ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ ԿՏՐՎԻ ԱՅԼ ԿԱՌՈՒՅՑԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի լուծարման գործընթացը խնդիրներ է առաջացրել 2016 թվականի Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների համար: Բանն այն է, որ Ապրիլյանի մասնակից տղաների ուսման վարձի 20 տոկոսը հիմնադրամն է վճարում, բայց կան ուսանողներ, որոնք չեն օգտվել 20-տոկոսանոց զեղչից:

«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել մի քանի ուսանողներ, որոնք 2016 թվականի Ապրիլյան պատերազմի մասնակից են եղել: Նրանց պատմելով` հիմնադրամը 2018-19 ուսումնական տարվա իրենց վարձի խոստացած 20 տոկոսը չի փոխհատուցել: Մեզ դիմած քաղաքացու խոսքով` հիմնադրամից պատճառաբանել են, որ գտնվում են լուծարման գործընթացում: Քաղաքացին այս ընթացքում չի կարողանում կապ հաստատել հիմնադրամի աշխատակազմի հետ` պարզելու, ի վերջո, լուծարվել են, թե ոչ: Պարզվում է` առկա բոլոր հեռախոսահամարները չեն պատասխանում, արգելափակված են:
Մինչդեռ տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության նախորդ տարվա դեկտեմբերի 13-ի որոշմամբ` Կրթության եւ գիտության նախարարության կողմից հիմնադրամին հատկացվել է 82 մլն հազար դրամ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, երկու եւ ավելի անչափահաս երեխա ունեցող եւ 2016 թվականի ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձավճարները փոխհատուցելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթին, ի վերջո, հաջողվեց կապ հաստատել հիմնադրամի հետ, որտեղից մեզ արձագանքեցին`նշելով հետեւյալը.«Եթե ուսանողների տվյալները համապատասխանում են, թեեւ ծրագրերի ժամկետները մինչեւ մարտի 15-ն է եղել հայտարարված, մենք ընդառաջել ենք: Հենց այսօր (երեկ-Ս.Հ.) այն ուսանողները, որոնք ուշացել էին ժամկետներից, Երեւանի պետական համալսարանի հետ պայմանագիր է կնքվել, եւ փոխանցվել են վարձերը: Եթե տվյալները համապատասխանում են ծրագրի չափորոշիչներին, խնդիր չկա: Իսկ այն ուսանողները, որոնք նոր են ընդունվում համալսարան, իրենց մենք չենք կարող ասել` սեպտեմբերին դիմե՛ք հիմնադրամ, ասում ենք`սեպտեմբերն անցնի, դիմե՛ք կառավարություն կամ Կրթության, գիտության նախարարություն, որովհետեւ այդ ժամանակ լուծարված կլինի հիմնադրամը»: Ապա «Ժողովուրդ» օրաթերթին խնդրեցին փոխանցել Ապրիլյանին մասնակցած ուսանողներին՝ դիմեն հիմնադրամ:
Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ ՀՀԿ-ական, Սերժ Սարգսյանի սիրելի Կարեն Ավագյանի տնօրինած հիմնադրամը 2018 թվականին չի գործել, գույք չի օգտագործել, ծրագրեր չեն իրականացվել, ֆինանսական հոսքեր չեն եղել: Մինչդեռ 2017 թվականին հիմնադրամին բավականին կլորիկ գումարներ են փոխանցվել ոչ միայն ՀՀ բուհերի, այլեւ ՀԿ-ների, հանքարդյունաբերական ընկերությունների եւ այլ կառույցների կողմից:
Իսկ հիմա հիմնադրամը բռնել է լուծարման ճանապարհը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը որոշել է այս տարվա երկրորդ կիսամյակում լուծարել այն: Ի դեպ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը (մինչ կառուցվածքային փոփոխությունները) չի առարկել հիմնադրամի լուծարմանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ ՀԵՀ-ը իր բնականոն գործունեությունը (6 ամսվա համար) եւ լուծարման գործընթացը նախնական հաշվարկով սեպտեմբերի 1-ին ավարտելու համար ներկայացրել է նախահաշիվ (8 ամսվա համար): Ըստ այդ հաշվարկների` այս տարվա ինն ամսում հիմնադրամին անհրաժեշտ կլինի 54 մլն 509 հազար 400 դրամ, որում հաշվարկվել են ներկայումս աշխատող 40 աշխատողների 6 ամսվա աշխատավարձերը, արձակման նպաստները, վերջնահաշվարկները, կուտակված պարտավորությունները գույքահարկի, վարձավճարների, կոմունալ մուծումների եւ պահպանման այլ ծախսերը: Մեզ հայտնի դարձավ, որ այս նախահաշիվը հիմնադրամի կողմից հունիսի 2-ի գրությամբ ներկայացվել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն: Ի դեպ, հիմնադրամի պահանջած գումարը` ավելի քան 54.5 մլն դրամը, կառավարությունը կհատկացնի «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ֆինանսների նախարարությունն առաջարկել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարման գործընթաց սկսելու վերաբերյալ մշակել այլ նախագիծ` հաշվի առնելով, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետն է:
Թե ինչ կլինի հիմնադրամի լուծարվելուց հետո, դեռ հստակ չէ: Այս հարցին հիմնադրամից եւս «Ժողովուրդ» օրաթերթին դժվարացան պատասխան տալ:
Բայց մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ փոխվարչապետի` նախորդ տարվա նոյեմբերի 5-ի հանձնարարականով Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը հանձնարարվել է ներկայացնել «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ հիմնադրամի լուծարման վերաբերյալ առաջարկություններ` անհրաժեշտ կադրային ռեսուրսները տեղափոխելով նախարարություն, կամ տվյալ կառույցների համար նախատեսված միջոցներով վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունները ձեռք բերել մրցակցային հիմունքներով: Ասել է թե`ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի տնօրինած հիմնադրամի գործառույթները հնարավոր է մոտ ապագայում իրականացնի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԳՈՐԾԱԴՈՒԼ ԵՆ ԱՐԵԼ
Ամռան տապին ընթացիկ տարվա աննախադեպ երաշտի պայմաններում «Տավուշ» ՋՕԸ-ում հուլիսի 22-ին գործադուլ է եղել, դաշտերն ու այգիները ոռոգման ջուր մղող պոմպակայանները չեն աշխատել: Ընկերության Նոյեմբերյանի տեղամասի աշխատողները գործադուլի են դիմել, որովհետեւ չեն ստացել 2019թ. ապրիլ, մայիս եւ հունիս ամիսների աշխատավարձերը: Աշխատավարձերի վճարման ուշացման առումով նույն վիճակն է նաեւ այդ ընկերության Բերդի եւ Իջեւանի տեղամասերում: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին հայտնեց «Տավուշ» ՋՕԸ Նոյեմբերյանի տեղամասի պետ Գագիկ Վերանյանը: ՀՀ կառավարությունը այս տարվա հուլիսի 4-ի նիստում որոշել է 4 միլիարդ դրամ հատկացնել Ջօգտագործողների ընկերությունների կրեդիտորական պարտավորությունների մարման նպատակով:
«Տավուշ» ՋՕԸ տնօրեն Յուրա Որսկանյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց, որ եթե հուլիսի 4-ին կառավարությունը գումար է հատկացրել հանրապետության Ջուրօգտագործող ընկերություններին, ինչո՞ւ իրենց աշխատողների` 3 ամիսների աշխատավարձերը չեն վճարվել: Վերջինս պատասխանեց, որ կառավարությունը գումարը փոխանցել է Ջրային կոմիտե, որն էլ պետք է փոխանցի Հայաստանի ՋՕԸ-ներին: Ըստ Որսկանյանի` հուլիսի 22-ին ինքը Ջրային կոմիտեում պայմանագիր է կնքել, որպեսզի այդ գումարները փոխանցվեն: «Տավուշ» ՋՕԸ-ն Հայաստանի այն առաջին 6 ՋՕԸ-ի թվում է, որին պետք է առաջնահերթ փոխանցվեն աշխատողների աշխատավարձերի գումարները:

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԻ ԿԻՆԸ` ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՂԵԿԱՎԱՐ
Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքի փոխանցմամբ. «Հուլիսի 19-ին Տավուշի մարզի «Վերնատուն» պատկերասրահում բացվեց «Հայաստանի նկարիչների միության» մասնաճյուղ: «Հայաստանի նկարիչների միության» Տավուշի մասնաճյուղի ղեկավարը գեղանկարչուհի Արմինե Թումանյանն է:
«Վերնատուն» պատկերասրահում տեղի ունեցավ մարզի 21 գեղանկարիչների եւ կիրառական արվեստի վարպետների 65 նկարների ցուցադրություն»: Ցուցահանդեսին ներկա էր նաեւ Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը: Զարմանալի է, որ մարզպետարանի կայքը հայտնում է Հայաստանի նկարիչների միության ոչ թե ստեղծման, այլ բացման մասին: Այդ միության Տավուշի մարզային մասնաճյուղի ղեկավար, գեղանկարչուհի Արմինե Թումանյանը 2019թ. փետրվարի 6-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Չոբանյանի կինն է: Նրան Տավուշի մարզի շատ նկարիչներ չեն ճանաչում: Մարզի բազում նկարիչները հրավիրված չեն եղել նշված ցուցահանդեսին, նրանց արարած նկարները այդ ցուցահանդեսի ժամանակ չեն ներկայացվել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

 

ԱՎՏՈՄԱՔՍԱՏԱՆԸ ԿԱՇԽԱՏԵՆ ՆԱԵՎ ՇԱԲԱԹ-ԿԻՐԱԿԻ

Մինչեւ այս տարեվերջ ավտոմաքսատունն արդեն տեղափոխված կլինի Գյումրի. աշխատանքներն արդեն մեկնարկել են: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանից: Հիշեցնենք` ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականն է: Նա վստահեցրեց, որ կստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ ավտոմեքենան արագ եւ հեշտ մաքսազերծելու եւ հաշվառելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստան անցած տարվա ընթացքում ներմուծվել է մոտ 67 հազար ավտոմեքենա: Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի` հուլիս ամսվա վերջին այդ ցուցանիշն արդեն անցած կլինի եւ կհասնի մոտ 70 հազարի: Ավտոմեքենաների` մեծ քանակով ներմուծման պատճառը 2020 թվականից նոր մեքենաների մաքսատուրքի նախատեսվող 10 տոկոս թանկացումն է: Չէ՞ որ Հայաստանը 2020-ի հունվարի 1-ից ԵԱՏՄ միասնական մաքսային դրույքաչափին է անցում կատարելու:
Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանի` ավտոմաքսատան հերթերը մեղմացնելու նպատակով, այս տարվա հունվար ամսից սկսած, Նորագավիթում տեղակայված բաժինների համար սահմանվել է 6-օրյա աշխատանքային շաբաթ, ինչպես նաեւ ավելացվել է 5 ձեւակերպող տեսուչ: Պարզվում է` ավտոմեքենաներ ձեւակերպվում են նաեւ հանրապետության բոլոր մաքսատներում, իսկ ավտոմեքնաների բեռնաթափումն իրականացվում է մաքսային պահեստներում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրական մոտ 700 ավտոմեքենա է ձեւակերպվում ՀՀ-ում, որից մոտ 500-ը` Նորագավիթում:
Սա դեռ ամենը չէ: Մեզ հայտնի դարձավ, որ օգոստոսի 1-ից Նորագավիթի բաժիններում աշխատելու են 7-օրյա գրաֆիկով, իսկ աշխատողների թիվն ավելանալու է 6-ով: Բացի այս, մաքսային պահեստներում բեռնաթափման աշխատանքներ կիրականացվեն նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Մետեքսիմ» մաքսային պահեստը կահավորվել է, եւ ավտոմեքենաներ կձեւակերպվեն նաեւ հենց այս պահեստում: Հուսանք` այս փոփոխությունները իրենց նպատակին կծառայեն, եւ քաղաքացիները ստիպված չեն լինի օրերով սոված-ծարավ մաքսատանն անցկացնել մեքենան մաքսազերծելու համար:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս