Հարց քաղաքացիներից՝ ի՞նչ ժամկետում է կատարվում անվանափոխությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․ Ի՞նչ ժամկետում է կատարվում անվանափոխությունը:

Եպրաքսիա Մանուկյան (28 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Անվան փոխման մասին դիմումը ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի կողմից քննության է առնվում դիմումը տալու օրվանից` երկամսյա ժամկետում: Հարգելի պատճառների առկայության դեպքում այդ ժամկետը ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել առավելագույնը մեկ ամսով, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի գործակալության պետը` առավելագույնը 2 ամսով` ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի ղեկավարի միջնորդագրի հիման վրա:
Անուն փոխել ցանկացող, 16 տարեկանից բարձր տարիք ունեցող անձի դիմումը մյուս փաստաթղթերի հետ միասին ուղարկվում է նրա մշտական բնակության վայրի ոստիկանություն քրեական գործ հարուցված լինելու, քրեական պատիժ կրելու, նրա դատվածության եւ հետախուզման մեջ գտնվելու մասին եզրակացություն ստանալու նպատակով: Ոստիկանության մարմինները պարտավոր են եզրակացություն տալ 15-օրյա ժամկետում:

ՔԿԱԳ մարմինը, ստանալով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, անվան փոխման վերաբերյալ կազմում է եզրակացություն ոչ ուշ, քան դիմումն ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, եւ համապատասխան գործի մյուս փաստաթղթերի հետ միաժամանակ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն գրանցման թույլտվություն ստանալու համար: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի գործակալության եզրակացությունը ստանալուց հետո ՔԿԱԳ-ի տարածքային մարմինը 10-օրյա ժամկետում անվան փոխման համար դիմած անձին գրավոր տեղեկացնում է նրա խնդրանքը բավարարելու կամ մերժելու մասին:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Նշենք, որ անվան փոխման խնդրանքը բավարարելու դեպքում քաղաքացին պարտավոր է մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՔԿԱԳ-ի տարածքային մարմին անվան փոխման գրանցումը կատարելու համար: Նշված ժամկետը բաց թողնելու դեպքում քաղաքացու կրկնակի միջնորդությունը ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի կողմից ընդունվում եւ քննարկվում է ընդհանուր կարգով:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել  [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս