Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հիվանդանոցում «Ֆիլանտրոպի Արմենիա» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ այս տարվա ընթացքում իրականացվել է բարեգործական երկրորդ ձեռնարկը. Հիվանդանոցն ապահովվել է արեւային էլեկտրակայանով՝ 5 կիլովատ ժամ հզորությամբ:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնեց «Ֆիլանտրոպի Արմենիա» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ, մասնագիտությամբ բժիշկ Մարիա Ազիզյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ հանդիպման ընթացքում:
Ինչպես ներկայացրեց Վարդենիսի հիվանդանոցի տնօրեն Շահեն Շահինյանը, «Ֆիլանտրոպի Արմենիա» կազմակերպությունը Վարդենիսի հիվանդանոցում բարեգործական առաջին ձեռնարկն իրականացրել է այս տարվա հունիսի ընթացքում՝ ձեռք բերելով եւ տեղադրելով բիոքիմիական ապարատ:
Բարեգործական ձեռնարկները Վարդենիսի հիվանդանոցում ունենալու են շարունակություն, քանի որ կազմակերպությունն իր առջեւ խնդիր է դրել՝ փուլ առ փուլ արդիականացնել սահմանամերձ ու հեռավոր տարածքի հիվանդանոցը: Երկու ծրագիր արդեն իրականություն է դարձել: Մենք ծրագրում ենք հաջորդ փուլում այստեղ շահագործել վերելակ, ձեռք բերել ու տեղադրել ուլտրաձայնային ապարատ ու արեւային էլեկտրակայանի հզորությունը հասցնել 75 կիլովատ ժամի:
Բուժհաստատության շենքային պայմանների բարելավման ու տեխնիկական վերազինման հետագա խնդիրները եւս կգտնվեն մեր ուշադրության կենտրոնում,-հավաստիացրեց Մարիա Ազիզյանը: Ողջունելով կազմակերպության բարեգործական ձեռնարկները՝ մարզպետ Գնել Սանոսյանը հայտնեց իր աջակցությունը սպասվելիք մյուս ձեռնարկներում:
«Դուք հանդես եք եկել բավականին ողջունելի ու մարդասիրական նախաձեռնությամբ, ինչի արդյունքում աստիճանաբար բարելավվում է վիճակը Վարդենիսի հիվանդանոցում: Մենք ձեզ աջակից ենք լինելու բոլոր ձեռնարկներում», -հավաստեց մարզպետը: