Ահաբեկչության դեմ պայքարն ազգային անվտանգության մարմինների առաջնահերթություններից է. ԱԱԾ տնօրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության հակաահաբեկչական տարածաշրջանային կառույցի (ՇՀԿ ՀՏԿ) գործադիր տնօրեն Ջումախոն Գիյոսովին:

ԱԱԾ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, ներկայացնելով կառույցի գործառույթները՝ Ջումախոն Գիյոսովը նշեց, որ գործադիր կոմիտեն համակարգում է ահաբեկչության, անջատողականության և ծայրահեղականության դեմ պայքարում կազմակերպության անդամ պետությունների իրավասու մարմինների փոխգործակցությունը: Նրա խոսքով՝ ՇՀ կազմակերպության առաջնահերթություններից է միջազգային համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև՝ գործընկեր պետությունների ներգրավումը ՇՀ կառույցի ահաբեկչության դեմ պայքարի համատեղ աշխատանքներում:

Բարձր գնահատելով ՇՀ կազմակերպության՝ ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքները՝ Էդուարդ Մարտիրոսյանը նշեց, որ ահաբեկչության սպառնալիքը 21-րդ դարում մարդկության առաջ ծառացած գլոբալ խնդիրներից է, և հետևաբար, ահաբեկչության դեմ պայքարն ազգային անվտանգության մարմինների գործունեության առաջնահերթություններից է: Էդուարդ Մարտիրոսյանը շեշտեց նաև, որ ՀՀ ԱԱԾ-ն պատրաստակամ է համագործակցել ՇՀ կազմակերպության հետ և համատեղ ուժերով պայքարել միջազգային ահաբեկչության վտանգների չեզոքացման ուղղությամբ:

Այս համատեքստում կազմակերպության գործադիր կոմիտեի պատվիրակության աշխատանքային այցը Հայաստանի Հանրապետություն առաջինն էր:




Լրահոս