Վերջին օրերին լրատվամիջոցներում անընդհատ տեղեկություններ են հրապարակվում այն մասին, որ ուսումնասիրություններ են սկսվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կողմից նախկինում պաշտոնավարման շատ գործողությունների մասով: Խոսքն, օրինակ, նրա` արդարադատության նախարար աշխատած տարիներին է վերաբերում, երբ, ըստ հրապարակումների, չարաշահումներ է թույլ տվել: Երեկ էլ հրապարակումներ եղան այն մասին, որ իրավապահներն արդեն ուսումնասիրում են Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումները, երբ նա 2014-2017 թթ. զբաղեցնում էր ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը խուսափեց պատասխանել հարցին, թե ինչեր են հայտնաբերվել Հրայր Թովմասյանի պաշտոնավարման տարիներին առնչվող: Նա ոչինչ չմեկնաբանեց: Մինչ այդ նշենք, որ կուլիսներում այլ կերպ են մեկնաբանում Թովմասյանի շուրջ սկսված ուսումնասիրությունները: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ իշխանությունները Բարձրագույն դատական խորհրդի օրինակով ցանկացել են նույն կերպ վարվել նաեւ ՍԴ-ի դեպքում, որպեսզի դատավորները հրաժարական տան, սակայն այդպես չեղավ: Եվ Թովմասյանի շուրջ սկսված ստուգումները եւս նրանից «ազատվելու» սցենարներից մեկն է: Ի վերջո, ՍԴ դատավորները պաշտպանված են օրենքով, եւ գրեթե չկան նրանց պաշտոնանկ անելու մեխանիզմներ` համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի, որի հոդված 12-ի 6-րդ կետը սահմանում է Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման եւ դադարեցման հիմքերը: Մասնավորապես, դադարում է այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով: Իհարկե, սա եւս երկարատեւ պրոցես է, սակայն գործընթացն արդեն սկսված է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների եւ Սամվել Բաբայանի թիմակիցների լարվածությունն այս օրերին իր գագաթնակետին է հասել: Արցախում շրջանառվող տեղեկությունների համաձայն` Սամվել Բաբայանը պլաններ ունի ստորագրահավաքի մերժման դեպքում իր թիմակիցների միջոցով փակել Արցախ տանող միջպետական ճանապարհները: Այդ մասին տեղյակ են ԼՂՀ իշխանության ներկայացուցիչները, որոնք ամեն ինչ անում են` կանխելու ստեղծված իրավիճակը: Իսկ ԼՂՀ ԿԸՀ-ն արդեն մոտավոր ունի այն ստորագրությունների թիվը, որը Ս. Բաբայանի համախոհները ներկայացրել են: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի հետ, որը Սամվել Բաբայանին սատարողներից է: «Բակո Սահակյանի իշխանության վերջը եկել է: Հայաստանի օրինակը կա, Արցախը շատ լավ տեսել է: Ժողովուրդը ոտքի է կանգնելու ու քշի տանի բոլորին: Որ արցախցին ոտքի կանգնեց, այնտեղ էլ ոչ ոք չի կարող խաղ տալ», – նշեց Մելքոնյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Պաշտպանության նախարարությունում նոր կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել: Այդ փոփոխություններից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես, ՊՆ-ի կառուցվածքը գլխիվայր փոփոխության է ենթարկվելու: Գլխավոր վարչությունները կոնկրետ ուղղավածություն են ունենալու, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի աշխատակազմը ամբողջությամբ կազմաքանդվելու է, եւ դրա փոխարեն ստեղծվելու է գլխավոր քարտուղարություն: Եվ մեր տեղեկություններով` այս ֆոնին նախարարության տարբեր վարչությունների աշխատակիցներին հասկացրել են, որ նախապատրաստվեն. կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նախարարությունում նաեւ կրճատումներ են սպասվում: Ավելին, նախարարության ղեկավար կազմը հնաբնակ աշխատակիցներին հասկացրել է` փոփոխությունների արդյունքում առավել մեծ տեղ են տալու երիտասարդներին: Մի խոսքով, ՊՆ-ում լուրջ զարգացումներ են:
ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի հայտնի նիստի արձանագրությունն ի վերջո հրապարակվել է: Եվ ինչպես կանխատեսվում էր, երկար սպասված արձանագրության մեջ բացակայում է նախարարի` «պասլատ անեիր քաղաքացուն» արտահայտությունը: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված արձանագրության մեջ նշված է, որ Թորոսյանը, դիմելով Էդգար Խուրշուդյանին, ասել է, որ այն դիմումները, որոնք ուղղված են պետական քաղաքականության դեմ, «անտեսի»: Այստեղ հարկ ենք համարում նշել, որ խորհրդին ներկաներից առնվազն 4 հոգի լսել է, թե ինչպես է Թորոսյանը Խուրշուդյանին ասում` «պասլատ անեիր քաղաքացուն»: Բայց, արի ու տես, «պասլատ անեիր» արտահայտությունը փոփոխման է ենթարկվել եւ դարձել «անտեսել»: Հիշեցնենք` նախարարը տեւական ժամանակ չէր ստորագրում նիստի արձանագրությունը: ՈՒ հիմա անգամ խմբագրված արձանագրության տեքստում նկատվող «անտեսելու» հրահանգը ամենեւին չի բխում նախարարի գործառույթների բարեխղճությունից: Ի՞նչ է նշանակում «պետական քաղաքականության» դեմ ուղղված դիմումները պետք է անտեսել: Հիշեցնենք, որ տեսչության այս պետին արդեն Թորոսյանը հասցրեց փաստացի «ազատել աշխատանքից»:
ՈՒՂՂՈՐԴՎԱԾ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ
Վերջին շրջանում, հատկապես այն լուրերից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ստամբուլյան կոնվենցիան ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգ է մտնելու, սեռական փոքրամասնություններն ու տրանսգենդերները ակտիվացել են: Հայկական լրատվամիջոցների լրահոսում հաճախ են նկատվում լուրեր, որ այս կամ այն վայրում խտրական վերաբերմունք է դրսեւորվել սեռական փոքրամասնության նկատմամբ: Կամ կարդում ենք, որ տրանսգենդերներից մեկին ճնշել են, ու պետք է վերջ տալ այս խտրական վերաբերմունքին: Թերեւս հասկանալի է, որ կոնկրետ շրջանակներ ոգեւորվել են Կոնվենցիայի հաստատման հեռանկարից ու պարբերաբար շոուներով փորձում են ընդունման համար օր առաջ հիմնավորումներ ձեւավորել:
Նախօրեի գիշերն էլ տրանսգենդերներից մեկը Հյուսիսային պողոտայում է վիճաբանություն սարքել, էլեկտրաշոկով վնասել քաղաքացիներից մեկին: Պարզ է չէ՞, որ նա հենց սադրելու նպատակով էլ եղել է մարդաշատ այդ վայրում, որպեսզի ապահովի լրահոսի հերթական հրապարակումը, թե Հայաստանում տրանսգենդերների նկատմամբ խտրական վերաբերմունք կա, եւ պետք է Ստամբուլյան կոնվենցիան օր առաջ ընդունել, որպեսզի հնարավորություն ստանանք պաշտպանելու «խեղճ խավի» շահերը: Ընդ որում, այս քարոզը գնում է ինչպես շարքային քաղաքացիների շրջանում, այնպես էլ քաղաքական ու իշխանական էլիտայի շրջանակներում՝ հիմնավորելով, այսպես ասած, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը միջազգային կոնվենցիաներով:
Բայց այս ողջ պատմության մեջ տխուրն այն է, որ մեր երկրի արտաքին իմիջն է վնասվում, եւ դրսից տպավորություն է, թե Հայաստանի փողոցներում բռնում են մարդկանց, ում չեն ընդունում կամ չեն սիրում, ու ծեծում, խոշտանգում են: Մինչդեռ իրականում հեղափոխությունից հետո միասեռականները, տրանսգենդերները եւ այդ կատեգորիայի այլ ներկայացուցիչներ բավականին ակտիվացել են, վայելում են իրենց ազատությունը, անգամ ՀՀ ոստիկանության բաժիններից մեկը հանդգնեցին գրավել ու մնացին փաստացի անպատիժ: Եւ այսքանից հետո ասել, որ մեր երկրում սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունք կա, ուղղակի ճիշտ չի լինի:
Ու կարծում ենք` ամենեւին կարիք չկա չեղած թեմաներ «սարքել» մեր` առանց այդ էլ շատ պրոբլեմներ ունեցող երկրի գլխին: