Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունը ներկայացրել է նախագիծ, որը վերաբերում է Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը: Մասնավորապես, նրանք առաջարկում են քաղաքապետարանի աշխատակազմի, հատկապես` մասնագիտական օղակների աշխատակիցների աշխատավարձերի համաչափ բարձրացում: Ինչպես հայտնի է, դեռեւս մայիսի 8-ին ավագանու նիստում պետք է համանման նախագիծ քննարկվեր` արդեն հենց քաղքապետարանի կողմից ներկայացված, սակայն Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանել էր օրակարգից, քանի որ կոնսենսուս չկար: Եվ հետ կանչելուց հետո այդպես էլ նոր նախագիծ չի ներկայացվել` ըստ էության չբավարարելով աշխատակազմում առաջացած սպասումները:
Արդեն ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է աշխատավարձերի շուրջ 30 տոկոսի համաչափ զարգացում, որը տեղի չի ունեցել անցած տարի: «Լույս» խմբակցության կողմից մշակված նոր նախագծի համաձայն` քաղաքապետի աշխատավարձը նախատեսվում է 575 հազար դրամի փոխարեն դարձնել 741 հազար դրամ, քաղաքապետարանի վարչության պետերի աշխատավարձերը 346 հազար դրամի փոխարեն դարձնել 501 հազար դրամ, քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը 478 հազար դրամի փոխարեն դարձնել 669 հազար դրամ, իսկ տեղակալների աշխատավարձերը 443 հազար դրամի փոխարեն դարձնել 620 հազար դրամ:
Երեւանի վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը 400 հազարի դրամի փոխարեն առաջարկվում է դարձնել 480 հազար դրամ: Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի աշխատավարձն առաջարկվում է 443 հազար դրամի փոխարեն դարձնել 620 հազար դրամ: Համեմատության համար նշենք, որ նախկինում քաղաքապետարանը առաջարկել էր քաղաքապետի աշխատավարձը դարձնել 1 մլն 200 հազար ՀՀ դրամ, իսկ բոլոր վարչությունների պետերի աշխատավարձերը` 641 հազար ՀՀ դրամ, վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը` 773 հազար ՀՀ դրամ: Քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձն առաջարկվում էր դարձնել 947 հազար դրամ, մյուս երկու տեղակալներինը` 912 հազար դրամ: Երեւանի գլխավոր ճարտարապետի աշխատավարձն առաջարկվում էր դարձնել 912 հազար ՀՀ դրամ:
Այս փոփոխությունները դժգոհություններ էին առաջացրել նաեւ այն հանգամանքի առնչությամբ, որ փաստացի Երեւանի քաղաքապետը կվարձատրվեր այնքան, որքան վարչապետը, քաղաքապետի տեղակալները կստանային 947 հազար դրամ` ավելին, քան Ազգային անվտանգության ծառայության տնօրենի վարձատրությունն է. մարզպետը վարձատրվելու էր ավելի քիչ, քան թաղապետի տեղակալը:
Սակայն մայիսի 8-ին նախագիծը հանվեց օրակարգից, քանի որ անհամաձայնություններ կային նաեւ իշխող «Իմ քայլը» խմբակցության ներսում, իսկ ընդդիմադիր խմբակցություններն էլ ասել էին, որ իրենք կողմ չեն քվեարկի նախագծին, եթե այն փոփոխության չենթարկվի: Եվ չնայած այն չընդունվեց եւ պետք է փոփոխվեր, սակայն մինչ այժմ այդ առնչությամբ որեւէ նորություն առկա չէ, եւ հայտնի չէ, թե նախագծի նոր տարբերակը երբ կքննարկվի: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քաղաքային իշխանությունները չեն հրաժարվել իրենց աշխատավարձերը բարձրացնելու մտքից եւ այժմ էլ աշխատում են այդ նախագծի վրա` փորձելով գտնել այնպիսի տարբերակ, որին ընդդիմադիրները կհամաձայնեն, եւ հանրության շրջանում էլ դժգոհություններ չեն լինի: Մեր տեղեկություններով` մտադրություն է առկա այդ նախագիծը հասցնել ավարտին աշնան սկզբին եւ ներկայացնել սեպտեմբերին գումարվող առաջին նիստում:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ զրուցեց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցի հետ, որը մեր զրույցի պահին դեռ չէր ծանոթացել իրենց ընդդիմադիր գործընկերների կողմից ներկայացված տարբերակին եւ չցանկացավ գնահատական տալ` նշելով, թե այդպիսի հարցերը պետք է մանրակրկիտ քննարկում անցնեն խմբակցությունում կամ համապատասխան հանձնաժողովներում: Դրա փոխարեն խմբակցության քարտուղարն ընդգծեց, թե միանշանակ կողմ է, որ պետք է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրանան, քանի որ նրանք պետք է լավ վաստակեն: Ամեն դեպքում, խմբակցության քարտուղարը դժվարացավ ասել, թե ինչու է ուշանում արդեն քաղաքային իշխանության կողմից մշակվելիք նախագիծը:
Իսկ մինչ այդ ընադիմադիր «Լույս» խմբակցությունը դիմել է քաղաքապետին իրենց նախագիծն արտահերթ նիստում քննարկելու համար:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱԶԱՏՎՈՒՄ ԵՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՑ
ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն որոշել է ազատվել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի ներկրած ավտոմեքենաներից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը վաճառքի է հանել 2 ավտոմեքենա` Բիդ մակնիշի: Byd F3-ի եւ Byd F6-ի մեկնարկային գները կազմում են 2 մլն դրամ: Երկու ավտոմեքենաներն էլ 2011 թվականի արտադրության են, փոխանցման տուփը` ավտոմատ, հանգույցները գտնվում են նորմալ աշխատանքային վիճակում, թափքի որոշ հատվածների վրա կան քերծվածքներ, որոնք ենթակա են կոսմետիկ վերանորոգման: Հետաքրքիր է` ինչու է ԴԱՀԿ-ն փորձում ազատվել շահագործման ենթակա մեքենաներից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավտոմեքենաների աճուրդը կկայանա օգոստոսի 5-ին: Այս փաստը հետաքրքիր է այն առումով, որ ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող, բայց արդեն սնանկացած «Քեթրին գրուպ» ընկերությունն է Հայաստանում ճապոնական արտադրության BYD ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչը հանդիսացել, եւ նրանք են այդ մեքենաները ներկրել: Տեղեկացնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը 2011-2016թթ.-ի ընթացքում իրեն վստահված պետական միջոցներով ԴԱՀԿ ծառայության կարիքների համար նախատեսված գնման գործընթացում իր կողմից հիմնադրված «Քեթրին գրուպ»-ից ձեռք է բերել ընդհանուր 211 մլն 158 հազար դրամ արժողությամբ 32 հատ «Բիդ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից 20 հատը` 20 մլն դրամից ավելի բարձր գնով, ինչի հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:
ԶՈԴԻ ՎԹԱՐԻ ՎԱՐՈՐԴԻ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ
Հուլիսի 6-ին Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա ողբերգական վթարի գործով «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդը հարցաքննվել է: Հետաքրքիր է, որ նա իրավապահներին ցուցմունք է տվել եւ ընդամենը ասել, որ ոչինչ չի հիշում: Հիշեցնենք, որ վերոնշյալ օրը «Տոյոտա Հիլուքս», «Գազել» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները բախվել էին, ինչի հետեւանքով գազելի 7 ուղեւորները մահացան: Նախաքննական մարմինը «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդ Սողոմոն Հակոբյանին Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով մեղադրանք է առաջադրել ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով («Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»), եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Սակայն հետաքրքիր է, որ նա այդ օրվա հետ կապված ոչինչ չի հիշում: Նշենք, որ Սողոմոն Հակոբյանը դեռեւս գտնվում է հիվանդանոցում:
ԿԱՅՑԵԼԵՆ
Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննության կատարման նպատակով ձեւավորված հանձնաժողովը ղեկավարելու է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լեւոն Հակոբյանը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ հանձնաժովը մտադիր է հուլիսի 25-ին այցելել Մանվել Գրիգորյանին: Այսպիսով, դատարանը որոշում է կայացրել փորձագետներին հրավիրել դատարան եւ քննարկել նրանց բացարկ հայտնելու հարցը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Մանվել Գրիգորյանի գործով նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել էր Գրիգորյանի առողջական վիճակի հարցով միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ դատախազների միջնորդությունը` փորձաքննության կատարումը հանձնարարելով Առողջապահության նախարարության համապատասխան մարմնին:
ԿՄԵԿՆԻ ՎՐԱՍՏԱՆ
Հուլիսի 24-ից 25-ը Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Վրաստան: Նախատեսվում են բանակցություններ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, որի արդյունքներով երկու ԱԳ նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Նախարարը հանդիպումներ կանցկացնի Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի եւ Խորհրդարանի ղեկավար Արչիլ Տալակվաձեի հետ:
10.000 ԴՐԱՄԱՆՈՑ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել Երեւանում գործող դեղատներից մեկում կեղծ թղթադրամների իրացման վերաբերյալ: Բացահայտվել է կեղծ թղթադրամներ իրացրած անձը եւ թղթադրամների պատրաստման եղանակը: Նախնական տվյալների համաձայն` ՀՀ քաղաքացին տպարանում պատվիրել է տպագրել 10.000 դրամանոց թղթադրամներ` կասկած չհարուցելու համար դրանց ներքեւի հատվածում նշելով` «տպագրված է նկարահանման համար»: Այնուհետեւ նշված թղթադրամների վրայից գրառումները կտրել եւ կեղծ թղթադրամներն իրացրել է Երեւանում եւ տարբեր մարզերում: Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են լազերային տպիչ սարքերը եւ 368 հատ դեռեւս ոչ վերջնական տեսքի բերված 10 հազար դրամանոց կեղծ թղթադրամներ: Հարուցվել է քրգործ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածով: Միջոցներ են ձեռնարկվում` շրջանառության մեջ դրված կեղծ թղթադրամների այլ նմուշներ հայտնաբերելու եւ իրացման այլ դեպքեր բացահայտելու ուղղությամբ: