«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գործադիրն այս տարվա օգոստոսի 8-ի նիստում որոշեց Հայաստանի բնակավայրերում աղբահանության կազմակերպման եւ սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմին ճանաչել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը: Եւ ենթադրվում էր, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը մինչեւ «Սանիթեքի» հետ կնքած պայմանագրի միակողմանի լուծումը այդ հարցը կքննարկեր վերադաս մարմին համարվող նախարարության հետ: Այնինչ քաղաքապետ Մարությանը, փաստորեն, լրիվ միանձնյա է որոշել լուծարել «Սանիթեքի» հետ պայմանագիրը` շրջանցելով Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը, դիմելով քաղաքապետարանին, հետաքրքրվեց՝ քննարկվել է արդյոք նախարարության հետ «Սանիթեք»-ի հետ կնքած փաստաթուղթը լուծելու մասին որոշումը, թե ոչ։ Երեւանի քաղաքապետարանից մեզ հայտնում են, թե Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն աղբահանության կազմակերպման եւ սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմին ճանաչելը չի նշանակում, որ քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերության հետ պայմանագիրը լուծելու որոշումները պետք է քննարկեր նախարարության հետ: Եւ նույն սկզբունքով էլ, ըստ քաղաքապետարանի պարզաբանման, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ քննարկումներ չեն արել «Սանիթեքի» հետ աղբահանության եւ սանմաքրման պայմանագրերը կնքելիս: Ավելի պարզ ասած` քաղաքային իշխանությունն ասում է` ամենեւին էլ պարտավոր չէին խնդիրը նախարարության հետ քննարկել:
Բայց «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում չեն ողջունում քաղաքապետի մենիշխանությունն այս հարցում։ Այսինքն` Հայկ Մարությանը բեկումնային այս որոշումը կայացնելիս պարզապես շրջանցել է վերադասին»:
Մանրամասները` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։