Անհրաժեշտ է փուլ առ փուլ վերանորոգել, բայց քանի որ մեր թիմը տեղափոխվել է Ա խումբ, մեզ առաջնակարգ անհրաժեշտ է խոտածածկի վերանորոգումը: Այո, մարզադաշտում կատարվել են հատվածային աշխատանքներ, սակայն հիմա այն չի համապատասխանում ժամանակակից պայմաններին, եւ խաղադաշտում առաջնության հանդիպումներ անցկացնել անհնար է»:
Վարդենիսի մարզադպրոցի տնօրենը մտավախություն հայտնեց, որ, հնարավոր է, իրենց թիմը չգրանցվի Ա խմբի առաջնությանը հենց մարզադաշտի վատ վիճակի պատճառով. «Քանի որ Ա խմբի բոլոր ակումբներն ունեն մեկ մարզադաշտի փոխարեն մի քանի իդեալական մարզադաշտեր եւ, շատ հնարավոր է, մեր պայմանները տեսնելով` չգրանցեն առաջնության մասնակիցների խմբում: Բացի խոտածածկի հետ կապված խնդիրը, տնօրենը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ շատ վատ վիճակում են գտնվում նաեւ հանդերձարաններն ու սանհանգույցները. ուղղակի վտանգավոր է այս պայմաններում երեխաների հետ աշխատելը: Ամեն պահի հնարավոր է, որ փուլ գա տանիքը երեխաների գլխին: «Մեր երեխաները փոխվում են ծայրահեղ քայքայված ու քանդված հանդերձարանում: Քայքայվել է նույնիսկ հանդերձարանի հատակը: Կան երկու հանդերձարաններ, որոնք համեմատած գտնվում են լավ վիճակում, եւ դրանցից մեկը մենք տրամադրում ենք մրցավարական անձնակազմին, իսկ մյուսը՝ հյուրընկալվող թիմին: Բայց անձրեւային օրերին այդ սենյակները նույնպես թրջվելու վտանգի տակ են»,- ներկայացրեց տնօրենը:
Այս հարցերը պահանջում են հրատապ լուծում, որովհետեւ խաղերից հետո մրցակից թիմը եւ մրցավարները չեն ունենում լոգանք ընդունելու հնարավորություն. պայմաններ չկան: Մենք չենք դիմել ՀՖՖ, իրենք են գալիս եւ չափագրումներ անում: Մեր խնդրանքը մարզադաշտում ամենատարրական պայմաններ ստեղծելն է»:
Տեղեկացնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այժմ զբաղված է մարզերում փոքր խաղադաշտերի կառուցմամբ: Վարդենիսի համայնքերում` Մեծ Մասրիկում, Ծովակում եւ Ակունքում, նախատեսվում է առաջիկա ամիսներին կառուցել նմանատիպ մարզադաշտեր: Իսկ ի՞նչ պլաններ կան Վարդենիսի «Քաղաքային» մարզադաշտի մասով: Այս հարցով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ե՛ւ ՀՖՖ-ի, ե՛ւ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ, որը մի առիթով լուսանկար էր հրապարակել ու գրել, որ երազում է տեսնել մարզադաշտը նորոգված:
«Ես զրուցել եմ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հետ, խնդրել եմ հնարավորության դեպքում հրատապ դիտարկել Վարդենիսի մարզադաշտի խնդիրը, որպեսզի հնարավորություն տանք` մեր քաղաքի ու հարակից բնակավայրի ֆուտբոլասերները մարզվեն: Ի պատասխան` Վանեցյանը տեղեկացրեց, որ կարող եմ հանգիստ իմ ժողովրդին փոխանցել, որ մյուս տարի իրենք կխաղան նոր խոտածածկ տարածքում, եւ կսկսվեն նաեւ մարզադաշտի հիմնանորոգման աշխատանքները»: Ես հավատում եմ Արթուր Վանեցյանին եւ վստահ եմ, որ մյուս տարի վարդենիսցիները հնարավորություն կունենան նոր խոտածածկից բացի նաեւ նորոգվող մարզադաշտում խաղալ»,- ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ ՀՖՖ-ին՝ հետաքրքրվելով, թե երբ է նախատեսվում վերակառուցել Վարդենիսի պրոֆեսիոնալ ֆուտբոլային մարզադաշտը, եւ ինչու ՀՖՖ-ն փոքր խաղադաշտ չի նախատեսում կառուցել հենց Վարդենիս քաղաքի տարածքում:
Մեր ուղղած հարցերին ՀՖՖ-ն պատասխանեց. «2019 թվականի ընթացքում ՀՖՖ-ն Հայաստանի մարզերում կառուցում է 20×40մ չափերով արհեստական խոտածածկով խաղադաշտեր, որոնք նախատեսված են մասսայական ֆուտբոլի համար: Այս խաղադաշտերի տեղերի ընտրությունը կատարվել է հսկայածավալ ուսումնասիրությունների հիման վրա, եւ որի արդյունքում Վարդենիս քաղաքի երեք համայնքներում` Մեծ Մասրիկում, Ծովակում եւ Ակունքում, նախատեսվում է կառուցել նման փոքր խաղադաշտեր:
Ինչ վերաբերում է մեծ, պրոֆեսիոնալ ֆուտբոլի խաղադաշտերին, ինչպիսին է նաեւ Վարդենիսի խաղադաշտը, ապա նման խաղադաշտերի վրա կատարվելիք աշխատանքները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսում է իրականացնել 2020-22 թվականներին»:
Հավելենք նաեւ, որ Վարդենիսի քաղաքային մարզադաշտը կառուցվել է շուրջ 40 տարի առաջ, որի ընդհանուր զբաղեցրած սպասարկման տարածքը կազմում է 3 հա։ Բաղկացած է արեւմտյան եւ արեւելյան տրիբունաներից՝ 7500 նստատեղով: Շուրջ 40 տարի առաջ Սոթքի ոսկու հանքավայրերի նախաձեռնությամբ կառուցված տիպային մարզադաշտը համարվել է ոչ միայն քաղաքի բնակչության հանգստի եւ առողջության կոփման վայր, այլ հանդիսանալով մարզական կառույց՝ նպաստել է մի շարք մարզաձեւերի, մասնավորապես` ֆուտբոլի զարգացմանը։ Սոթքի ոսկու հանքավայրերի հովանավորությամբ` Վարդենիսի ֆուտբոլի հավաքականները տարիներ շարունակ մասնակցել են Հայաստանի առաջնություններին։
1991 թվականին Վարդենիսի «Լեռնագործ» թիմը առաջնության 2֊րդ խմբում նվաճել է չեմպիոնի կոչում։ Ներկայումս մարզադաշտը հանդիսանում է Վարդենիսի համայնքապետարանի թիվ 1 մարզադպրոցի մարզաբազան. այստեղ մարզվում են շուրջ 130 պատանի ֆուտբոլիստներ, որոնց մեջ քիչ չեն Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցների երեխաները։ Սակայն այժմ հանքավայրը լումայի ներդրում չի անում Վարդենիսում ֆուտբոլի զարգացման ու թիմերի ձեւավորման համար:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԵՐԹԵՎԵԿԸ` ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ
Հուլիսի 15-ից օգոստոսի 8-ը Ամիրյան փողոցում երթեւեկը կկազմակերպվի ջրամատակարարման ցանցի շինարարությանը զուգահեռ: Մայրաքաղաքի Ամիրյան փողոցի հ.2.2/8 հասցեի կարիքների համար ս.թ. հուլիսի 15-ից մինչեւ օգոստոսի 8-ը ներառյալ փողոցի երթեւեկելի հատվածում կընթանան ջրամատակարարման, ջրահեռացման եւ հեղեղատար համակարգերի կառուցման աշխատանքներ: Այդ ընթացքում տրանսպորտային երթեւեկությունը կկազմակերպվի ցանցի շինարարությանը զուգահեռ:
ԿԱՐՈՂ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ
Երեկ` կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ նախորդ տարի անտառամերձ տարածքների բնակիչներին անտառի թափուկներ են բաժանվել, իսկ ոմանց էլ դրամաշնորհներ են տրվել այլ ոլորտում գործունեություն սկսելու համար: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցել է, որ երեկվա ցույցերի շատ մասնակիցների նույնիսկ աշխատանք է առաջարկվել ճանապարհաշինության ոլորտում, քանի որ Տավուշում ճանապարհաշինության մեջ աշխատուժի պակաս կա: Արձագանքելով Պապիկյանին` վարչապետն ասել է. «Այսինքն, էդ մարդիկ, որոնք ասում են` մենք մեր հացի փողն ենք աշխատում, հիմա 200 հոգի կարող են ընդունվել աշխատանքի հա»: «Այո, առաջարկը հնչել է մարզպետի կողմից, չեն արձագանքել մարզպետին, ասել են, որ մենք ունենք մի պահանջ, եւ այդ պահանջը պիտի կատարվի»,- նշել է Պապիկյանը: Ն. Փաշինյանն ավելացրել է, որ հենց այսօր մարզպետարան դիմելու դեպքում մարդիկ կարող են աշխատանքի ընդունվել օրական 8-15 հազար դրամ աշխատավարձով:
ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը փորձաքննության է ուղարկել «ԴԵԱԳԱ» ՍՊԸ-ի կողմից նախարարության ենթակայության տակ գործող հաստատություններին մատակարարվող կաթնաշոռը եւ կարագը: Փորձաքննության արդյունքներից պարզվել է, որ կաթնաշոռի անվան տակ հաստատություններին մատակարարվող արտադրանքը ոչ միայն չի համապատասխանել նախարարության եւ ՍՊԸ-ի միջեւ կնքված ապրանքների մատակարարման պայմանագրի տեխնիկական բնութագրի պահանջներին, այլեւ իր որակական հատկանիշներով խիստ տարբերվել է ընդունված նորմատիվներից: Նախարարությունը նախատեսում է «ԴԵԱԳԱ» ՍՊԸ-ի նկատմամբ կիրառել պայմանագրով նախատեսված բոլոր պատժամիջոցները: