«Մեկ Հայաստան» կուսակցությունը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, այս ժամանակահատվածում շատ ակտիվ հանդիպումներ ու քննարկումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի հետ: Վերջերս էլ կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՅԴ-ի հետ, ներկայացրել իրենց նպատակները:
Տեղեկություններ են շրջանառվում, որ «Մեկ Հայաստան» կուսակցությունը պաշտպանում է այն տեսակետը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը սխալ է, ու նա կարող է ազատության մեջ գտնվել, իսկ իրավապահները իրենց գործառույթն իրականացնեն առանց Քոչարյանին կալանքի տակ պահելու:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի հետ` պարզելու` արդյոք իրատեսական են այդ տեղեկությունները:
-Պարո՛ն Ղազինյան, Ձեր ղեկավարած կուսակցությունը ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի հետ, հանդիպել եք նաեւ ՀՅԴ-ի հետ: Ի՞նչ նպատակով են այդ հանդիպումներն իրականացվում: Տեղեկություններ կան, որ համագործակցում եք ՀՅԴ-ի հետ:
-Մենք համագործակցում ու հանդիպումներ, շփումներ, քննարկումներ ունենում ենք բոլոր կուսակցությունների, քաղաքական միավորների ու քաղաքական ուժերի հետ: Մենք քաղաքական դաշտում հակառակորդներ, թշնամիներ չունենք, «Դաշնակցության» հետ հանդիպում էլ կայացել է իրենց նախաձեռնությամբ: Դա չի նշանակում, որ մենք բացառապես համագործակցում ենք Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ, դա շատ թյուր ընկալում է: Բնականաբար, մենք Հայաստանում ստեղծված իրավիճակը քննարկելու համար բաց ենք բոլոր քաղաքական ուժերի համար: Մենք բոլորի հետ ենք աշխատում: Հիմա մեզ համար անհանգստացնող է վերջին ժամանակներս իշխանության որդեգրած քաղաքականությունը դատական համակարգի վերաբերյալ: Մենք ասել ենք, որ խնդիրը համալիր է ու չի կարող տեղային լուծումներ ունենալ, պետք է լինի համալիր լուծում: Պետք է լինի նոր դատաիրավական բարեփոխումների ծրագիր, որը ենթադրում է իրականում կառուցողական եւ թիրախային նպատակին միտված աշխատանք, այլ ոչ հեղափոխական եւ վիրահատական միջամտության:
-Բայց իշխանություններն ավելի շատ կողմնակից էին վեթթինգի, որը դատական համակարգը ամբողջությամբ «կբուժեր»:
-Մենք կատեգորիկ դեմ ենք. դա ընդհանրապես չի կարող կիրառվել, ուղղակի չի կարող կիրառվել ՀՀ-ում, հակառակը, դա բերելու է ավելի մեծ ու անլուծելի խնդիրներ, հետեւաբար պետք է շատ զգույշ վերաբերվել դատական համակարգին, եթե հատկապես խոսքը գնում է իշխանության գործադիր թեւի մասին: Իշխանության ներսում, թերեւս, չկա պատկերացում, որ իշխանությունների տարանջատման սկզբունքը ժողովրդավարության հենասյուներից մեկն է հանդիսանում, եւ չի կարող իշխանության մի ճյուղը պարտադրել, հարկադրել իր կամքը իշխանությանը հավասարազոր մեկ այլ ճյուղի վրա: Այսինքն` վարչապետը չի կարող քննարկել, մեկնաբանել դատական ակտերը:
-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը չի խառնվելու ոչ մի դատական գործընթացի, ու որեւէ ուղղորդում չի լինելու: Ըստ վարչապետի` իշխանությունն ամեն ինչ անում է դատաիրավական համակարգի բուժման համար: Դա արդյոք նշանակո՞ւմ է միջամտություն:
-Իսկ միջամտությունը էլ ինչպե՞ս է լինում: Իր խոսքերով ասեմ` պոզով-պոչով կենդանի՞ է միջամտությունը: Եթե ասում է` այս դատավորները չպետք է աշխատեն, եթե ասում է, որ այն դատավորը, որ ընդունում է մեզ համար ոչ այդքան հաճելի որոշում, մենք պետք է աշխատանքի մեջ պլագյատ գտնենք եւ այլն, բա, ձեր կարծիքով, միջամտությունը էլ ո՞նց է լինում: Այսինքն` մենք չենք միջամտում, քանի դուք դեռ մեզ համար հաճելի որոշումներ եք ընդունում. որ պահին ձեր ընդունած վճիռները մեզ համար կլինի տհաճ, անպայման դուք կզգաք դրա հետեւանքները: Փաստացի այսօրվա իշխանության ձեռագիրը դա է: Այսինքն` պետք չէ կոնկրետ գործերով միջնորդել, այսինքն` ըստ իշխանությունների չպետք է լինի դատավոր, որ չի անի այսօրվա իշխանությունների ցանկացածը:
-Ըստ շրջանառվող տեղեկությունների` Ձեր կուսակցությունն ամեն ինչ անում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատության մեջ տեսնելու համար:
-Քանի որ ես ծանոթ չեմ քրեական գործի մանրամասներին, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրանքը առաջադրվել է ՀՀ երկրորդ նախագահին, հոդվածը բավականին վիճահարույց է, ունի դոկտրինալ եւ պրակտիկ բազա, այսինքն` չկան հոդվածի վերաբերյալ գիտական հիմնավորումներ, ինչպես նաեւ հոդվածը երբեք չի կիրառվել, ես կողմնակից եմ, որ այն լինի իրավական հարթությունում եւ ոչ թե քաղաքական: Եւ եթե ելնում ենք պետականության տեսանկյունից, ապա պետական իշխանության եւ պետության նկատմամբ հասարակության լայն վստահությունը պահանջում է, որպեսզի նախկին նախագահներին չենթարկեն քրեական պատասխանատվության` անկախ նրա անձից` դա կլինի Լեւոն Տեր-Պետրոսյան, թե ապագայում Նիկոլ Փաշինյան: Չի կարելի դա անել, որովհետեւ մենք մարդկանց աչքում գցում ենք պետության հեղինակությունը, գցում ենք պետականության արժեքը: Անձն այս պահին երկրորդական ու երրորդական է, խնդիրն ավելի համակարգային է: Կարող է գործ հարուցվել, բայց չհասնել կալանքի, կարելի է քննել, կարելի է ուսումնասիրել, կապացուցվի մեղադրանքը, բնականաբար պետք է ենթարկվի ամենախիստ քրեական պատասխանատվության: Ամեն մի նոր իշխանություն իր պարտքը կհամարի նախկին իշխանության նկատմամբ մի քանի հոդված գտնել եւ ենթարկել քրեական պատասխանատվության: Այդ դեպքում մենք կմտնենք մի անվերջանալի ցիկլի մեջ, իսկ արդյունքում մենք կարող ենք երկու պետություն կորցնել:
ԼՂՀ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՀՍՏԱԿԵՑՆՈՒՄ ԵՆ
Արցախի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի թիվը կարծես թե ուրվագծվում է: Մենք տեղեկացրել էինք, որ ապրիլին նախատեսված է Արցախի նախագահի եւ խորհրդարանական ընտրությունները, որն արդեն հասցրել է լարվածություն առաջացնել Արցախում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` արդեն որոշված է, որ ԼՂՀ ԱԺ ընտրություններին մասնակցելու են ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, «Ժողովորդավարություն» կուսակցությունը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի նորաստեղծ «Պահպանողական» կուսակցությունը: Հնարավոր է՝ ընտրություններին մասնակցեն ԼՂՀ ընդդիմադիր ուժերց եւս՝ «Շարժում 88»-ը եւ Հայկ Խանումյանի ղեկավարած «Վերածնունդ» կուսակցությունները:
Արցախում չեն բացառում, որ այս ժամանակահատվածում այլ կուսակցություններ որոշեն մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Կարելի է ասել` բոլորը սպասում են Սամվել Բաբայանի կողմնակիցների կողմից արդեն ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնած ստորագրահավաքի արդյունքներին: Արցախում շատ ուժեր կարծում են, որ Բաբայանի ճակատագրի որոշմամբ պարզ կլինի` կարելի է արդյոք մասնակցել ընտրությունների, թե ոչ:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաեւ, որ ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո շատ քաղաքական ուժեր եւս այնտեղ փոխել են իրենց տրամադրվածությունը` ընտրությունների հետ կապված. բոլորն էլ կարծում են, որ այն անցնելու է այնպես, ինչպես ՀՀ-ում ամիսներ առաջ` առանց որեւէ լցոնումների կամ արդեն որոշված ելքի: Շատերի կարծիքով` դեռեւս շատ շուտ է հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին, քանի որ այս ժամանակահատվածում կարող է իրավիճակ փոխվել: Բայց մեր տեղեկություններով` կուսակցություններում վերադասավորումներ են, հանդիպումներ են լինում տարբեր գյուղերում, քաղաքացիների հետ շփվում են, որպեսզի պարզեն տրամադրվածությունը իրենց կուսակցությունների նկատմամբ:
Կարճ ասած՝ Արցախում նախընտրական եռուզեռի մեկնարկը տրված է:
Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ: Մասնավորապես, նրանք առաջարկում են փոփոխություն կատարել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում եւ հոդված ավելացնել, ըստ որի` կառավարության նիստում չեն կարող որպես չզեկուցվող հարց ընդգրկված նախագծերը վերաբերել Ազգային ժողովի պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագծին: Ըստ այդմ, հոդվածի սահմանումը կլինի այսպես. «Ազգային ժողովի պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը Կառավարության նիստում պարտադիր ենթակա է քննարկման»: Հիշեցնենք, որ վերջերս տեղի ունեցած կառավարության նիստում ընդդիմադիր խմբակցության կողմից ներկայացված նախագիծը ընդգրկվել էր չզեկուցվողների թվում: Մասնավորապես, նրանք առաջարկած են եղել փոփոխություններ Ազգային անվտանգության եւ Ոստիկանության պետերին սահմանված չափանիշների մեջ, որը, սակայն, կառավարությունը մերժել էր:
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՍՏՈՒԳՈՒՄ
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն պարբերաբար քաղաքացիներ են ահազանգում` հայտնելով, որ Տավուշի մարզի առանձին հատվածներում բեռնատարները լուրջ ստուգման են ենթարկվում ոստիկանների կողմից, որից հետո միայն թույլատրվում է շարունակել երթեւեկությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահները հատուկ ստուգում են բեռնատարները, որպեսզի կարողանան կանխեն անտառահատման դեպքերը: Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն` Տավուշի մարզում հատուկ հենակետեր են ստեղծվել, որտեղ բացի իրավապահներից ներգրավված են նաեւ Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցներ, որոնք եթե բեռնատարում տեսնում են փայտ, ապա ստուգում են փաստաթղթի օրինականությունը:
Ի դեպ, երեկ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով` Տավուշի մարզում նոր ոստիկանապետ է նշանակվել։ Նշենք, որ տեւական ժամանակ էր, ինչ մարզը ոստիկանապետ չուներ: Օրերս Իջեւանում տեղի ունեցած դեպքերից հետո ոստիկանապետ նշանակելու գործընթացը արագացվեց: Հավելենք, որ Իջեւանում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության եւ խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել 13 անձի։ 10 անձ կալանավորվել է, 2-ի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ, մեկի նկատմամբ՝ ստորագրություն` չհեռանալու մասին: Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, այն է՝ զենք կան որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանությունը, ինչպես նաեւ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից կամ կազմակերպված խմբի կողմից: Հավելենք, որ քրեական գործի շրջանակներում 11 անձ դեռ որոնվում է: