ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՔԿ ԿԱԴՐԱՅԻՆ ՋԱՐԴԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետը ազատվում է նախկին կադրերից: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՔԿ նորանշանակ ծառայության պետն առաջիկայում կազատվի նաեւ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Մանուկ Միքայելյանից:

Ինչպես հայտնի է, օրերս աշխատանքից ազատվեց ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանը, որից հետո ՔԿ ծառայության պետ նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունու քննչականի պետ Արթուր Գոյունյանը:
Տպավորությունն այնպիսին էր, որ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը չի հաշտվել Արտյոմ Մխոյանի հետ, սակայն իրավապահ համակարգում լուրեր են պտտվում, որ Մխոյանի գնալը բավականին խորը արմատներ ունի: Դեռ 2018 թվականի նոյեմբերի 15-ին հրապարակվել էր այն մասին, որ քրեակատարողական հիմնարկները կնորոգվեն ոչ թե դատապարտյալների, այլ պետական գումարներով: 270 մլն դրամ հատկացվել էր «Վարդաշեն» եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ների վերանորոգման աշխատանքների համար: Եվ արդեն 2019 թվականի հունիսի 20-ին գործադիրի նիստի օրակարգում ընդգրկվել էր կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կրկին Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը 185 մլն դրամ հատկացնելու մասին հարցը, սակայն հարցն օրակարգից հանվել էր: Եվ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը նշել էր, որ այստեղ չարաշահումներ են հայտնաբերվել: Ավելին, հենց նույն կառավարության նիստում ՊՎԾ ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը նշել էր, որ քրեակատարողական ծառայությունում իրենց ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են, որ ՔԿՀ-ներում նորոգումներն իրականացվել են խախտումներով, նաեւ խախտումներ են հայտնաբերվել պայմանագրային պարտավորությունների դրույթների կատարման մեջ, եւ ՊՎԾ կազմած տեղեկանքն ուղարկվել է գլխավոր դատախազություն: Ահա այս պատմության մեջ էլ թաքնված է «շան գլուխը». անցած տարի հատկացված 270 միլիոն դրամը նպատակին չի ծառայեցվել, որի հետեւանքով էլ նորանշանակ նախարարը թույլ չի տվել այս տարի քրեակատարողական ծառայությանը 185 մլն դրամ տալ: Իրավապահ մարմիններում տարածված լուրերի համաձայն` այս չարաշահման բացահայտման պատճառով են Մխոյանին ասել, որ աշխատանքից ազատման դիմում գրի:
Ի՞նչ փուլում է ՊՎԾ-ի դիմումը
«Ժողովուրդ» օրաթերթը Պետական վերահսկողության ծառայության դիմումի ճակատագրի մասին հետաքրքրվեց ՀՀ գլխավոր դատախազությունից, թե ինչ ընթացք են տվել դիմումին, որտեղից ի պատասխան` հայտնեցին. «ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետական կարիքների համար իրականացված գնումների գործընթացների ուսումնասիրության վերաբերյալ ՊՎԾ-ից ուղարկված փաստաթղթերը, որոնք ներկայումս գտնվում են ուսումնասիրության փուլում: Ուսումնասիրության շրջանակներում հանձնարարված անհրաժեշտ գործողությունների արդյունքներից կախված` կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ»:
Կադրային ջարդը սկսված է
Ու մինչ իրավապահները ուսումնասիրում են, ՔԿ ծառայության նորանշանակ պետ Արթուր Գոյունյանը սկսել է կադրային ջարդը: Գրել էինք, որ վերջինս, նշանակվելով պաշտոնին, նախ առաջինը աշխատանքից ազատեց ՔԿՀ ծառայության պետի տեղակալ Հայկ Քոչինյանին եւ նրա փոխարեն իր տեղակալ նշանակեց «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի` «ԿԳԲ-ի պադվալ»-ի պետ Վահե Պապոյանին: Ի դեպ, ՔԿ ծառայությունում տարածված լուրերի համաձայն` Պապոյանը նախկին ղեկավարներից որեւէ մեկին չի ենթարկվել ու որեւէ մեկի պահանջը չի կատարել, եւ շատերն էլ նրա ասածին չեն փորձել հակառակվել «շառ ու փորձանքից» հեռու մնալու համար: Ի դեպ, ՔԿ ծառայությունում տարածված լուրերի համաձայն` Քոչինյանի հեռացումը համակարգում ծանր են տարել, ու չի բացառվում, որ նրա հեռանալով այլ մարդիկ եւս գնան:
ՔԿ ծառայությունում ազատումները այսքանով չեն ավարտվելու: Լուրեր են պտտվում, որ նորանշանակ պետ Գոյունյանը որոշել է ազատվել համակարգի նախկին անդամներից կամ, այսպես ասած, հնաբնակներից, եւ հաջորդ ազատման դիմումը հավանաբար կներկայացնի ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի օպերատիվ գծով առաջին տեղակալներից եւս մեկը. խոսքը Մանուկ Միքայելյանի մասին է: ՔԿ-ում տարածված լուրերի համաձայն` Միքայելյանը համարվում է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի կադրերից, քանի որ համակարգ է մտել արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի օրոք: Մասնավորապես, 2006-2007թթ. ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետ է եղել, 2015-2017թթ.` ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, 2017-2018թթ.` ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ, 2018-2018թթ.` ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետ, իսկ, ահա, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի 2018թ.-ի հունիսի 15-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ:
Ի դեպ, ՔԿՀ-ում տարածված լուրերի համաձայն` Մանուկ Միքայելյանը, լինելով ՔԿ ծառայությունում օպերատիվ գծով պետ, քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների եւ կալանավորների գործողությունների մասով չի տիրապետել օպերատիվ իրավիճակին, ուստի չի բացառվում, որ սա կարող է պատճառ դառնալ, որ նրա ազատման մասին տեղեկություններ պտտվեն:
Օպերատիվ գծով պետը` իր ազատման մասին
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց անձամբ պարզել Մանուկ Միքայելյանից, թե արդյոք նրան ասել են, որ ազատման դիմում գրի եւ հաջորդ հեռացողն արդյոք նա է: Ի պատասխան` Մանուկ Միքայելյանը հորդորեց դիմել լրատվական ծառայություն: Անդրադառնալով իրեն աշխատանքից ազատելու մասին լուրերին` հայտնեց. «Ոչ, ես աշխատանքի վայրում եմ, աշխատում եմ»: Մեր այն հարցին, թե լուրեր կան, որ իրեն ազատում են, քանի որ լինելով օպերատիվ գծով պատասխանատու` չի տիրապետել ՔԿՀ-ներում իրավիճակին եւ «պրավալ է տվել», Մանուկ Միքայելյանը պատասխանեց, որ նման բան չկա, ոչ մի «պրավալ» չկա:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԲՈՂՈՔ ՉՈՒՆԵՆ
Հուլիսի 19-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել էր 14-ամյա երեխա, որը երկար տարիներ ոսկրային հիվանդություն է ունեցել, չի կարողացել քայլել: Երեխայի մահվանից հետո բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանություն, եւ իրավապահները հետաքննություն են սկսել: 14-ամյա երեխայի մահվան պատճառները հասկանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նրա ազգականներից Թալաբանի Սադեյանի հետ, որը հայտնեց. «Երեխան երկար տարիներ ունեցել է ոսկրային հիվանդություն, չի քայլել, փորձել են բուժել, սակայն, ցավոք, հիվանդությունը խորացել է: Տանը ունի իրենից մեծ մեկ քույր, հայրն ու մայրն էլ գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղվում»: Ըստ 14-ամյա երեխայի քեռու` Թալաբան Սադեյանի հետ կատարվածում իրենք բժիշկների մեղքը չեն տեսնում. «Բժիշկները ամեն ինչ արեցին երեխայի կյանքը փրկելու համար, բայց չստացվեց»:

 

 

 

 

ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ԽԱՌՆՎԵԼ ԵՆ ԻՐԱՐ
Հուլիսի 6-ին Արարատի մարզում վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարը իրարանցում է առաջացրել իրավապահ համակարգում: Դեպքից հետո ՀՀ-ում մեծ աղմուկ բարձրացավ երթեւեկության կանոնների խախտման, մեքենաների անսարքության եւ այլ հարցերի շուրջ: Դեպքից հետո ՃՏՀ-ների իրավիճակին անդրադարձավ նաեւ Գլխավոր դատախազությունը` նշելով, թե արձանագրվել է ՃՏՀ-ների դեպքերի անհանգստացնող արագությամբ աճման միտում: Մասնավորապես, եթե 2016 թվականի ընթացքում հաշվառման է վերցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործության 700 դեպք, 2017թ. ընթացքում` 972 դեպք, ապա 2018թ.` արդեն 1283 դեպք:
Այսինքն` միայն 2017-2018թթ. կտրվածքով ՃՏՀ արձանագրված դեպքերն ավելացել են 32%-ով: 2019թ. առաջին վեց ամիսների ընթացքում հանրապետության տարածքում արձանագրվել է 685 նման դեպք, որը 133-ով կամ 24.1 տոկոսով ավելի է` 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ընդ որում, 2017թ. համեմատությամբ` 2018թ. 44-ով կամ 25%-ով /176-220/ աճել է մահվան ելքով դեպքերի թիվը: Իսկ 2019թ. առաջին կիսամյակին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մահվան ելքով դեպքերն ավելացել են 15%-ով կամ 16%-ով (94-109):
Արդյունքում դատախազությունը մշակել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով սահմանված սանկցիաների խստացմանը միտված օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը ներկայացվել է ՀՀ Արդարադատության նախարարությանը: Ասել է թե` ՀՀ դատախազությունը շրջանառության մեջ է դրել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար պատիժը խստացնող օրենսդրական նախագիծ: Իսկ թե որքանով նոր նախագիծը կօգնի տեղի ունեցող դեպքերի նվազեցմանը, պատիժը խստացնելը արդյոք դաս կլինի օրինախախտ վարորդների համար, ցույց կտա ժամանակը:

 

 

 

 

3. 400. 000 ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
Օրերս Ազգային անվտանգության ծառայությունից տվյալներ էին ստացվել Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունների վերաբերյալ: Նախնական տվյալներով` համայնքի նախկին ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2014-2016թթ. ընթացքում համայնքի անապահով ընտանիքներին դրամական օգնություն տրամադրելու պատրվակով համայնքի բյուջեից գումարներ է դուրս գրել, որոնցից 1.170.000 դրամը չի տրամադրել բնակիչներին ու յուրացրել է: Բացի այդ, ձեւական մրցույթ է հայտարարել եւ փաստացի իրեն պատկանող 7.000.000 դրամով գնած «BMW» մակնիշի ավտոմեքենան 2015թ. շուկայական արժեքից թանկ` 10.400.000 դրամով, վաճառել է Չկալովկա համայնքին համայնքի կարիքների համար տրանսպորտային միջոց ձեռք բերելու նպատակով: Այդկերպ համայնքի օրինական շահերին պատճառվել է էական` շուրջ 3.400.000 դրամի վնաս: Դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել եւ ուղարկվել քննչական կոմիտե` նախաքննության:

 

 

 

 

ՀՈՍԱՆՔԱՀԱՐՎԵԼ Է
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: «Արմավիր» բկ-ից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սարդարապատ գյուղ, որտեղից հիվանդանոց էր տեղափոխել երիտասարդ տղայի դի: ArmLur.am-ը զրուցել է Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանի հետ: «Ընկերների հետ մագնիտաֆոն են ուզեցել սարքել, հոսանքի բաց լարա ընկել ոտքի տակ, ու էդ դժբախտ դեպքը պատահել է»,- ասել է համայնքի ղեկավարը: Նշենք, որ, նախնական տվյալներով, նույն գյուղի բնակիչ 18-ամյա Է.Ղ.-ն գյուղում 47-ամյա Գուրգեն Գ.-ին պատկանող ավտոտնակում ավտոմեքենան վերանորոգելու ժամանակ ոտքը պատահաբար դրել է բաց հոսանքալարի վրա եւ հոսանքահարվելու հետեւանքով մահացած վիճակում տեղափոխվել հիվանդանոց:




Լրահոս