Օրերս Արցախի հերոս, գեներալ-մայոր, ԼՂՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հանդես էր եկել հայտարարությամբ` նշելով, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ «Սասնա ծռերը» ահաբեկչական մեկ ամբողջություն են: Ըստ Բալասանյանի` մեկը` զենքով, մյուսը գրչով են իշխանությունը բռնազավթել:
«2016 թվականին ներել ենք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ` ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ ժողովրդի, պետության, պետականության սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ` ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է, մեկը` զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են: Բարձրաձայն եմ ասում, թող Նիկոլի հպարտ քաղաքացիները լսեն, համայն հայությունն էլ լսի եւ րոպե առաջ քայլ անի»,- հայտարարել էր Վ. Բալասանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` իշխանությունները անհանգստացած ու վրդովված են այս հայտարարությունից: Վերջիններս, մեկը մյուսին հերթ չտալով, խոսում ու քննադատում են Բալասանյանի հայտարարությունը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանի հետ` պարզելու, թե ինչ դիրքորոշում ունի իրենց խմբակցությունը Վ. Բալասանյանի հայտարարության վերաբերյալ:
-Պարո՛ն Խաչատրյան, ինչո՞ւ է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը մշտապես քննադատում Ձեր իշխանությանը, Բալասանյանն իր վերջին հայտարարությունում նշել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ «Սասնա ծռերը» ահաբեկչական մեկ ամբողջություն են: Ըստ Ձեզ` ինչո՞ւ է նման բնորոշումներով իշխանությանը նկարագրում Բալասանյանը:
-Վիտալի Բալասանյանը ռեալության զգացողությունը կորցրել է ու չի տիրապետում իրավիճակին:
-Ի՞նչ առումով եք համարում, որ իրավիճակին չի տիրապետում:
-Ես չգիտեմ, թե ինչն է իրեն ստիպում նման հայտարարություններով հանդես գալ, ես մի բան կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի կամարտահայությամբ է ընտրվել ՀՀ վարչապետ, ու իր հայտարարությունը ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է վերաբերում, այլ ամբողջ ժողովրդին է վերաբերում: Ես կարող եմ արդեն ասել, որ Վիտալի Բալասանյանը չափն անցնում է, ու խորհուրդ կտամ Բալասանյանին զգույշ լինել, որ հանկարծ գլխին ծանր բան չընկնի:
-Սպառնո՞ւմ եք Վիտալի Բալասանյանին:
-Չեմ սպառնում, ուղղակի ասում եմ, թող ուշադիր լինի:
-Գուցե Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին ձեր իշխանությունը նեղացրե՞լ է ինչ-որ հարցում, ինչի համար նա մշտապես նման քննադատական հայտարարություններով է հանդես գալիս: Ո՞րն է Ձեր տարաձայնությունների պատճառը:
-Տարաձայնություններ չկան, ես չգիտեմ, թե այս ամենը ինչ նպատակ է հետապնդում, ու թե ինչու է Վիտալի Բալասայանը նման հայտարարություններով հանդես գալիս: Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որպեսզի ինքը պատասխանի այդ հարցերին, թե ինչն է պատճառը, որ նման հայտարարություններ է անում: Ես խորհուրդ կտամ, որ այդ կարմիր գիծը չանցնի:
-Նշվում է, որ Վ. Բալասանյանի հայտարարություններից հետո լարվում են Արցախի եւ Հայաստանի իշխանությունների փոխհարաբերությունները: Դուք տեսնո՞ւմ եք այդ լարվածությունը:
-Ես համաձայն չեմ, որ եթե մեկ-երկու հոգի նման ձեւով են խոսում Արցախից, ապա լարվածություն է առաջանում, դա չի նշանակում, որ կարող են լարվել Արցախ-Հայաստան փոխհարաբերությունները: Ես անձամբ եղել եմ Արցախում, մենք հանդիպումներ ենք ունեցել Բակո Սահակյանի, Աժ նախագահի հետ ու շատ լավ կառուցողական մթնոլորտում, շատ լավ հանդիպումներ ենք ունեցել: Ես լարվածություն չեմ տեսնում:
-Հանդիպում ունեցել եք Վիտալի Բալասայնաի հետ, գուցե խոսե՞ք նրա հետ` պարզելու համար, թե ինչ տրամադրվածություն կա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության նկատմամբ:
-Ես ինքս անձամբ չեմ հանդիպել, ես չգիտեմ` հանդիպումներ եղել են, թե ոչ: Ես կարծում եմ, որ նման հայտարարություններ անելու իրավունք ոչ ոք չունի: Ես որքան տեղյակ եմ, իրավապահ համակարգը զբաղվում է այդ սպառնալիքներով:
Ես ընդունում եմ, որ ինքը կռված է, զինվորական է, ես ինքս էլ զինվորական եմ, 15 տարի ես պատիվ եմ ունեցել ծառայել հայոց բանակում, բայց դա ոչ մեկիս իրավունք չի տալիս այդպիսի հայտարարություններ անել, նման ձեւով խոսել: Մենք բոլորս ենք հավասար ու պետք չի ինչ-որ մեկին վեր դասել: Մենք բոլորս էլ հավասար մարդիկ ենք, բոլորս էլ այս երկրի համար ենք մի բան անում, որպեսզի երկիրը զարգանա, առաջ գնա: Ու ինչ-որ հայտարարություններ անել, սպառնալ, ես չեմ կարծում, որ մեզ պատիվ է բերելու: Խորհուրդ կտամ` ամեն մեկս մեր գործով զբաղվենք, ամեն մեկս լինենք մեր տեղում:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ