«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ռոք երգիչ, երգահան Գոռ Սուջյանն է: Նա անդրադարձել է իր կյանքի ամենավճռորոշ որոշմանը, պատմել, թե ինչպես է հաղթահարում սթրեսը եւ որն է եղել ամենաանսպասելի առաջարկը, որ երբեւէ ստացել է: Երգիչը խոստովանել է, որ վախենում է Աստծո դատաստանից, բայց ոչ մի բանի համար չի ափսոսում, քանի որ չի սիրում անցյալին հայացք նետել, իսկ եթե երբեմն անում է դա, ապա միայն ապագայում չսխալվելու նպատակով: Գոռը նշել է, որ երբեք չի համաձայնվի դեմ գնալ իր սկզբունքներին: Կյանքի նպատակը նա տեսնում է Աստծուն գտնելու մեջ, նրան, ով մարդուն կյանք է պարգեւել:
-Ամենաանսպասելի առաջարկը, որ երբեւէ ստացել եք, ո՞րն է եղել:
-Սերիալում նկարահանվելը: Ես, բնականաբար, մերժել եմ: Դա երեւի 8-10 տարի առաջ էր:
-Կենցաղային իր, առանց որի կյանք չունեք:
-Բջջային հեռախոս: Այսօր արդեն բոլորին է դա սպառնում:
-Ամենալավ գաղափարները գալիս են այն ժամանակ, երբ…
-Դրանց սպասում ես, երբ մտածում ես դրանց մասին:
-Ձեր կյանքի ամենաբեկումնային որոշումը ո՞րն է եղել, մի բան, որ հեղափոխական նշանակություն է ունեցել:
-Ամուսնանալու, ընտանիք կազմելու եւ քրիստոնյա լինելու որոշումները:
-Սոցցանցերը օգտագործում եք այն բանի համար, որ…
-Գովազդեմ իմ ստեղծածը: Հիմնականում դրանք կիրառում եմ ստեղծագործական նպատակներով: Ստատուսներ առանձնապես չեմ գրում, մեկնաբանություններ, կարծիքներ՝ եւս: Ցավոք, այսօր «Ֆեյսբուքն» ու «Ինստագրամը» դարձել են հիմնավոր եւ անհիմն կարծիքների տիրույթներ:
-Տոներից ամենաշատը սիրում եք…
-Սուրբ Ծնունդը: Անպայման նշում եմ այն:
-Մի միտք, որ հանգիստ չի տալիս Ձեզ, որի շուրջ կարող եք օրերով մտածել:
-Դրանք մի քանիսն են: Միշտ կան թեմաներ, որոնց շուրջ անընդհատ մտածում եմ:
-Համաշխարհային աստղ, որի կենսագրությունը ցնցել է Ձեզ, որը ոգեշնչել է, հետաքրքրել:
-էլվիս Փրեսլի:
-Սթրեսի դեմ լավագույն միջոցը ո՞րն է:
-Աղոթքը:
-Ձեր կյանքի դժվարին փուլը ե՞րբ էր: Ինչպե՞ս այն հաղթահարեցիք:
-Իմ կյանքը նման է աստիճանների, որոնք ես անընդհատ հաղթահարում եմ: Այսինքն՝ այդ դժվարին փուլերը պարբերաբար այցելում են: Կարեւորն այն է, որ ես ունեմ իմ աջակցող ձեռքը:
-Վախենում եք…
-Աստծո դատաստանից: Աստվածավախ եմ:
-Ափսոսում եք, որ…
-Հիմնականում ոչ մի բանի համար չեմ ափսոսում: Ափսոսում են, երբ հետադարձ հայացք են նետում անցյալին: Իսկ ես դա անում եմ միայն մի բանի համար, որպեսզի ապագայում չկրկնեմ սխալները: Միշտ առաջ եմ նայում:
-Երբեք չեք համաձայնվի…
-Դեմ գնալ իմ սկզբունքներին:
-Եթե մի օր պարզվի, որ կորցրել եք Ձեր տաղանդը, ի՞նչ կանեք:
-Աստծուն կխնդրեմ, որ վերադարձնի ինձ այն:
-Ձեր կինը գիտի, որ…
-Ես սիրում եմ իրեն:
-Սովորություն, որից կցանկանայիք ազատվել:
-Չորս տարի առաջ շատ էի ուզում հրաժարվել ծխելուց, եւ դա ստացվեց, ես հաղթահարեցի: Հիմա երեւի կցանկանամ այլեւս չկրծոտել շրթունքներս (ծիծաղում է):
-Այս մասնագիտություններից ո՞րը կարող էր Ձերը լինել` լուսանկարի՞չ, խոհարա՞ր, դիզայնե՞ր:
-Խոհարար կարող էի լինել, բայց միայն քաղցրավենիքներ կպատրաստեի: Հիմա էլ սիրում եմ թխել, ստեղծագործում եմ խոհանոցում:
-Ձեզ չի կարելի համարել անկանխատեսելի՞, դյուրագրգի՞ռ, հիշաչա՞ր:
-Երեքն էլ իմ մասին չեն հաստատ: Ժամանակին անկանխատեսելի եղել եմ, բայց հիմա սիրում եմ ամեն բան դասավորել:
-Եվ վերջում՝ շարունակեք միտքը. «Կյանքը իմաստ ունի այն դեպքում, երբ…»:
-Երբ գտնում ես Աստծուն, նրան, ով քեզ տվել է կյանք…
Աննա Բաբաջանյան