ԵՎՐՈ-2019. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԱՐՏԵՑ ՊԱՅՔԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մայրաքաղաք Երեւանում շարունակվում է Եվրոպայի` մինչեւ 19 տարեկանների առաջնությունը: Արդեն ավարտվել է առաջնության խմբային փուլը, եւ շուտով կմեկնարկեն նաեւ կիսաեզրափակիչները:

Հայաստանի` մինչեւ 19 տարեկանների հավաքականը ավարտեց իր ելույթներն այս առաջնությունում` A խմբում զբաղեցնելով վերջին հորիզոնականը: Մեր հավաքականը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, պարտվեց բոլոր խաղերում եւ կարողացավ հեղինակել ընդամենը 1 գոլ: Հայտնվելով «մահվան խմբում» եւ խաղալով այնպիսի հավաքականների դեմ, ինչպիսին են Պորտուգալիան, Իսպանիան եւ Իտալիան, այս արդյունքը մեծ ձախողում կամ խայտառակություն համարել չի կարելի: Մեր երիտասարդական հավաքականը չուներ փորձ մասնակցելու նման առաջնությունների եւ միանգամից խաղալ նման հավաքականների դեմ, ու պարտվելը` 3-4 գնդակի տարբերությամբ, կարելի է նորմալ համարել:
Հայաստանի` մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը Պորտուգալիայի դեմ խաղից հետո (0:4) տված մամուլի ասուլիսի ժամանակ վերլուծել է թիմի խաղը պորտուգալացիների դեմ եւ առաջնությունում. «Մենք եզրերում կատարել էինք փոփոխություններ եւ խաղադաշտ դուրս բերել ավելի արագ ֆուտբոլիստների: Պորտուգալացիները շատ արագ էին եզրերում, եւ դա էր փոփոխությունների պատճառը: Գրենիկ Պետրոսյանը լավ հանդիպում անցկացրեց, եւ շատ ուրախ եմ, որ նա խաղը խաղի վրա ավելացնում է: Գոհ ենք ե՛ւ Գրենիկի խաղից, ե՛ւ Նարեկի: Կարելի է ասել, որ մենք այս առաջնությունում խաղում էինք մինչեւ 18 տարեկանների թիմով, եւ պետք է ընդգծել, որ սա ապագայի հավաքական է: Մեր ֆուտբոլիստները մարզումների ժամանակ իդեալական էին գործում, բայց այդպիսի ֆուտբոլ մեր կողմից տեսանք միայն հանդիպումների մեկնարկում: Այս խաղի ընթացքում արագ չէին գործում նաեւ մեր պաշտպաններն ու կիսապաշտպանները: Այս մրցաշարը մեծ փորձ էր նաեւ ինձ համար: Տարբեր խաղերում խաղացինք տարբեր տակտիկաներով: Կարողանում էինք մրցակիցներին զրկել գնդակից, սակայն գոլեր էինք բաց թողնում անհատական վարպետության շնորհիվ: Դժվար էր այդ առումով պայքարել Պորտուգալիայի հետ: Մենք, սակայն, կարողացանք պորտուգալացիներին զրկել ստանդարտներից հաջողության հասնելուց: Դա մենք ուսումնասիրել էինք: Հրաշալի կլինի, որ այս հավաքականից գոնե 3 ֆուտբոլիստ հասնի ազգային հավաքական: Այստեղ կան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են հասնել Հայաստանի ազգային հավաքական: Մեր հավաքականի ֆուտբոլիստներից 4-ի նկատմամբ կա հետաքրքրություն սկաուտների կողմից: Այժմ անուններ չեմ նշի»,- ասել է Ոսկանյանը: Այժմ Երեւանում կշարունակվի Եվրոպայի առաջնությունը, սակայն առանց Հայաստանի:
Այս մրցաշարը մեր հավաքականին տվեց փորձ եւ, ամենակարեւորը, վստահություն, եւ հուսանք, որ արդեն մյուս մրցաշարերում այս տղաները կկարողանան գրանցել բարձր ցուցանիշներ: Հատկանշական է շեշտել նաեւ այն, որ բոլոր խաղերում անխտիր մենք բաց թողեցինք 4 գոլ, բայց խաղ առ խաղ մեր տղաները ավելի բարձր մակարդակի ֆուտբոլ էին ցուցադրում, եւ ով իմանա, միգուցե Հայաստանի հավաքականը կարողանար դուրս գալ խմբից, եթե չհայտնվեր եվրոպական «գիշատիչների» խմբում: Կարելի է վստահաբար ասել` այս տղաները կարող են լինել ապագա ազգային հավաքականի կորիզը»: Հուսանք, որ մեր տղաներից շատերին հենց այս մրցաշարի շնորհիվ նոր մրցաշրջանում կտեսնենք եվրոպական ուժեղ ակումբների կազմում:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

 

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով` Տավուշի մարզում նոր ոստիկանապետ է նշանակվել. Արարատի մարզային վարչության պետ Արմեն Գասպարյանը Վալերի Օսիպյանի հրամանով նշանակվել է Տավուշի մարզային վարչության պետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Բեգինյանը:




Լրահոս