Անցել է մեկ շաբաթ, եւ չեն դադարում խոսակցությունները այն մասին, թե, ի վերջո, Սահմանադրական դատարանը ընդունելու է արդյոք Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշումը: Եվ, ահա, Սահմանադրական դատարանի ադամների եւ դատավորների մասնագիտական քննարկումից «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել:
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշումը: 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցեցին 101-ը, կողմ քվեարկեց 98, դեմ` 1 պատգամավոր:
Քվեարկությանը մասնակցել էին միայն իշխող «Իմ քայլը» խմբակցության եւ «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորները: «Բարգավաճ Հայաստան»-ը նախապես հայտարարել էր, որ չի մասնակցելու. ինչպես ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն էր ասել, Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմնավորումները թույլ են:
Պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել էր, որ որոշումը ստանալուց եւ վարույթ ընդունելուց հետո` 30 օրվա ընթացքում, Սահմանադրական դատարանը պետք է որոշում կայացնի, այդ ժամկետը կարող է երկարացվել եւս 50 օրով:
Իսկ ո՞րն է լինելու հաջորդ քայլը, եթե Սահմանադրական դատարանը մերժի ընդունել իրենց որոշումը եւ չդադարեցնի Հրայր Թովմասյանի լիազորությունները: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքել էր, թե քայլերը շատ են. «Դե, ես շատ քայլեր ունեմ իմ մտքում, բայց պիտի հասկանանք` հիմա պրոցեսը ինչ պիտի լինի: Մենք, ընդհանրապես, որեւէ բան որ անում ենք, իրավական կարգավորումների շրջանակում է, բացառվում է իրավական կարգավորումների շրջանակից դուրս որեւէ քայլ ցանկացած հարցի պարագայում»:
Նշենք, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն` դիմումը քննության ընդունելու պահից Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները կասեցվում են մինչեւ դատաքննության ավարտը: Հետևաբար այդ սցենարի դեպքում Հրայր Թովմասյանը իր լիազորությունների դադարեցման հարցի քննարկմանը չի մասնակցի: Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների դադարեցման համար անհրաժեշտ են դատարանի առնվազն 6 դատավորների կողմ ձայները: Դատարանը ունի 9 անդամ` ներառյալ Հրայր Թովմասյանը:
Հավելենք, որ Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի համաձայն` խորհրդարանի նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշումը ստորագրում եւ հրապարակում է անհապաղ: Միրզոյանը որոշումը ստորագրել է, այն արդեն ուղարկվել է Սահմանադրական դատարան:
Եվ, ահա, անցել է մեկ շաբաթ, եւ չեն դադարում խոսակցությունները այն մասին, թե, ի վերջո, Սահմանադրական դատարանը ընդունելու է Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշումը, թե ոչ: Սահմանադրական դատարանի անդամների եւ դատավորների մասնագիտական քննարկումից «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ՍԴ դատավորներից եւ անդամներից ոմանք մասնագիտական քննարկում են ծավալել, թե ինչ անեն նշված իրավիճակից դուրս գալու համար, ինչ անել եւ ինչպես մերժել Ազգային ժողովի դիմումը, որը հետագայում իրենց համար է սպառնալիք դառնալու:
Ասել է թե` եթե այսօր Հրայր Թովմասյանի հարցն է սեղանին , վաղն էլ իրենցը կլինի: Եվ, ահա, մասնագիտական քննարկման ժամանակ ՍԴ դատավորներից եւ անդամներից ոմանք կարծիք են հայտնել, որ այն, ինչ Ազգային ժողովն է ուղարկել Սահմանադրական դատարան, չի կարող քննության առարկա դառնալ, քանի որ կան որոշակի «պրոցեդուրային» խախտումներ: Երբ ՍԴ անդամներից ոմանք դժգոհել են, թե ինչ խախտման մասին է խոսքը, ՍԴ դատավորներից եւ անդամներից ոմանք չեն մանրամասնել, միայն նշել են, որ Ազգային ժողովի կողմից ՍԴ ուղարկված նախագծի մեջ կան կանոնակարգ-օրենքի հետ խնդիրներ, իսկ եթե ավելի կոնկրետ, ապա որոշումը կանոնակարգ-օրենքի խախտմամբ է ուղարկվել Սահմանադրական դատարան:
Կոնկրետ ինչ խախտման եւ որ կետի խախտման մասին է խոսքը, առայժմ չեն հրապարակում, սակայն նկատենք, որ ծավալված մասնագիտական քննարկման ժամանակ Սահմանադրական դատարանի որոշ դատավորներ եւ անդամներ կարծիք են հայտնել, որ ՍԴ-ն մերժելու է Ազգային ժողովի կողմից ուղարկված որոշումը:
Քնար Մանուկյան