«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ազգային, ժողովրդական երգերի կատարող Գոհար Հովհաննիսյանն է: Նա անդրադարձել է շոու-բիզնեսի հետ կապված իրեն մտահոգող թեմաներին, նշել, թե որն է ամուր ընտանիք ունենալու գրավականը:
-Գոհա՛ր, սիրում եք տանը միայնա՞կ մնալ, թե՞ շրջապատված լինել ընտանիքի անդամներով, բարեկամներով:
-Մենակություն չեմ սիրում, նեղսրտում եմ դրանից: Երբ շատ հոգնած եմ լինում, ձգտում եմ միայնության, բայց մեկ ժամ անց էլի ուզում եմ շրջապատել ինձ մարդկանցով: Վախենում եմ մենակությունից:
-Ո՞վ կամ ի՞նչը կարող է Ձեզ ոգեշնչել:
-Ընտանիքիս անդամները, ծնողներս:
-Այս երեքից որի՞ն չեք դիմանում, ո՞րն է Ձեզ համար անհաղթահարելի` ծարա՞վը, սո՞վը, թե՞ քնելու ցանկությունը:
-Ծարավը:
-Սովորաբար նախընտրում եք ռիսկի դիմե՞լ, թե՞ տասը չափել, մեկ կտրել:
-Երբ մտքիս մի բան եմ դնում, շատ դժվարությունների միջով անցնելով` անպայման իրականացնում եմ, բայց այդ ընթացքում զուգահեռ տասը չափում, մեկ կտրում եմ:
-Դիմացինին կասե՞ք ճշմարտությունը, որքան էլ այն ցավալի լինի:
-Եթե շատ հարազատ մարդ է, այո, բայց եթե հասկանում եմ, որ այն, ինչ ինձ դուր չի գալիս, ոչ թե բնավորության գիծ է, այլ էության մի մասը, նախընտրում եմ լռել. մարդու էությունը երբեք չի փոխվում:
-Կա՞ մի բան, որ հայտնի մարդը երբեք չպետք է անի:
-Գոռոզանալ, մեծամտանալ: Ինձ երբեք չի սպառնացել դա: Տաղանդը մարդուն աստված է տալիս, դրանով չեն ինքնահաստատվում:
-Շարունակե՛ք միտքը. «Ոչ ոք չի հավատա, բայց ես…»
-Կարող եմ չարանալ եւ ինքս ինձ չճանաչել:
-Ձեր արտաքինի մեջ կա՞ մի բան, որը մշտապես բարդույթավորել է Ձեզ:
-Ոչ, երբեք չի եղել եւ չկա:
-Ինչ էլ պատահի, գիտեք, որ…
-Անպայման հասնելու եմ նպատակիս:
-Կա՞ բնավորության մի գիծ, որից մշտապես տուժել եք:
-Ամեն ինչ շատ խորն եմ ընդունում, նրբազգաց եմ: Երբեմն կարելի է ինչ-ինչ հարցեր շրջանցել, բայց ես շատ ծանր եմ տանում, փոքրիկ մի բանից կարող եմ վիրավորվել:
-Ինչ էլ լինի, կա մեկը, ով միշտ օգնության կհասնի Ձեզ, եւ այդ մեկը…
-Մեկը չէ` մայրս, ընտանիքիս անդամները:
-Ո՞րն է կանանց մասին Ձեր լսած ամենահայտնի միֆը:
-Որ ասում են` հայ կանայք մեքենա վարել չգիտեն: Այսօր տղամարդիկ ավելի շատ խախտումներ են անում եւ վատ են վարում:
-«Սիրող մարդն էլ է հեռանում, եթե…»
-Եթե դիմացինը չափն անցնում է:
-Ձեր մասնագիտության ամենադժվար կողմը:
-Շատ երգեր կան, որոնք կցանկանայի հանրության դատին հանձնել, բայց, ցավոք, այսօր ստիպված եմ միջոցառումներին մասնակցելու համար այդ լուրջ երգերը մղել երկրորդ պլան: Թեպետ ես փորձում եմ չշեղվել ինձ հոգեհարազատ ժանրից, խնջույքներին էլ ազգային, ժողովրդական երգեր եմ կատարում, բայց, ամեն դեպքում, կան ուրիշ, ոչ պարային երգեր, որոնք դեռ չի ստացվում հանրայնացնել: Ընդհանրապես, ամեն երգիչ գլուխը բարձին դնելուց առաջ պետք է մտածի` անկեղծ էր հանդիսատեսի հետ, թե ոչ. այն, ինչ մատուցում է, արդյոք իրենն է:
-Մտերիմ ընկերուհուց երբեւէ հիասթափվե՞լ եք:
-Եթե մի բան ինձ դուր չգա, ես անպայման կասեմ, չեմ թողնի, որ բանը դրան հասնի:
-Կյանքի այս փուլում ինչի՞ց եք վախենում:
-Մարդկային կորստից: Հիմա շատ ծանր եմ տանում, երբ շրջապատից նման լուրեր եմ ստանում:
-Երեւանում ո՞րն է Ձեզ համար ամենահոգեհարազատ վայրը:
-Հայրական տունս: Ուր էլ գնամ, դա միակ տեղն է, որտեղ հանգստանում եմ, որը շատ սիրում եմ:
-Ո՞ր երկիր սիրով կվերադառնայիք:
-Ավստրալիա: Մեկ անգամ եղել եմ, էլի կցանկանայի լինել:
-Շոու-բիզնեսում կա՞ մի երեւույթ, որի հետ այդպես էլ չեք համակերպվել, հաշտվել:
-Տա Աստված, որ մի օր մեր երկրում իսկապես լինի շոու-բիզնես: Դա սերտորեն կապված է մեր կենսամակարդակի հետ: Իհարկե, մեր իրականության մեջ կա նաեւ այսպիսի մի երեւույթ. հայաստանցի արտիստի համերգի համար չեն ուզում թանկ վճարել, բայց դրսից մեկը գալիս է, անմիջապես մոռանում են, որ իրենք վճարունակ չեն, գնում են բավական թանկ տոմսեր: Հիմա մեզ մոտ շոուբիզնեսցիները մտածում են` ինչպես փող աշխատեն, այդ պատճառով պարողը երգում է, երգողը պարում, ամեն բան խառնվել է իրար: Երանի գար մի ժամանակ, երբ ամեն մեկն իր գործով կզբաղվեր:
-Ամուր ընտանիք ունենալու համար ի՞նչ է պետք…
-Նախ` հարգանք, հետո` սեր: Միայն սերը բավական չէ: Դա իմ կարծիքն է:
-Եվ վերջում` շարունակե՛ք միտքը. «Եթե ցանկանում ես, որ կյանքը ժպտա քեզ, որ հաջողակ լինես…»
-Պետք է սիրված լինես:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ՈՐՔԱ՞Ն Է ԾԱԽՍՎԵԼ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Տարբեր երկրներում եւ Հայաստանի Հանրապետությունում մշակութային միջոցառումների, քննարկումների, նիստերի, աշխատանքային այցերի, համաժողովների, խորհրդակցությունների մասնակցության ապահովման նպատակով ՀՀ մշակույթի նախարարությանը պետական բյուջեով նախատեսված միջոցներից աշխատակիցների գործուղումների համար 2018 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2019 թվականի հուլիսի 1-ը հատկացվել է 23 միլիոն 738 հազար դրամ:
Նշված գումարից արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար տրամադրվել է 22 միլիոն 132 հազար դրամ, իսկ Հայաստանի տարածքում իրականացված գործուղումների համար` 1 միլիոն 606 հազար դրամ:
Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանն ուղղված գրավոր հարցման միջոցով (Մեզ պատասխանել է գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Սամվել Մուրադյանը):
Ի դեպ, համեմատության համար նշենք, որ նույն նպատակով 2017 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը նախարարությանը հատկացվել է 26 միլիոն 738 հազար դրամ: Այս գումարից արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար տրամադրվել է 22 միլիոն 391 հազար դրամ, իսկ Հայաստանում իրականացված գործուղումների համար` 4 միլիոն 346 հազար դրամ:
Հավելենք, որ 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված է տարեկան 350 մլն դրամ: Տեղեկացնենք նաեւ, որ, համաձայն օրենսդրական կարգավորման, գործուղված աշխատողին հատուցվում է օրապահիկը, գիշերավարձը, ճանապարհածախսը, հյուրանոցային ամրագրման վճարը եւ այլ ծախսեր: Այս պարագայում գործուղվող անձինք կարող են հարկատուների հաշվին չարաշահել իրենց ընձեռված հնարավորությունները, կատարել կասկածելի գնումներ եւ գործարքներ, արհեստականորեն երկարացնել իրենց ներկայությունը գործուղմանը:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՋՈՆԱԹԱՆ ԱՖՈԼԱԲԻ. «ՇԱՏ ԲԱՐԴ ՍՏԱՑՎԵՑ»
Երեւանում շարունակվում է Եվրոպայի` մինչեւ 19 տարեկանների առաջնությունը: Երեկ` Իռլանդիա-Չեխիա հանդիպումից հետո, «Խառը գոտում» ArmLur.am-ի հարցերին պատաստանեց իռլանդացիների հարձակվող Ջոնաթան Աֆոլաբին. «Հանդիպումը շատ բարդ ստացվեց: Շատ արագ խաղ էր, եւ իրոք անչափ լավ է, որ կարողացանք երկու գոլ խփել եւ դուրս գալ կիսաեզրափակիչ: Պրտուգալիան շատ լավ թիմ է, եւ այդ խաղից ունենք մեծ սպասելիքներ, ինչպես յուրաքանչյուր խաղից: Կփորձենք անցնել նրանց»,- ասել է Աֆոլաբին: Հիշեցնենք, որ Իռլանդիան հաղթեց Չեխիային 2:1 հաշվով եւ Եվրոպայի` մինչեւ 19 տարեկանների առաջնության կիսաեզրափակչում կմրցի Պորտուգալիայի հասակակիցների դեմ: Հիշեցնենք նաեւ, որ իռլանդացիների գոլերից մեկը առաջին խաղակեսում հեղինակեց հենց Աֆոլաբին:
ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ
Կայացավ Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլի վիճակահանությունը: «Արարատ- Արմենիան», եթե կարողանա հաղթահարել Ջիբրալթարի «Լինկոլնի» արգելքը, ապա հաջորդ փուլում կմրցի «Սաբուրտալո» (Վրաստան)-«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) զույգի պարտվողի հետ: Հիշեցնենք, որ «Արարատ – Արմենիա» – «Լինկոլն» հանդիպումը կկայանա այսօր` Երեւանի ժամանակով 19:00-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում:
Եվրոպա Լիգայի 3-րդ փուլի վիճակահանության արդյունքում պարզ դարձավ նաեւ, որ «Փյունիկ»-«Յաբլոնեց» զույգի հաղթողը կխաղա անգլիական «Վուլվերհեմփթոնի»-«Կրուսադերսի» միջեւ տեղի ունեցող խաղի հաղթողի, իսկ «Ալաշկերտ»-«Ստյաուա» զույգի հաղթողը` Չեխիան ներկայացնող «Մլադա»-ի եւ ղազախական «Օրդաբաս»-ի միջեւ կայանալիք խաղի հաղթողի հետ: Հանդիպումները նախատեսված են օգոստոսի 8-ին եւ 15-ին: Փյունիկ-«Յաբլոնեց» խաղը տեղի կունենա հուլիսի 25-ին` ժամը 17:30-ին, իսկ «Ալաշկերտ»-«Ստյաուա» հանդիպումը կկայանա նույն օրը` ժամը 21:00-ին:
ԲԵՅԼԸ ԿԱՐԻԵՐԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ
Գարեթ Բեյլը կլքի «Ռեալ Մադրիդը»: Ինչպես տեղեկացնում է AS պարբերականը, «Ռեալը» եվրոպական գրանդ ակումբներին է առաջարկել գնել Բեյլին, սակայն բոլորը հրաժարվել են վճարել ֆուտբոլիստի աշխատավարձը: Բեյլին ցանկանում է իր կազմում տեսնել չինական «Ցզյանսու Սունինը», որն արդեն առաջարկ է արել Գարեթին: Նշվում է, որ Բեյլը որոշում կկայացնի առջիկա օրերի ընթացքում:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ