Դասախոսներին պարտադրում են ստորագրել ռեկտորի ԺՊ-ի օգտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ուսանողները շարունակում են դժգոհել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանի գործելաոճից։ Իսկ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը Գալոյանի գիտական հոդվածների մի մասում բացահայտել է «որոշ համընկումներ», իսկ մյուսներում՝ տեխնիկական թերություններ, ինչը խիստ զայրացրել է դժգոհող ուսանողներին։

Տեղեկացնենք, որ ՀՊՏՀ ուսանողները դիմել էին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին եւ հայտնել Դիանա Գալոյանի գիտական աշխատություններում իրենց կողմից բացահայտված արտագրության դեպքերի մասին: Եւ նախարարի հոկտեմբերի 1-ի N 684-Ա հրամանով ստեղծվեց մասնագիտական հանձնաժողով՝ Դիանա Գալոյանի հոդվածների համապատասխան մասերի համադրական ուսումնասիրության եւ հոդվածների բովանդակության վրա դրանց ազդեցությունը պարզելու նպատակով։

Պարզվում է՝ հանձնաժողովը եզրակացրել է, որ քննության առարկա հինգ դեպքերից մի մասում առկա են որոշ համընկումներ, իսկ մյուսներում՝ տեխնիկական թերություններ։ Արդյունքում խնդրո առարկա հրապարակումների բովանդակության ամբողջական ուսումնասիրությունը հանձնաժողովին հիմք է տվել հավաստելու, որ հիշատակված թերությունները հրապարակումների բովանդակային արժեքի վրա ազդեցություն չեն ունեցել։

Բացի այս, մամուլում տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ Գալոյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի հետ քաղաքացիական ամուսնության մեջ է։ Ըստ լուրերի`հենց Թամրազյանն է, որ պահում է Գալոյանին ռեկտորի ԺՊ-ի պաշտոնում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս անգամ Գալոյանի գործելաոճից դժգոհող ուսանողներին միացել են մի քանի դասախոսներ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նրանք մտադիր են անգամ այս խնդրի շուրջ հանդիպել վարչապետին եւ նրան անձամբ ներկայացնել ստեղծված իրավիճակը:

Ավելին, ուսանողներին միացած դասախոսները համարում են, որ համալսարանում Ռուբեն Հայարապետյանի նկատմամբ վերջին շրջանում տեղի ունեցածը խտրական մոտեցում է։ Հիշենք` Ռուբեն Հայրապետյանը հեռացվեց պաշտոնից դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրների պատճառաբանությամբ:

Ըստ տարածված լուրերի՝ համալսարանի ներկայիս ղեկավարությունը որոշել է «լռեցնել» ե՛ւ ուսանողներին, ե՛ւ որոշ դասախոսների։ Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ բուհի նոր ղեկավարությունն անցել է հին մեթոդներին: Վերջին օրերին դեկանների եւ ամբիոնների վարիչների միջոցով համալսարանի դասախոսներին կանչում եւ պահանջում են ստորագրել մի նամակ, որում վերջիններս, աշխատանքը կորցնելու վախից դրդված, իրենց աջակցությունն են հայտնում համալսարանի նոր ղեկավարությանը եւ հատկապես ռեկտորի ԺՊ-ին։

Սակայն ուսանողների պատմելով` այս ձեւով փորձում են տպավորություն ստեղծել, թե բոլորը գոհ են իրավիճակից։ Կհիշեք, որ պարտադրանքի այս մեթոդը նախկինում շատ էր կիրառվում պետական տարբեր հաստատություններում, երբ դժգոհում էին ղեկավարից: Բայց պարզվում է, որ այն Նոր Հայաստանում եւս ակտուալ է դարձել։

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել այն հայտարարությունը, որի տակ դասախոսներից պահանջում են ստորագրել։ Մեջբերում ենք տեքստից հատված․«Մենք՝ ներքոստորագրյալներս, սույն թվականի սեպտեմբերի 4-ին համալսարանի կոլեկտիվի ընդհանուր ժողովում արձանագրեցինք եւ վերահաստատում ենք մեր համախմբվածությունը համալսարանի ղեկավարության շուրջ: Հավաստիացնում ենք, որ ՀՊՏՀ-ում իրական կրթական բարեփոխումներն անկասելի են եւ հետեւողականորեն կյանքի են կոչվելու։ Դատապարտում ենք համալսարանի ղեկավարության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հանդեպ շարունակաբար հրահրվող հրապարակումները, որոնք էականորեն ազդում են գիտակրթական գործընթացների պատշաճ կազմակերպման վրա»։

Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը երեկ տեղեկացավ, որ Գալոյանի մտերիմ շրջապատից մարդիկ մտնում են լսարաններ ու հայտարարության տեքստ են փոխանցում ուսանողներին՝ խնդրելով դրա տակ ստորագրել։ Մեջբերենք հայտարարության տեքստից հատված․ «․․․Հանուն կրթության որակի բարձրացման եւ բարեփոխումների անկասելի ընթացքի՝ մենք հավաստում ենք մեր համախմբվածությունը համալսարանի ղեկավարության եւ դասախոսական կազմի շուրջ եւ մեր աջակցությունն ենք հայտնում բարեփոխումների դժվարին, սակայն հույժ կարեւոր գործին։ Մենք վստահում ենք մեր համալսարանի ղեկավարին։ Նա իր կանացի իմաստնությամբ, էներգետիկայով եւ մարդկանց առաջնորդելու բնատուր խարիզմայով ունակ է համալսարանն առաջնորդել որակական առաջընթացի ուղիով․․․»։

Դիանա Գալոյանը,«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով դասախոսների մասնակցությամբ ստորագրահավաքին, հայտարարեց, որ տեղյակ է։ Ապա նշեց․ «Ճիշտն ասած`ես տեղյակ եմ, որ ինչ որ նախաձեռնող խումբ կա, որը հայտարարությամբ ուզում է հանդես գալ, անձամբ տեքստին ծանոթ չեմ, չեմ կարողանա նույնիսկ ասել, թե ինչ տեքստ է գրված։ Ոչ թե չեմ ճանաչում, այլ բնական է, որ ճանաչում եմ, բուհի աշխատակիցներ են, բայց իրենք նախաձեռնող խմբով արել են, նույնը ուսանողների մասին, այսօր եմ տեղեկացել։ Բայց բուհի ղեկավարությունը դրան խառնված է ու մասնակցում է որեւէ կերպ, դա բացարձակ այդպես չէ, ես անձամբ նույնիսկ տեքստերը չեմ տեսել»։

Իսկ ինչ վերաբերում է մասնագիտական հանձնաժողովի եզրակացությանը, ռեկտորի ԺՊ-ն հայտարարեց, որ բովանդակային խնդիրներ չեն հայտնաբերվել։

«Այդ հոդվածները, որոնք լույս են տեսել միջազգային պարբերականներում, դրանք ունեն իրենց ընթացակարգերը, ըստ որի ե՛ւ պլագիատ են ստուգում, ե՛ւ ինքնատիպություն են նայում, ե՛ւ տոկոս են հաշվում։ Դրանով նայում են, իրենց չափանիշներին համապատասխանում է, հրապարակում են, չի համապատասխանում, չեն հրապարակում»,- արդարացավ Գալոյանը։

«Ժողովուրդ» օրաթերթը ռեկտորի ԺՊ-ից հարցրեց՝ հերքում է արդյոք, որ դրանք արտագրություն են եղել։ Մեր հարցին ի պատասխան` Գալոյանն արձագանքեց․«Ես չեմ հերքում, ես ասում եմ, որ այդ տեղ կա սկզբնաղբյուրին հղում, հիմա կարող է հազար հոգի սկզբնաղբյուրից գրի, դա չի նշանակում, որ ես այդ մնացածից եմ գրել, այդտեղ կա սկզբնաղբյուրի հղում, կան տեխնիկական որոշ թերություններ։ Բայց նաեւ բոլոր հոդվածներում ինքնատիպության բարձր մակարդակ ունի, որոնք որ ընդունելի են համապատասխան ամսագրերի կողմից։

Նախարարությունը պահպանել է ընթացակարգերը, այսինքն` ստեղծվել է հանձնաժողով, տրվել փորձագիտական եզրակացություն, տանիք լինելը ո՞րն է, ի՞նչն է հովանավորվել կամ ի՞նչն է արվել իմ հանդեպ, որը չի արվել ուրիշների հանդեպ կամ հակառակը։ Ես դա լավ չեմ հասկանում։ Իմ եւ փոխնախարար Գրիշա Թամրազյանի միջեւ որեւէ այն կապերից չէ, ինչի մասին, որ խոսում են (նկատի ունի քաղաքացիական ամուսնությունը), նման կապեր գոյություն չունեն։ Այո, ես ճանաչում եմ փոխնախարարին եւ ճանաչում եմ այսօրվա կառավարության անդամներից շատ շատերին, որովհետեւ սրանք մարդիկ են, ում հետ որոշակի պայքարի ճանապարհ եմ անցել։ Եւ բնական է, որ ճանաչում ես, որովհետեւ սա փոքր երկիր է»։

Սյունէ Համբարձումյան




Լրահոս