ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԸ ԵԿԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների եւ Սամվել Բաբայանի թիմակիցների միջեւ լարվածությունը այս օրերին իր գագաթնակետին է հասել: Արցախում շրջանառվող տեղեկությունների համաձայն` Սամվել Բաբայանը պլաններ ունի իր ստորագրահավաքի մերժման դեպքում իր թիմակիցների միջոցով փակել Արցախ տանող միջպետական ճանապարհները: Այդ մասին տեղյակ են ԼՂՀ իշխանության ներկայացուցիչները, որոնք ամեն ինչ անում են` կանխելու ստեղծված իրավիճակը: Իսկ ԼՂՀ ԿԸՀ-ն արդեն մոտավոր ունի այն ստորագրությունների թիվը, որը Ս. Բաբայանի համախոհները ներկայացրել են:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է Սամվել Բաբայանին սատարող ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի հետ:
-Պարո՛ն Մելքոնյան, մեր տեղեկությունների համաձայն` Արցախում օր-օրի լարվածությունը մեծանում է, քանի որ Արցախի հերոս Սամվել Բաբայանի թիմակիցները նպատակ ունեն փակել ավտոճանապարհները: Նշվում է նաեւ, որ այս ժամանակահատվածում անընդհատ հավաքներ ու քննարկումներ են ունենում, պլաններ մշակում: Որքանո՞վ են իրատեսական այդ տեղեկությունները:
-Ես հավաքներին չեմ մասնակցում, բայց տեղյակ եմ` ինչ է կատարվում: Ձեզ ասեմ, որ հիմի ճանապարհ չեն փակում, նախ` ստորագրահավաքի արդյունքները դեռ հայտնի չի, մոտավոր 25 հազար ստորագրահավաք է եղել, իսկ հետագան կերեւա որոշ ժամանակ հետո, պարզ կլինի` ինչու, երբ:
-Բայց ի՞նչ ակնկալիքներ ունեք` որպես Սամվել Բաբայանի թիմակից:
-Լավ ելք է լինելու, ժողովրդավարությունը հաղթելու է Արցախում. ինչպես Հայաստանում հաղթեց, այնպես էլ Արցախում է հաղթելու: Իշխանության կգան մարդիկ, ովքեր այդ երկրի համար են մտածում, երկրի տերը ժողովուրդն է, ովքեր պետք է տեր լինեն իրենց երկրին: Պետք է այդ ամենն անի Բաբայանը ժողովրդի հետ, Բաբայանը չի կարող մենակով ոչ մի բան անի, Բաբայանն իր ժողովրդի հետ է, ժողովրդի հետ ամեն ինչ էլ կարող է անել:
-ԼՂՀ-ում շրջանառվող տեղեկությունների համաձայն` Սամվել Բաբայանի միակ ցանկությունը Արցախի նախագահ դառնալն է, ու այս լարվածության միակ պատճառը դա է: Բայց արդյոք արցախցիները ցանկանո՞ւմ են, որ Բաբայանը ղեկավարի երկիրը:
-Ինքը գերազանց կղեկավարի Արցախը, դա միանշանակ համոզված եղեք, բայց առաջնային նպատակը նախագահ դառնալը չի, առաջնային նպատակը արդար ընտրությունների գնալն է: Տեսնենք, կարող են. ինչ որ կատարվեց դեկտեմբերի 7-ի ընտրությունների ժամանակ` ժողովուրդն իր ձայնը հասցրեց տեղ, իր քվեն չգողացան, իր քվեն չգնեցին: Հիմա մեր ամբողջ նպատակը, որ Արցախում նույնը տեղի ունենա, որ ժողովուրդը իր քվեի տերը լինի, որպեսզի կարողանա հասնի իր նպատակին: Առաջինը դա է մեր նպատակը, հետագայում կերեւա` ինչ, ոնց: Մենք պետք է հասկանանք, որ Արցախում պետք է լինեն արդար ու թափանցիկ ընտրություններ: Հայաստանում դա արդեն եղել է, ու ԼՂՀ-ում դա պետք է տեղի ունենա:
-Արցախում նշում են, որ Սամվել Բաբայանի շուրջ հավաքված մարդիկ կրիմինալի ներկայացուցիչ են, շատերը Բաբայանին չեն ընդունում հենց իր թիմակիցների պատճառով: Արդյոք ճի՞շտ են այդ տեղեկությունները:
-Ղալաթ են անում, որ նման տեղեկություններ են տարածում. իսկ նման բան ասողներն ովքե՞ր են: Հիմա Նիկոլ Փաշինյանին ովքե՞ր են քննադատում. նախկիններն են վարկաբեկում, Արցախում էլ նախկիներն են, չէ՞, որ մինչեւ հիմա արցախցին չի կարողանում իր խոսքն ասի: Արցախի ժողովուրդը կրկնակի է ճնշված: Այ արցախցի ժողովուրդն իր խոսքը կասի ընտրությունների ժամանակ:
-Այսինքն` Դուք կարծում եք, որ իշխանությունները թույլ չե՞ն տալու, որպեսզի ազատ ու թափանցիկ ընտրություններ տեղի ունենան:
-Ոչ, չի լինի, քանի այս իշխանությունները գործում են Արցախում, արդար ընտրություններ չի լինելու: Հիմիկվա նախագահը եթե խելացի մարդ լինի, ինքը հիմա հրաժարական կտա, եւ կգա մի մարդ նախագահ, որին վստահում է ժողովուրդը, ինքն էլ կկազմակերպի նորմալ, արդար ընտրություններ: Ես կարծում եմ, որ դա լավագույն տարբերակն է այսօրվա դրությամբ: Այդ ժամանակ էլ արդեն ժողովուրդն իր խոսքը կասի: Բակո Սահակյանի իշխանության վերջը եկել է, իրենք էլ չեն կարող ինչ-որ բան անել: Հայաստանի օրինակն արդեն կա, Արցախը շատ լավ տեսել է այդ օրինակը, ժողովուրդը ոտքի է կանգնելու ու քշի տանի բոլորին` բակոներին է՛լ, էն մնացածներին է՛լ: Ես այդ ժողովրդին ճանաչում եմ, ես շատ լավ գիտեմ, թե ով է արցախցին. որ արցախցին ոտքի կանգնեց, այնտեղ էլ ոչ ոք չի կարող խաղ տալ:
-Բայց լարվածություն է առաջացել…
-Լարվածություն չկա, ես տեսնում եմ այնտեղ, որ իշխանությունները միացել են մեկ մարդու դեմ` Սամվել Բաբայանի դեմ, որովհետեւ նրա գալով երկիրը դառնալու է ժողովրդավարական: Նախկինների ամեն ինչը պրծնում է, հիմա ամեն ինչ անում են Սամվել Բաբայանին վարկաբեկելու համար: Եկել է պահ, որ իրենք անգամ կալանավորել են Բաբայանին, բայց հիմա բան չեն կարող անել, որովհետեւ ժողովուրդը բոլորին էլ լավ գիտեն, իսկ մեր նպատակը արդար ընտրությունն է:

 

 

 

 

ԲՀԿ-ՈՒՄ ԿԵՍՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է, ԿԵՍԸ` ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրերին ԲՀԿ խմբակցության պատգամավորներից շատերը արտերկրում վայելում են իրենց «վաստակած» հանգիստը: Արդեն երկար ժամանակ է, ինչ ԲՀԿ-ականներով չեն հավաքվել, քննարկում չեն ունեցել: Խորհրդարանում պաշտոնական արձակուրդի մեկնարկից անմիջապես հետո շատերը մեկնել են երկրից:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ` պարզելու համար` ինչ ձեւաչափով են ԲՀԿ-ականները աշխատելու արձակուրդային ժամանակահատվածում:
-ԲՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ ինչպես այս օրերին, երբ պատգամավորների մեծամասնությունը արդեն արձակուրդում է գտնվում կամ արտերկրում, մենք դեռ շարունակում ենք աշխատել, գտնվել ՀՀ-ում: Իհարկե, կարճատեւ արձակուրդ մի քանի օր կունենան բոլորն էլ, սակայն այս ընթացքում արվում են աշխատանքներ` տարբեր օրինագծերի մշակման հետ կապված, նաեւ տարբեր այցելություններ են լինում տարբեր մարզեր մեր բնակիչների հետ: Տարբեր ձեւաչափերով մեր պատգամավորները հանդիպումներ են ունենում այս կամ այն խնդիրներով մտահոգ շրջանակների հետ: Միքայել Մելքումյանը Բագրատաշեն է մեկնել` կուտակումների հետ կապված` հասկանալու հարցի իսկությունը, Նաիրա Զոհրաբյանը կենդանիների պաշտպանության օրինագծի մասով հանդիպումներ է ունեցել, այնպես որ, առաջիկա կես ամիսը դեռ աշխատանքային պրոցես է լինելու, հետո կլինի կարճատեւ արձակուրդ նրանց համար, ովքեր այս ժամանակահատվածում աշխատել են:
-Տեղեկություններ կան, որ աշնանը վերադասավորումներ կլինեն խմբակցություններում. Ձեզ մոտ սպասվո՞ւմ է այդպիսի իրավիճակ:
-Մեր խմբակցությունում վերադասավորումների հետ կապված որեւէ քննարկում չկա, նման հարց չի քննարկվում, մենք ունենք մեր օրակարգը, որով մենք շարժվում ենք առաջ, որեւէ նման հարց մեր խմբակցությունում չի քննարկվել: Միակ գործընթացը, որը ընթացքի մեջ է, դա այն է, որ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ դինամիկ կապի մեջ ենք շարունակելու լինել ազգաբնակչության հետ, եւ եթե կան ինչ-որ հարցեր, ապա փորձում ենք դրանք լուծել: Բնականաբար, այդ ամենն արվում է պատգամավորական լիազորությունների շրջանակներում:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ԲԴԽ-ԻՑ ԴԻՄՈՒՄ` ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Բարձրագույն դատական խորհուրդը երեկ դիմում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու մասին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ԲԴԽ-ն կոնկերտ հարցադրումներ է արել ՀՀ գլխավոր դատախազությանը, որի պատասխանից հետո պարզ կլինի, թե ինչ գործողությունների կդիմի: Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին ԲԴԽ-ն Դավիթ Գրիգորյանին հրավիրել էր Բարձրագույն դատական խորհուրդ` հասկանալու համար, թե ինչ է կատարվում նրա շուրջ, եւ ինչ խնդիրների առաջ է կանգնել դատավորը: Հիշեցնենք նաեւ, որ դատավոր Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկությունը կատարվել էր հուլիսի 16-ին մի քաղաքացու հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում:

 

 

 

ՀՈՐԵՂԲՈՐ ՈՐԴՈՒՆ ԱԶԱՏԵՑԻՆ
Օրեր առաջ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Արդարադատության նախարարության վերահսկողության ծառայության պետ Միքայել Մինասյանը ազատվել է աշխատանքից: Արդարադատության նախարարությունից շտապել էին հերքել, թե Միքայել Մինասյանը ներկայումս արձակուրդում է գտնվում, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նրա հրամանն արդեն ստորագրվել է: Ի դեպ, ընդունված պրակտիկա է` արձակուրդ են ուղարկում, իսկ երբ տվյալ անձը արձակուրդից վերադառնում է, նրան հայտնում են, որ այլեւս չի աշխատում: Հավելենք, որ Միքայել Մինասյանը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հորեղբոր որդին է:

 

 

 

ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ ՎԻՃԱԿ
Գործադիրում արձակուրդային վիճակը սկսված է: Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է արձակուրդում, եւ նրա փոխարեն վարչապետի պարտականությունները կատարելու է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Միեւնույն ժամանակ գործադիրում, կարծես թե, պասիվ վիճակ է, եւ այս օրերին ոչ մի որոշում չի կայացվել: Մասնավորապես, պաշտոնական տվյալները փաստում են, որ փոխվարչապետի կողմից վերջին անգամ որոշում է ստորագրվել հուլիսի 15-ին, իսկ վարչապետի կողմից էլ` հուլիսի 18-ին: Դրանք վերաբերել են տարբեր գործուղումների եւ, իհարկե, պաշտոնյաներին արձակուրդներ տրամադրելուն: Իհարկե, այս շրջանում գործադիրը նաեւ նիստեր է անցկացնելու Ավինյանի նախագահությամբ, սակայն գաղտնիք չէ, որ այս շրջանում մեծամասամբ այդ նիստերն անցկացվում են փոխվարչապետերի մասնակցությամբ: Վարչապետի վերադարձից հետո եւս պասիվ շրջանը մի փոքր կշարունակվի` ակտիվանալով միայն աշնանը: Նկատենք, որ խորհրդարանը եւս մեկնել է արձակուրդ, սակայն տարբեր պատգամավորներ այս ընթացքում մարզային հանդիպումներ են անցկացնում ընտրողների հետ` փորձելով ակտիվ պահել նրանց հետ կապը:




Լրահոս