Երեկ ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը նիստ էր հրավիրել: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է փակ-գաղտնի նիստի ժամանակ քննարված ու հարցաքննված անձի վերաբերյալ բոլոր տեղեկությունները ճշտել:
Ըստ մեր տեղեկությունների` երեկ նիստին քննել են ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանի օգնական Սարգիս Նիազյանին, որը մասնակից է եղել 2016 թվականի ապրիլյան քառօրա պատերազմին: Ի դեպ, թեպետ տեղեկություններ կային, թե նիստին ՊՆ բարձրաստիճան պաշտոնյա է քննվել, այնուամենայնիվ, մեր աղբյուրների փոխանցմամբ, երեկ քննվող անձը պատերազմի մասնակից զինվորն է եղել:
Մեր աղբյուների փոխանցմամբ` հանձնաժողովի նիստին հիմնականում խոսում ու հարցաքննում է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը շատ հաճախ է իր խոսքը փոխանցում Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանին, որպեսզի նա էլ հարցեր ուղղի քննվողին:
Մեր տեղեկություններով` հիմնականում հարցերը վերաբերում են` արդյոք այդ օրը բանակը զենք ունեցել է, արդյոք զինվորները ապահովված են եղել անհրաժեշտ սնունդով, արդյոք հրամանատարական կազմը պատրաստ է եղել, արդյոք զինվորները այդքան քաջություն ունեցել` են մարտին մասնակցելու համար: Ու այսքան ժամանակ քննվող գրեթե բոլոր անձինք իրենց հայտարարությունում հաստատում են, որ ամեն ինչ նորմալ է եղել:
Ու հանձնաժողովին մինչեւ այսօր դեռ չի հաջողվում գտնել ան կծիկը, որի միջոցով կկարողանան բացել ապրիլյանի ժամանակ տեղի ունեցած թերությունները: Ըստ մեր աղբյուրների` հանձնաժողովի աշխատանքը դեռեւս արդույնավետություն չունի:
Երեկ հանձնաժողովի նիստից հետո ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց. «Հանձնաժողովի անդամները որոշել են, որ հայտնի պերսոնաժներին կանչելիս տեղյակ պահեն լրատվամիջոցներին»: Ըստ մեր տեղեկությունների` դեռեւս որեւէ պաշտոնյա, որը կկարողանա բուն գործողությունների մասին տեղեկություն տրամադրել, հանձնաժողով չի ներկայացել: Ու որոշել են, որ առաջիկայում եթե իրենց կողմից հրավիրվեն հարցաքննության, դրա մասին նախապես տեղեկատվություն տրամադրեն:
Ի դեպ, հանձնաժողովի անդամները միմյանց խոստացել են «ուտեչկաներ» չանել ոչ մի տեղ, բայց միմյանց հասկացրել են նաեւ, որ, ամեն դեպքում, իրենց հեռվից հետեւում է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, քանի որ հանձնաժողովի ներսում «մարդ» ունի նախարարը, ու գրեթե բոլոր նիստերը ներկայացվում է նախարարին:
Հ. Գ. Չնայած այն հանգամանքին, որ հայրենի պատգամավորները հայտարարում են, թե ոչ մեկը տեղեկատվություն չի տրամադրելու փակ գաղտնի նիստերից, այնուամենայնիվ մեզ հաջողվեց պարզել նիստի գրեթե ամբողջ մանրամասները:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ