Ինչպես հայտնի է, այս տարվա հոկտեմբերի 3-ին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ միակողմանի լուծում է «Սանիթեք» ընկերությունների հետ կնքած պայմանագրերը: Բայց պարզվում է, որ քաղաքապետն այս որոշումը կայացնելուց առաջ այն չի քննարկել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ։
Բանն այն է, որ ՀՀ կառավարությունն այս տարվա օգոստոսի 8-ի նիստում որոշեց Հայաստանի բնակավայրերում աղբահանության կազմակերպման եւ սանիտարական մաքրման ոլորտում վերը նշված գերատեսչությանը ճանաչել լիազոր մարմին: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց քաղաքապետարան եւ հետաքրքրվեց՝ քննարկվել է արդյոք նախարարության հետ «Սանիթեք»-ի հետ կնքած պայմանագիրը լուծելու մասին որոշումը, թե ոչ։
Ի պատասխան մեր հարցմանը` քաղաքապետարանից հայտնեցին, որ ՀՀ կառավարության օգոստոսի 8-ի նիստում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը աղբահանության կազմակերպման եւ սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմին ճանաչելը չի նշանակում, որ քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությունների հետ պայմանագրերը լուծելու որոշումները պետք է քննարկեր տվյալ գերատեսչության հետ:
Նույն սկզբունքով տվյալ գերատեսչության՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուծվածքների նախարարության հետ քննարկումներ չեն եղել, երբ Երեւանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությունների հետ կնքում էր աղբահանության եւ սանմաքրման պայմանագրերը: Ըստ քաղաքապետարանի՝ անգամ եթե նախարարությունը դարձել է ոլորտի լիազոր մարմին, ապա այդ պարագայում իրենց հետ քննարկելու պարտադրանք չունեին, այսինքն` պարտավորված չեն այդ հարցն իրենց հետ քննարկել։
Բայց «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում, իհարկե, չեն ողջունում քաղաքապետի ինքնուրույն քայլը։ Ասել է թե` Հայկ Մարությանը որոշում կայացնելիս շրջանցել է վերադաս մարմնին։
Սյունէ Համբարձումյան