ԵՄ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՕԺԱՆԴԱԿԵԼ ԱՄԵՆ ԿԵՐՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունները գերազանց են. երեկ նման հայտարարություն է արել Երեւանում իր քառամյա դիվանագիտական առաքելությունն ավարտող Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին` նշելով որ Հայաստանի ու Եվրամիության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն իրականացման փուլում է: «Մենք էականորեն մեծացրել ենք Հայաստանի զարգացման համար նախատեսված ֆինանսական աջակցությունը: Ինչպես տեղյակ եք, Հայաստանը ստացել է 25 միլիոն եվրո, այսպես կոչված, հովանավոր ֆոնդի շրջանակում», – նշել է Սվիտալսկին: Հեռացող դեսպանը հետաքրքիր հայտարարություն է արել` ասելով, որ Բրյուսելը պատրաստակամ է աջակցել հայաստանյան դատական բարեփոխումներին, սակայն ամենեւին մտադիր չէ Երեւանին պարտադրել իր օրակարգը կամ թե ինչ եղանակով բարեփոխումներ իրականացնել դատական համակարգում: «Եվրամիությունը վճռական է՝ աջակցել հայաստանյան կողմի քայլերին՝ բարեփոխելու դատական համակարգը եւ ստեղծելու իրապես անկախ, մաքուր եւ արդյունավետ դատական համակարգ: Պատրաստակամ ենք ցուցաբերել քաղաքական, տեխնիկական ու ֆինանսական աջակցություն»,-ասաց Սվիտալսկին: Հետաքրքիր է, որ օրեր առաջ` ընդամենը հուլիսի 16-ին, հրապարակվել էր Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունը, որտեղ հստակ ուղերձներ չկային` կապված Հայաստանում դատաիրավական ոլորտում բարեփոխումների հետ, իսկ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո ակնկալել էր Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ եզրակացություն, երբ այն պատրաստ կլինի: Նկատենք, որ թավշյա հեղափոխությունից հետո ԵՄ-ի եւ հատկապես դեսպան Սվիտալսկու կողմից առավելապես Հայաստանի իշխանություններին պաշտպանող հայտարարություններ են հնչում:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հուլիսի 24-ին վերադառնալու է Հայաստան: Այնուհետեւ պլանավորված է նրա այցը Արցախի Հանրապետություն: Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանին եւս անհանգստացնում են ԼՂՀ-ում առաջիկայում կայանալիք նախագահի եւ խորհրդարանական ընտրությունները, ինչի պատճառով էլ վերջինս հաճախ է Արցախ մեկնում` հասկանալու այնտեղ տիրող տրամադրությունները: Արցախի իշխանական հատվածը, սակայն, «ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում պնդեց, որ Սերժ Սարգսյանն ընտրություններով չի հետաքրքրվում, չի զբաղվում: Ըստ նրանց` նա ուղղակի Արցախում հանգստանում է, հանդիպումներ է ունենում իր վաղեմի ընկերներին, որոնց հետ շփվում է առանց քաղաքական ընթատեքստի, ու պետք չէ ֆետիշացնել նրա կերպարը:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդ է սկսվել, եւ ՔԿ ծառայության պետ Արթուր Գոյունյանն ազատվում է նախկինի կադրերից: Նա առաջինն աշխատանքից ազատեց ՔԿՀ ծառայության պետի տեղակալ Հայկ Քոչինյանին, նրա փոխարեն իր տեղակալ նշանակեց «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի` «ԿԳԲ-ի պադվալ»-ի պետ Վահե Պապոյանին: Մեր տեղեկություններով` առաջիկայում կազատվի նաեւ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Մանուկ Միքայելյանից: Լուրեր են պտտվում նաեւ, որ Գոյունյանը որոշել է ազատվել համակարգի նախկին անդամներից, եւ ըստ այդմ, հաջորդ ազատման դիմումը կներկայացնի ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի օպերատիվ գծով առաջին տեղակալներից եւս մեկը. խոսքը Մանուկ Միքայելյանի մասին է: ՔԿ-ում տարածված լուրերի համաձայն` Միքայելյանը համարվում է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի կադրերից, քանի որ համակարգ է մտել նրա օրոք: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց անձամբ պարզել Մանուկ Միքայելյանից. նա հորդորեց դիմել լրատվական ծառայություն` միեւնույն ժամանակ հայտնելով. «Ոչ, ես աշխատանքի վայրում եմ, աշխատում եմ»:

 

 

 

 

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի լուծարման գործընթացը խնդիրներ է առաջացրել 2016 թ. Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների համար, քանի որ նրանց ուսման վարձի 20 տոկոսը հիմնադրամն էր վճարում: «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել մի քանի ուսանողներ, որոնց պատմելով` հիմնադրամը 2018-19 ուսումնական տարվա իրենց վարձի խոստացած 20 տոկոսը չի փոխհատուցել, եւ պատճառաբանել են, որ գտնվում են լուծարման գործընթացում: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց կապ հաստատել հիմնադրամի հետ, որտեղից մեզ արձագանքեցին այսպես. «Եթե ուսանողների տվյալները համապատասխանում են, թեեւ ծրագրերի ժամկետները մինչեւ մարտի 15-ն է եղել հայտարարված, մենք ընդառաջել ենք»: Բայց մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ փոխվարչապետի` նախորդ տարվա նոյեմբերի 5-ի հանձնարարականով Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը հանձնարարվել էր ներկայացնել Հիմնադրամի լուծարման վերաբերյալ առաջարկություններ: Չի բացառվում, որ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի տնօրինած հիմնադրամի գործառույթները մոտ ապագայում իրականացնի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:

 

 

 

 

ՀԱՆԴԳՆԵՑ
Հետհեղափոխական Հայաստանում դատական իշխանության ներկայացուցիչների դիմադրության գործողությունները շարունակվում են: Նախկին իշխանության օրոք նախագահական նստավայրից կամ կառավարությունից ստացված զանգերով արդարադատություն իրականացնող շատ ներկայացուցիչներ այսօր խոսում են դատական անկախության, երրորդ իշխանության կարեւորության եւ այլ արժեքների մասին, որոնք վերաբերյալ նույնիսկ երազելը մեկուկես տարի առաջ կարող էր վտանգավոր լինել նրանցից շատերի առողջության համար: Ու այս համատեքստում, նախկինում «Ժառանգություն» կուսակցության համակիր, հետո կարկառուն հանրապետական դարձած Հրայր Թովմասյանի տված հարցազրույցը Թերթ.am-ին ոչ այլ ինչ է, քան դատական իշխանության լիիրավ իրացում՝ մի բան էլ իշխանազանցման տարրերով:
Պատկերացնո՞ւմ եք, ՀՀ Սահամանադրական դատարանի նախագահը հանդգնում է հակադարձել ՀՀ վարչապետին՝ խրատներով, խորհուրդներով, «չի կարելի»-ներով համեմելով իր խոսքը: Նախահեղափոխական քոչարյանասարգսյանական իշխանական համակարգի պայմաններում անգամ անհնար էր պատկերացնել, որ Սահմանադրական դատարանի նախագահը կարող էր սեփական տեսակետ հայտնել, այն էլ՝ հրապարակավ: Լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբաներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՍԴ-ի մասին հնչեցրած կարծիքը, Թովմասյանն ահա թե ինչ է ասում. «Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ հավատարիմ մնալով իմ երդմանը եւ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքին` ես պարտավոր եմ ցուցաբերել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն»: Բայց հետո շարունակում է. «Գայթակղությունը մեծ է քաղաքական ամբիոն ստանալու եւ քաղաքական պատասխաններ տալու, բայց այս պարագայում ես ստիպված եմ ասելու, որ չեմ կարող այդ քաղաքական պատասխանը տալ, որովհետեւ քաղաքական էին այդ հարցադրումները, եւ ես դրանք չեմ կարող մեկնաբանել»: Ու չնայած այս ամենին` այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանի նախագահը չի դիմանում գայթակղությանը ու պատասխանում է ՀՀ քաղաքական իշխանության ղեկավարին: Նա գործի է դնում իր վաղուց բթացած վիրավորանքի զգացողությունը ու ասում. «Պարզապես կարող եմ ասել, որ որոշ արտահայտություններ վիրավորական էին, մոտ էին արժանապատվությանը վիրավորելուն, մասնավորապես, դատական իշխանության ներկայացուցիչներին, եւ որոշ արտահայտություններ կարող են դառնալ դասագրքային, թե ինչպիսին չպետք է լինեն գործադիր իշխանության ղեկավարի եւ դատական իշխանության փոխհարաբերությունները, ինչպես չի կարելի արտահայտվել դատական իշխանության հասցեին»:
Նկատեցիք ՍԴ նախագահի խրատները ՀՀ վարչապետին: Բա ասում են՝ դատական իշխանությունն անկախ չէ: Թերեւս շատ անկախ է, ավելին, քան կարելի է պատկերացնել:




Լրահոս