«ԹԱՏՐՈՆՈՒՄ ԻՆՁ ՌԵԱԼԻԶԱՑՎԱԾ ՉԵՄ ԶԳՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է «Գոյ» թատրոնի դերասանուհի, նկարչուհի Մարինե Պետրոսյանը: Նա անդրադարձել է ստեղծագործական ազատության մեջ ապրելու, թատրոնում ամբողջովին ռեալիզացված չլինելու, կերպարվեստի մեջ ինքն իրեն գտնելու թեմաներին: Դերասանուհին խոստովանել է, որ թատրոնում կարող էր ավելին անել, պարզապես այն կոլեկտիվ մոտեցումներ է պահանջում, իսկ, ահա, նկարչությունը անհատին շատ ավելի մեծ հնարավորություններ է տալիս: Մենք պարզել ենք, թե Մարինե Պետրոսյանը որ դեպքում է իրեն երջանիկ համարում եւ ինչը կամ ում է համարում կյանքի մեծագույն նվերը:

-Մարինե՛, կա՞ մի բան, որ օրվա ընթացքում անպայման պետք է անեք:
-Այո՛, սուրճ խմելը:
-Այս փուլում կյանքի իմաստը որտե՞ղ եք տեսնում:
-Ստեղծագործական ազատության մեջ. դա նաեւ բժշկություն է, ամեն ինչ է…
-Կա՞ ուտեստ, որից երբեք չեք հրաժարվում:
-Հաց ու պանիր:
-Ինչպիսի՞ տնային տնտեսուհի եք:
-Ես չեմ սիրում առօրեականությունը, բայց խոհանոցում էլ երբեմն ստացվում է ստեղծագործել, հորինել:
-Ո՞ւմ կվստահեիք Ձեր ամենամեծ ու նվիրական գաղտնիքը:
-Ինձ:
-Ո՞ր մուլտֆիլմը կարող եք հազար անգամ դիտել եւ չհոգնել:
-«Ջրահարս»-ի սովետական վերսիան:
-Ձեզ միշտ զարմացրել են մարդիկ, որոնք…
-Անամոթ են:
-Ո՞ր ժանրի երգերն են Ձեզ հոգեհարազատ:
-Ջազն է իմը:
-Ինքներդ Ձեզ նեղացկոտ մարդ համարո՞ւմ եք:
-Կարող է լինել եւ այդպես, պնդերես մարդ չեմ, բայց փորձում եմ արդարացնել դիմացինի արարքները, մտնել նրա հոգեվիճակի մեջ: Միշտ եմ այդպիսին եղել:
-Ձեր լավագույն դերը թատրոնում ո՞րն եք համարում:
-Կա մի կերպար, որին մինչեւ օրս փորձում եմ կյանք տալ. խոսքը Բեքեթի «Գոդոյին սպասելիս» ստեղծագործության հերոսներից մեկի` Լաքիի մասին է (բեմադրիչ` Արթուր Սահակյան): Նա հարստացրել է ինձ, պահում եմ Լաքիին իմ հիշողությունների մեջ:
-Թատրոնում Ձեզ ռեալիզացված համարո՞ւմ եք:
-Ո՛չ, ես կարող էի սրա կրկնակին, եռակին անել, բայց թատրոնը ազատ արվեստ չէ, այն ենթադրում է խմբային, կոլեկտիվ մոտեցում: Քեզ պետք է տեսնեն տվյալ դերում, կանչեն, աշխատանքդ պետք է համաձայնեցվի գեղարվեստական ղեկավարի, մյուս աշխատակիցների մոտեցումների հետ: Անխոս, կարող էի անել ավելին: Ես ինձ ուրիշ բաների համար էի պատրաստել: Սովոր չէի տարիներով սպասել, թե երբ էլի կխաղամ: Եվ երբ այդ սպասման փուլն էլ սպառեց իրեն, ինձ գտա կերպարվեստի մեջ, ինձ համար նոր աշխատանք հորինեցի: Եվ այն էներգիան, որը չէի կարողացել ռեալիզացնել թատրոնում, սպառեցի նկարչության մեջ: Ես նկարում եմ իմ ապրումները: Երբեք չեմ համարել ինձ նկարչուհի կամ, առհասարակ, արվեստագետ… Ես ինձ համարում եմ արվեստասեր: Չեմ նկարում ցուցադրվելու համար, բայց վերջերս հանգամանքների բերումով ստացվեց այնպես, որ կտավներս նաեւ ցուցադրվեցին:
-Դուք նկարահանվում եք նաեւ ֆիլմերում: Հայ կինոյի ներկան ինչպիսի՞ն եք տեսնում:
-Հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում ամեն բան կփոխվի դեպի լավը: Դրականն եմ ուզում տեսնել: Իհարկե, կնախընտրեի, որ ֆիլմերում նկարահանվելու համար ծախսած ժամանակս տրամադրած լինեի թատրոնին:
-Որտե՞ղ եք զգում ինչպես ձուկը ջրում:
-Միայն իմ երեւակայության մեջ: Դա միակ տեղն է, որտեղ ամեն բան հնարավոր է:
-Ո՞ր դեպքում եք Ձեզ երջանիկ զգում:
-Երբ նշածս ստեղծագործական ազատությունն առկա է: Այն նոր շերտեր է բացում իմ մեջ: Ես ավելի եմ մոտենում ինքս ինձ, ճանաչում եմ ինձ, բացահայտում այնպիսի հնարավորություններ, որոնց մասին գուցե չգիտեի: Այդ մթնոլորտում սովորում եմ դիտորդ լինել:
-Շատ ընկերներ ունե՞ք:
-Աշխարհի չափ: Բոլորն իմ ընկերներն են: Սկզբում գրկաբաց եմ ընդունում մարդուն, առաջին ազդակս միշտ անկեղծ է ու ընկերական: Հետո կարող եմ հեռանալ, երբ պարզվի, որ մենք տարբեր աշխարհներից ենք:
-Եվ վերջում` կյանքի մեծագույն նվերը ի՞նչը կամ ո՞ւմ եք համարում:
-Հենց կյանքը եւ որդուս:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԵՎՍ ԶԱՅՐԱՑԵԼ Է

«Յուրաքանչյուր շոուբիզնեսցի, որն ունի եկամուտ, պետք է հարկ վճարի պետությանը: Ի դեպ, նախորդ տարիներին էլ մեր մասնակցությամբ համերգները, որոնք եկամուտ էին բերում, հարկվում էին. կազմակերպիչներն էին այդ հարկերը վճարում: Հիմա էլ հարկ վճարում է այն օբյեկտի տերը, որտեղ ես աշխատում եմ: Ինչ վերաբերում է անձամբ մեզ, ես դեմ չեմ, թող, օրինակ, հարսանիք լինի, ես էլ երգեմ ու հարկ վճարեմ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց երգչուհի Աննա Խաչատրյանը՝ անդրադառնալով նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառմանը, որով պատգամավորը շոու-բիզնեսի ներկայացուցիչներին հորդորել էր «առանց ավելորդ թպրտալու» հարկերը վճարել։ Երգչուհին պատգամավորին կոչ արեց ավելի կոռեկտ լինել:

«Դիմում եմ ոչ պատշաճ արտահայտություն արած տխրահռչակ պատգամավորին, հարգանքով վերաբերվե՛ք շոուբիզնեսցիներին եւ, առհասարակ, բոլոր քաղաքացիներին: Մենք էլ կարող ենք շատ արտահայտություններ անել, բայց մեր դաստիարակությունը մեզ թույլ չի տա: Եթե մեր պատգամավորները իր նման են, իր մակարդակի, ուրեմն մենք ողբալի վիճակում ենք»,- ասաց Աննան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավորի հայտարարության առնչությամբ իր դժգոհությունն էր հայտնել երգիչ, հաղորդավար Սամվել Գրիգորյանը:
Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք երգչուհին առաջիկայում հանդես կգա նոր տեսահոլովակով. «Ո՛չ, որովհետեւ գումար չկա: Բայց եթե հնարավորություններ ստեղծվեն, կցանկանամ անդրադառնալ հին հայկական մի գործի: Հիմա դադարի շրջանում եմ, սպասողական փուլում»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը:
Հարցրեցինք նաեւ ամառային հանգստի մասին: Աննան նշեց, որ այժմ աշխատանքային բուռն շրջան է իր համար, ուստի նախընտրում է հանգստի մեկնել աշնանը. «Բայց կոնկրետ պլաններ չեմ կազմում, քանի որ այդ դեպքում միշտ ի հայտ են գալիս հանգամանքներ, որոնք խոչընդոտում են դրանց իրականացմանը: Նախընտրում եմ ամեն բան սպոնտան անել: Այս պահին կցանկանայի լինել ծովում, բայց, հնարավոր է, հաջորդ պահին ուզենամ լեռնային հանգստի մեկնել»,- եզրափակեց երգչուհին:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 

ՊԱՅՔԱՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ
Կայացավ Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի ԱԻԿ – «Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպումը: Հայկական ակումբը պարտվեց 3:1 (4:3) հաշվով եւ դուրս մնաց Չ/Լ հետագա պայքարից: Մեր թիմի կազմում միակ գոլի հեղինակը դարձավ Անտոն Կոբյալկոն: Մեր թիմը կշարունակի պայքարել Եվրոպա Լիգայի խմբային փուլի ուղեգիր ձեռք բերելու համար:

 

 

 

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ` ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ
Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացավ Եվրոպայի` մինչեւ 19 տարեկանների առաջնության Հայաստան-Իտալիա հանդիպումը: Խաղն ավարտվեց իտալացիների 4:0 հաշվով հաղթանակով: Իտալացիներից դուբլի հեղինակ դարձավ Պորտանովան, իսկ մեկական անգամ էլ աչքի ընկան Մերոլան եւ Ռասպադորին: Հայաստանի հավաքականը այժմ չունի վաստակած միավոր եւ եզրափակում է A խմբի մրցաշարային աղյուսակը: Իտալիան ունի 3 միավոր եւ 1 միավորով է հետ մնում Իսպանիայից եւ Պորտուգալիայից: Խաղից անմիջապես հետո լրագրողների հետ է շփվել մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին, ովքեր մնացին եւ մինչեւ վերջ աջակցեցին մեզ: Այս խաղի ողջ պատասխանատվությունը ես վերցնում եմ ինձ վրա եւ ներողություն եմ խնդրում բոլորից: Տղաները կարող են ֆուտբոլ խաղալ: Ես հավատում եմ նրանց իրենցից շատ, սակայն գալիս է մի պահ, երբ նրանք ուղղակի չեն կարողանում խաղալ: Հոգեբանորեն, իհարկե, բարդ է նման մրցակիցների հետ խաղալը: Անցած խաղին նրանք ավելի կաշկանդված էին գործում, քան Իտալիայի դեմ: Մենք խաղացինք Բարձրագույն խմբի թիմերի հետ եւ տեսանք, որ մեր ֆուտբոլիստները կարող են խաղալ նման մրցակիցների հետ: Ես ասել եմ նրանց, որ պետք չէ ավտոբուս կանգնեցնել դարպասին, այլ պետք է խաղալ ֆուտբոլ, եթե ցանկանում են խաղալ ուժեղ ակումբներում: Մեր խմբի թիմերը շատ ուժեղ են եւ գրեթե հավասար մակարդակի: Տղաները պետք է ֆուտբոլ խաղան, իսկ հաշվի պատասխանատուն կլինեմ ես: Ես փոխարինեցի Երջանիկ Ղուբասարյանին, որովհետեւ ուներ թեթեւ վնասվածք: Ես չէի ցանկանում, որ նա խաղար, սակայն նա ասաց, որ պատրաստ է: Դեռեւս պարզ չէ վնասվածքի լրջությունը. եթե նա պատրաստ լինի, ապա կխաղա Պորտուգալիայի դեմ»,- ասել է Ոսկանյանը:

 

 

 

ԿՏԵՂԱՓՈԽՎԻ «ԱՐՍԵՆԱԼ»
Բրազիլացի ֆուտբոլիստ Դանի Ալվեսը կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Արսենալում»: Նշվում է, որ լոնդոնցիները Լիխշտայների հեռանալուց հետո այդ դիրքում լավագույնս տեսնում են Ալվեսին: Այս տրանաֆերի մասին կարող է հայտարարվել առաջիկա օրերին: Հիշեցնենք, որ Դանին Բրազիլիայի հետ նվաճեց Ամերիկայի Գավաթը եւ դարձավ խաղարկության լավագույն ֆուտբոլիստ: Նրա վերջին ակումբը ֆրանսիական ՊՍԺ-ն էր:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս