Անհատ ձեռնարկատերն իր աշխատակցին աշխատանքից ազատելուց հետո 12 ամիս շարունակ նրա փոխարեն գումար է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Ռաֆիկ Մինասյանի եւ Հռիփսիմե Մուրադյանի դատավարությունը: Ռ. Մինասյանը մեղադրվում է, որ 2012թ. ապրիլի 19-ից հանդիսանալով անհատ ձեռնարկատեր, 2016թ․ օգոստոսի 18-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Դիլիջանի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանի եւ Դիլիջան քաղաքի բնակչուհի Արմինե Սարիբեկյանի հետ պայմանագիր կնքելով` գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության ծրագրի շրջանակներում վերջինիս 3 տարի ժամկետով աշխատանքի է ընդունել որպես հրուշակագործ:

2017թ. հուլիսին Արմինե Սարիբեկյանին փաստացի աշխատանքից ազատելով` նա վերցրել է վերջինիս «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ բանկային քարտը, Ա. Սարիբեկյանին փաստացի աշխատանքից ազատելուց հետո 12 ամիս շարունակ բանկոմատից գումարը կանխիկացնելու եղանակով խարդախությամբ հափշտակել է 661 հազար դրամ:

Հ. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2008թվականի ապրիլի 2-ից աշխատելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Դիլիջանի զբաղվածության տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ, պարատավոր լինելով իրականացնել ամենամսյա մոնիթորինգ, իր հիշյալ պարտականությունները պատշաճ կատարելու տպավորություն գործելու եւ ենթադրյալ ստուգումների ժամանակ որեւէ թերություն չլինելու հանգամանքով պայմանավորված, առանց գործատուի գործունեության վայր հաճախելու կազմել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող արձանագրություն, որում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ:

Ռ. Մինասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով»), Հ. Մուրադյանը` 325 հոդվածի 1-ին մասով («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը»):

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս