Սիրիայի Թել Աբյադ բնակավայրից Հալեպ հասած հայերը պատմել են Թուրքական ռազմական գործողություններից հետո այդ շրջանում եղած իրավիճակի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ Հալեպի «Գանձասար» պարբերականը զրուցել է Հալեպ հասած Սարգիս Նազարյանի եւ Վանէս Քեչէրյանի հետ: Նրանք Թել Աբյադում էին աշխատանքի նպատակով:
«Նախքան պատերազմը մեր գործը շատ լավ էր: Աշխատում էինք, մեր արդար վաստակն էինք վայելում: Երբ օրեր առաջ թուրքական հարձակումը սկսվեց, կրակ տեղաց Թել Աբյադի ուղղությամբ: Թուրքական զինված ուժերն օդային, ցամաքային ճանապարհով սկսեցին կրակել Թել Աբյադի և հարակից գյուղերի ուղղությամբ: Այդտեղ մնալը կենաց-մահու խնդիր էր, չէինք կարող մնալ: Ամեն բան թողեցինք և դուրս եկանք: Այդ ժամանակ դժոխային գիշեր անցկացրեցինք: Թուրքական սահմանի մոտ Սիրիայի հյուսիսարևելյան գյուղերը բուռն հրթիռակոծման ենթարկվեցին»,-ասել է Վանէս Քեչէրյանը:
Սարգիս Նազարյանը նշել էր, որ Հալեպում իրենց շատ լավ են դիմավորել:
«Հիմա իրավիճակն անորոշ է, սպասման մեջ ենք»,- ասել է Նազարյանը:
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան ներխուժել է Սիրիայի տարածք: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ թուրքական զորքերն սկսել են Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ: