ՀԵՏԱՔՐՔԻՐ ԹՎԵՐ` ԱԱԾ-Ի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը հաշվետվություն է ներկայացրել տարբեր ստորաբաժանումների կատարած աշխատանքների արդյունքների վերաբերյալ: Ընդ որում, այդ աշխատանքներն ընդգրկել են 2018 թվականի մայիսի 10-ից մինչեւ 2019 թվականի հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածը, այսինքն` խոսքը թավշյա հեղափոխությունից հետո հանցավորության դեմ պայքարի ոլորտում տեղի ունեցած իրադարձությունների մասին է:

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով հաշվետվությունը, տեղեկացավ, որ այս մեկ տարուց ավելի ժամանակահատվածում ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից հարուցվել է 327 քրեական գործ, 21 քրեական գործ ստացվել է այլ մարմիններից, վերսկսվել է 36 քրեական գործի վարույթ, իսկ թվով 22 քրեական գործ 2018թ-ից փոխանցվել է 2019թ.:
Ընդ որում, հետաքրքիր է, որ միայն տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով հարուցվել է 72 քրեական գործ: Որպես համեմատություն` նշենք, որ 2018 թվականին այդպիսի քրեական գործերի թիվը եղել է 41-ը, իսկ այս տարվա մինչեւ հունիսն արդեն 31 այդպիսի գործունեության դեպք է եղել: Սակայն դրանցից միայն 5-ի նախաքննությունն է ավարտվել, իսկ 2-ինը կարճվել, որից մեկը հանրությանը հայտնի «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի վերաբերյալ քրեական գործն էր, եւ միայն այս ընկերության գործունեության արդյունքում պետությանը պատճառված վնասը կազմել է 3 մլրդ 37 մլն 952 հազար դրամ: Ուշագրավ է, որ նախաքննության ընթացքում ամբողջովին վերականգնվել է վնասը, սակայն քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Տնտեսական հանցագործությունների մասով 32 քրեական գործ ուղարկվել է` ըստ քննչական ենթակայության, իսկ 32-ի նախաքննությունը շարունակվում է: Եվ միայն այս բնույթի հանցագործությունների մասով պատճառվել է ընդհանուր առմամբ 46 մլրդ 791 մլն 564 հազար դրամի վնաս: Եվ այստեղ քննվող քրեական գործերով այս չափի վնասից արդեն վերականգնվել է 22 մլրդ 652 մլն դրամը:
Բացի դրանից, նշված ժամանակաշրջանում կարճված եւ դատարան ուղարկված մյուս քրեական գործերով ընդհանուր վնասը կազմել է՝ 186 մլն 83 հազար դրամ, որից պետությանը պատճառված վնասը՝ 6 մլն 99 հազար դրամ: Ընդհանուր առմամբ վերականգնվել է 105 մլն 750 հազար դրամ:
Այսպիսով, եթե ամփոփելու լինենք, ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից մայիսի 10-ից մինչեւ հունիսի 14-ը քննվել է 406 քրեական գործ, որոնցից 137-ը եղել է անձի նկատմամբ: Այստեղ վարույթը կարճվել է 35 քրեական գործով, կասեցվել է 19 քրեական գործով: Տվյալների համաձայն` նաեւ 22 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Միեւնույն ժամանակ, հաշվետվության մեջ նշված է, որ ԱԱԾ-ն այս ընթացքում պետական իրավասու մարմիններին, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանությանը եւ նախաքննական մյուս մարմիններին ուղարկել է կոռուպցիոն, տնտեսական, զինվորական, պաշտոնեական եւ այլ բնույթի չարաշահումների վերաբերյալ 1000-ից ավելի տեղեկություններ կամ նախնական նյութեր, որոնց հիման վրա տարբեր մարմինների կողմից հարուցվել են 300-ից ավելի քրեական գործեր:
Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի հունվարից մինչեւ մայիսը ԱԱԾ-ի կողմից հարուցված է եղել 95 քրեական գործ, վերսկսված էր եղել 11 քրեական գործի վարույթ, իսկ 58 քրեական գործ 2017թ-ից փոխանցվել էր 2018թ.: Այսպիսով, ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակաշրջանում ՔԴ-ի կողմից քննվել է 164 քրեական գործ 83 անձի նկատմամբ:
Որպես համեմատություն նշենք, որ 2018թ. ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերով` հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել էր 84 մլրդ 869 մլն 951 հազար դրամ, եւ բացահայտված ընդհանուր վնասից 2018թ. ընթացքում վերականգնվել էր 27 մլրդ 775 մլն դրամ, իսկ շուրջ 6 մլրդ 922 մլն դրամ մնասը երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով, այն է՝ այդ չափով առկա արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանքով:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՏԵԽՆԻԿԱՊԵՍ ԿԶԻՆՎԵՆ
Առաջիկայում «Ոստիկանության մասին» օրենքում լրացում ու փոփոխություն կկատարվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արդարադատության նախարարությունն առաջարկում է խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի այլ դեպքերը կանխելու, բացահայտելու նպատակով ոստիկանության շենքերի մուտքերն ու ելքերը, հարցաքննությունների եւ օպերատիվ հարցումների համար օգտագործվող սենյակները կահավորել տեսագրող ու տեսաձայնագրող սարքերով: Պարզվում է` ոստիկանությունը տեսագրող ու տեսաձայնագրող սարքերի տեղադրման խնդիր չունի, այլ անհրաժեշտ է իրավական հստակ կարգավորում նախատեսել դրանց իրականացման համար: Բացի այս, երբ ոստիկանության ծառայողը համազգեստով է, եւ օրենքով հստակ ամրագրված է, որ տեխնիկական միջոցն ամրացվում է ոստիկանության ծառայողի համազգեստին կամ նրա ձեռքում, ծառայողական ավտոմեքենայում, ապա տեսանկարահանումը քաղաքացիների համար կանխատեսելի է: Իսկ եթե ոստիկանության ծառայողը համազգեստով չէ, ապա այդ դեպքում նա պետք է բանավոր նախազգուշացնի տեսանկարահանելու մասին:

 

 

 

 

ՆԱՄԱԿՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կառավարությունը որոշել է ուսումնասիրություն կատարել եւ պարզել, թե հատկապես որ գերատեսչություններից եւ որ ոլորտներից են ամենից շատը դժգոհում քաղաքացիները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ նպատակով կառավարությունը ներդրել է պիլոտային ծրագիր, եւ մեկ ամսվա ընթացքում կամփոփվեն տվյալ ուսումնասիրությունների արդյունքները: Գաղտնիք չէ, որ կան ոլորտներ կամ գերատեսչություններ, որոնցից քաղաքացիներն ամենից շատ են դժգոհում եւ նաեւ դժգոհում, թե հաճախ այդ մտահոգությունները տեղ չեն հասնում, եւ հարցերին լուծում չի տրվում: Նկատենք, որ քաղաքացիների կողմից բողոքներ եւ նամակներ հղելու պրակտիկան մեծ թափով եղավ հատկապես թավշյա հեղափոխությունից հետո, եւ այս առումով թվերն ավելի խոսուն են: Օրինակ` 2018 թվականին, 2017-ի համեմատ, քաղաքացիների դիմումների թիվը 217 տոկոսով ավելացել է, իսկ միայն 2019 թվականի առաջին կիսամյակի դրությամբ այն արդեն 59 տոկոսով ավելի է, քանի 2017 թվականի ամբողջ հարցումների թիվը:

 

 

 

 

ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՀԵՏՈ
Ինչպես հայտնի է, հուլիսի 19-ին հրաժարական էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանը, եւ այժմ նրա տեղը թափուր է: Մեկ տեղ էլ առկա է գիտնական-իրավաբանների ցանկում, որոնց էլ ընտրում է Ազգային ժողովը: Եվ, ահա, ստեղծվել է մի իրավիճակ, երբ մեկական հոգի պակաս է երկու թեւերից էլ, եւ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երկու կողմերն էլ այս հարցին կանդրադառնան արդեն սեպտեմբերին` արձակուրդից վերադառնալուց հետո: Սակայն այս ընթացքում Դատավորների ընդհանուր ժողովը եւ Ազգային ժողովը կփորձի թեկնածուներ գտնել, քննարկել, սակայն հիմնական որոշումը եւ արդեն բուն ընտրությունը կկայանան աշնանը:

 

 

 

 

ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը ներառյալ մեկնում է արձակուրդ: Ն. Փաշինյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

 

 

 

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ՉԿԱ
Եվրամիության դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ չի փոխվել: Այս մասին ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Մենք հավատացած ենք, որ հակամարտությանը ռազմական լուծում չկա: Մենք մեծապես նպաստում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններին: Մեր դիրքորոշումը սա է: Վստահ եմ, որ որեւէ պատճառ չկա անհանգստանալու, որ ԵՄ-ն փոխել է իր դիրքորոշումը, դա այդպես չէ»,-ասել է նա: Դեսպանի խոսքով` ԵՄ դիրքորոշումը երբեմն արտահայտվել է տարբեր ձեւակերպումներով, բայց այն չի փոխվել: Անդրադառնալով վիզաների ազատականացմանը, Սվիտալսկին նշել է, որ հայկական կողմը համագործակցում է վրացի գործընկերների հետ` վրացական փորձը ուսումնասիրելու համար: Վրացական փորձը կարող է օգտագործվել ՀՀ կողմից: Պետք է համբերատար լինել, շարունակե՛ք ջանքերն ուղղել այս ուղղությամբ»,- ասել է Սվիտալսկին:

 

 

 

 

ՆՈՐ ԿԱՐԳՈՎ
ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի 5 զորամասում օգոստոսից զինծառայողներին սնունդը կտրամադրվի նոր կարգով: «3 տարվա ընթացքում մենք պետք է հասնենք այն արդյունքին, որ բոլոր զորամասերում նույն ձեւաչափով ապահովվի սննդի կազմակերպումը: Այս պահին չորս զորամասում է նոր կարգը գործում, նախապատրաստական աշխատանքներ են ընթանում 5-րդ զորամասի համար, որը բավական հեռավոր է, նաեւ ընդգրկված է մարտական հերթապահության մեջ: Մյուս ամսից այդ զորամասում եւս կգործի սննդի մատուցման նոր կարգը: Կամաց-կամաց է լինելու գործընթացը»,-ասել է Տոնոյանը: Նախարարի խոսքով` սա լավագույն տարբերակն է, երբ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում սննդի որակը բարձրացվում է:

 

 

 

ՔՐԳՈՐԾ
2019 թվականի հուլիսի 20-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետում ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համիկ Եղիայի Վարդանյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում գտնվել է 2000 թվականին ծնված շարքային Համիկ Եղիայի Վարդանյանի դին: Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանվում է ինքնասպանության հասցնելու պատիժը: Ըստ այդմ` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:




Լրահոս